Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ՛Ն ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐ

Հուլիս 30,2003 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ՛Ն ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐ Ստեղծագործական միությունները դժգոհ են Կասկադի վերականգնման նախագծերից Երեկ մի քանի ստեղծագործական միություններ եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հավաքվել էին Ժուռնալիստի տանը՝ արտահայտելու իրենց անհանգստությունը Կասկադի վերականգնման առնչությամբ, որի իրավունքը տրվել է «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամին։ Ճարտարապետների, նկարիչների, գրողների, ժուռնալիստների, թատերական գործիչների միությունների նախագահներին մտահոգում էր հատկապես Կասկադի հեղինակների (Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան, Ասլան Մխիթարյան) հետ հաշվի չնստելը։ Իսկ ասուլիս հրավիրելը արդարացվեց նրանով, որ չեն ցանկանում կատարվածից հետո խոսել, ինչը հաճախ պարապ կրակոցի հնչողություն է ունենում։ «Կասկադ համալիրը քաղաքաշինական կարեւոր օբյեկտ է, բացի դրանից, այն կրում էր Հայաստան անունը եւ խորհրդանշում էր մեր պատմությունը։ Ուրախ ենք, որ մեր սփյուռքի հայրենակիցներն ուզում են իրենց լուման ունենալ այն բարեկարգելու գործում, բայց համաձայն չենք, որ հաշվի չառնվի հեղինակային իրավունքը»,- հայտարարեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։ Նաեւ տեղեկացրեց, որ այդ մասին արդեն նամակով հայտնել են նախագահ Քոչարյանին։ Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանն էլ ընդգծեց, որ դեմ է անհասկանալի ժամկետներով ամեն ինչ վաճառելուն եւ ցանկանում է Երեւանը տեսնել այնպես, ինչպիսին այն տեսել ու պատկերացնում է։ «Կարծում եմ, ինձ նման էլի մարդիկ կլինեն, որ օրենքներն այնքան լավ չգիտեն, բայց մի բան բոլորն էլ կիմանան՝ այսօր աշխարհում կա հեղինակային իրավունք հասկացությունը։ Եթե «Գաֆեսճյան» հիմնադրամը նման հսկայական գործի տակ է մտել եւ ուզում է մեզ հարուստ ժառանգություն թողնել, թող բարի լինի խորհրդակցել Կասկադի հեղինակների հետ։ Իսկ իր ուզած թանգարանը թող կառուցի Կասկադի մոտերքում ու օտար մարմին չդնի նրա վրա»,- ասաց ԹԳՄ նախագահը։ Արտահայտվողների մեջ ամենազգուշավորը Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էր։ Նա սկզբում ասաց, որ ամեն նոր բան պետք է Երեւանի համար նախեւառաջ ընդունելի լինի, հետո էլ ավելացրեց. «Ամեն դեպքում, կարծիք հայտնելուց առաջ դեռ պիտի ուսումնասիրել պայմանագիրը»։ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն էլ փաստեց, որ քաղաքում արդեն կամաց-կամաց գեղարվեստական մթնոլորտ է ձեւավորվել ու «Գաֆեսճյան» հիմնադրամը պիտի պահպանի այդ ավանդույթը. «Թե չէ սովորել ենք դրսից անընդհատ ինչ-որ պապա կամ փորձագետ բերել, որ մեզ թելադրի իր կարծիքը»։ Լարվածությունը փորձեց մեղմել Նարեկ Սարգսյանը։ Նա կարեւորեց Գաֆեսճյանների նախաձեռնությունը, ասելով, որ նրանց ու քաղաքապետարանի շահերը Կասկադի պարագայում համընկնում են, քանի որ վերջապես հնարավորություն է ստեղծվել ավարտին հասցնել շինարարությունը։ Եվ, որ ամենակարեւորն է. «Շինարարությունը մշակութային բնույթի է։ Կասկադում ռեստորան կամ խանութ չի կառուցվում»։ Պրն Սարգսյանը նաեւ, իբրեւ քաղաքի գլխավոր ճարտարապետ, հավաստիացրեց, որ հիմնադրամն ամեն ինչ անելու է, որ պահպանվեն Կասկադ համալիրի ներդաշնակ լուծումները։ «Քաղաքապետարանը չի կարող արգելել որեւէ կազմակերպության ցուցահանդես կազմակերպել։ Ճարտարապետական նախագծերի մրցույթն էլ ինչ-որ առումով ցուցահանդես էր,- արդարացավ նա։- Կարեւորն այն է, որ մենք ի վիճակի ենք Կասկադը լիարժեք ապահովագրելու հնարավոր խեղաթյուրումներից։ Քաղաքապետարանը հետեւողական կլինի Կասկադի անավարտ մասի շինարարության ժամանակ, որ հեղինակային իրավունքի խնդիրները չոտնահարվեն»։ Լրագրողներից մեկի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում «Գաֆեսճյան» հիմնադրամի գործադիր Ջոն Ուոթերսի հայտարարությանը, թե Հայաստանում չկան միջազգային չափանիշներին համապատասխան ճարտարապետներ, Ն. Սարգսյանը պատասխանեց. «Ես Ջոն Ուոթերսին արդեն ասել եմ, որ մերոնք պարզապես նման խնդիր չունեն մեր երկրում։ Խնդրել եմ, որ նման արտահայտություններ չհնչեն, քանի որ դրանք վիրավորում են մեր արժանապատվությունը»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել