Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում ենք տրոհված «Նաիրիտի» վերամիավորում

Հուլիս 31,2003 00:00

Պահանջում ենք տրոհված «Նաիրիտի» վերամիավորում Պետական սեփականության 80% բաժնեմաս ունեցող «Նաիրիտ» ԲԲ ընկերությունում սկսվել է լուծարման գործընթաց։ Այդ գործընթացը միանշանակորեն չի ընդունվում ընկերության բազմաթիվ բաժնետերերի, տարբեր տարիներ այստեղ աշխատած գիտատեխնիկական մտավորականության ներկայացուցիչների կողմից։ Խնդրին առնչվող հուզական լիցքն այնքան մեծ է, որ բաժնետերերը հունիսի վերջին բոյկոտեցին ԲԲԸ տարեկան ընդհանուր ժողովը, որի օրակարգում ընդգրկված էր նաեւ ընկերության լուծարման հարցը։ Մարդկանց դժվար չէ հասկանալ։ Մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքում բաժնետեր դառնալով՝ նրանք հետագայում փաստորեն զրկվեցին այդ գործընթացներին լիարժեքորեն մասնակցելու հնարավորությունից եւ այսօր լուրջ մտավախություն ունեն, որ այս կերպ տեղի է ունենում արդեն իսկ բաժանվածի վերաբաժանում՝ առոչինչ դարձնելով իրենց բաժնեմասը։ «Նաիրիտի» բաժնետերերը միաժամանակ համոզված են, որ բովանդակային առումով խոցելի էր եւ իր նպատակին չծառայեց նաեւ ՀՀ կառավարության 2000թ. դեկտեմբերին ընդունած թիվ 875 որոշումը, որով նախկին գիտաարտադրական միավորումը տրոհվեց առանձին մասերի՝ վերակազմակերպվելով «Նաիրիտ» ԲԲԸ, «Նաիրիտ-1» եւ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ների։ Ընկերության գույքը, ինժեներական սարքավորանքը, շենքերն ու շինությունները բաժանվեցին՝ ավելի շուտ ելնելով առանձին մարդկանց ամբիցիաներից ու խմբային շահերից, քան արտադրության հետագա կազմակերպման օբյեկտիվ պահանջներից։ Տրոհման հետեւանքով «Նաիրիտ-1» հիմնական տեխնոլոգիական համալիրից (ներկայումս՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ) անջատվեցին նախկին պոլիմերների գիտահետազոտական ինստիտուտն ու նախագծային բաժինը, իսկ 2000թ. հոկտեմբերին «Նաիրիտ» ԲԲԸ տնօրենների խորհուրդը որոշեց «Նաիրիտ գործարանը» զրկել իր գիտատեխնիկական պոտենցիալի մաս կազմող արխիվներից, պատենտավորված ու դեռեւս չպատենտավորված մտավոր սեփականությունից։ Կառուցվածքային փոփոխության բուն նպատակը՝ «Նաիրիտի» բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովում, ներդրումների ներգրավում, կուտակված պարտքերի աստիճանական մարում, այդպես էլ չիրագործվեց։ ԲԲԸ-ն օտարեց միավորմանը պատկանող մի շարք օբյեկտներ՝ Աղվերանի պանսիոնատը, մարզադաշտը, մշակույթի կենտրոնը, մանկական ճամբարը, որոնք ստեղծվել էին նաիրիտցիների մի քանի սերունդների ջանքերով եւ որոնց կորուստը, կանոնավոր աշխատավարձ չստանալու ֆոնի վրա, մարդիկ առավել ցավագին են ընդունում։ Անմխիթար վիճակի մեջ է հայտնվել «Նաիրիտի» մյուս բեկորը՝ «Նաիրիտ-2»-ը. փոշեցրվում է գիտական պոտենցիալը, փորձարարական գործարանը տարիներով պարապուրդի մեջ է։ Շատ մեծ ընդմիջումներով աշխատավարձ ստացող մարդիկ մեկ անգամ չէ, որ դիմել են երկրի բարձրագույն իշխանություններին՝ օժանդակելու ընկերությունների վերաձուլմանը եւ նպաստելու նախկինում գոյություն ունեցած գիտատեխնիկական փոխլրացնող կապերի վերահաստատմանը։ «Նաիրիտ» ԲԲԸ բաժնետերերը առաջադրում են պարզ հարցեր եւ ակնկալում նույնպիսի պատասխան. «Եթե տրոհման արդյունքում բոլոր երեք ստորաբաժանումներում էլ գործերի վիճակը չէր բարելավվելու եւ պարտքերը չէին նվազելու, ապա ինչո՞ւ բաժանեցիք եւ, եթե այն արդեն կատարված փաստ է, մի՞թե չի կարելի նույն այդ օրենքի շրջանակներում վերանայել «Նաիրիտի» կառուցվածքը՝ վերադառնալով նախկին ռացիոնալ, օպտիմալ ձեւերին»։ Բաժնետերերի այս առաջարկը քննարկումների սեղանին դրվելու լուրջ հիմքեր է ձեռք բերում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի եւ նրա հավատարմագրային կառավարումն ստանձնած «Տրաստ» ընկերությունների աշխատանքային համագործակցության հուսադրող մեկնարկի պայմաններում, երբ կաուչուկների թողարկման բազմատոննաժ գործարանը վերստին աշխատում է, իսկ մարդիկ սկսել են աշխատավարձ ստանալ։ Բաժնետերերը համոզված են, որ քննարկման մոտեցումները կարող են տարբեր լինել։ Նպատակը պետք է լինի մեկը՝ աջակցել «Նաիրիտի» նորմալ կենսագործունեությանը, ավելին՝ չկորցնել այն։ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ լրատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել