Լրահոս
Օրվա լրահոսը

Անտառահատումները՝ սողանքների առաջացման

Սեպտեմբեր 06,2003 00:00

Անտառահատումները՝ սողանքների առաջացման գլխավոր պատճառ Վանաձորյան անձրեւն արդեն տասը տարի սելավաջրերով է ողողում Գայի փողոցի բնակելիները: Փողոցի հին բնակիչներն առաջին անգամ նման աղետի վկան են դարձել 1995-ին: «Անցյալում նման երեւույթներ չեն եղել, ինչ անտառը սկսեցին կտրել, հողը թուլացավ ու ամեն անձրեւից հետո տներն ու փողոցներն է լցվում»,- ասում են արդեն նախկին անտառի լանջին բնակվող վանաձորցիները: Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության Լոռու մարզային վարչության ավագ սպա, կապիտան Կարեն Հովհաննիսյանի տեղեկություններով շուրջ 35 հեկտար տարածք հեղեղից ու հորդառատ անձրեւներից հետո վտանգավոր է դառնում: Լոռու մարզում շուրջ 1900 հեկտար տարածք սողանքավտանգ գոտի է համարվում: Սողանքները սպառնում են շուրջ 18 բնակավայրերի: Վտանգավորության բարձր աստիճանի է հասել Թումանյանի տարածաշրջանի Կաճաճկուտ գյուղը, որտեղ դեռեւս խորհրդային տարիներից երկրաբանական տարբեր երեւույթների զարգացման պատճառով հողակտորները համարվել են տարբեր բարդության տարածքներ, եւ հողը սեփականաշնորհել հնարավոր չի եղել: Բնակավայրն ընդգրկում է 20 հեկտար տարածություն, որն ամբողջությամբ տեղաշարժման վտանգի եզրին է: ՀՀ կառավարությունում ընթացքի մեջ է Կաճաճկուտի հողերի սեփականաշնորհման գործընթացը: Ինչպես հավաստում է Լոռու մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը, արդեն սեփականաշնորհված հողում գյուղացին կարող է կատարել կապիտալ միջոցառումներ՝ սողանքային մասում պատ շարել, ծառ տնկել՝ այդ կերպ կանխելով երեւույթը: Լոռու մարզի այլ հատվածներում, հատկապես անցած գարնանը նկատվեցին սողանքային երեւույթներ, որոնք շարունակվում են մինչեւ հիմա: Գուգարքի Հալավար, Շահումյան եւ Վահագնի համայնքները գարնանը մեծապես տուժեցին սողանքներից: Ըստ Շահումյանի գյուղապետի տեղակալ Արսեն Մամյանի՝ գյուղի 6-7 տնտեսություն վնասվել է, որից 2-ն արդեն տեղափոխվել է այլ բնակավայր: Սողանքից տուժել է նաեւ 3 հեկտար վարելահող: Լոռու մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը եւ վարչության գլխավոր մասնագետ Հովիկ Բեկչյանը պնդում են, որ մարզում սողանքների առաջացման հիմնական պատճառը անտառահատումներն են: Սողանքավտանգ տարածքներ են համարվում նախկին անտառային գոտիները: Վերջին տասը տարում մարզի 100.000 հա անտառներից հատվել է 30.000 հեկտարը: 10.000-12.000 հեկտարն իսպառ բնաջնջվել է, եւ այժմ այդ տարածքները գնահատվում են որպես սողանքային օջախներ: Անտառների խտությունը որոշ վայրերում 10-ից հասել է 0.3-ի, իսկ 0.2 խտությամբ տարածքն արդեն համարվում է նոսր անտառ: «Կախված տվյալ տարածքի ընդերքային, երկրաբանական հատկանիշներից՝ դրանք կարող են կամ ակտիվանալ, կամ էլ պասիվանալ»,- ասում է Վոլոդյա Բունիաթյանը: Այս տարի մարզում վերականգնվել է մոտ 137 հեկտար անտառային տարածք: Ծառատնկման աշխատանքների 60%-ը կատարվել է մարզի ողջ տարածքում, իսկ մնացած մասը՝ Օձուն գյուղի շրջակայքում: Ինչպես բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Հովիկ Բեկչյանն է հավաստում, պետական առաջադրանքով 2000թ-ից մինչեւ հիմա մարզում տնկվել է 200 հեկտար անտառ: Տարբեր կազմակերպությունների կողմից վերականգնվել է 300 հեկտարը, որի արդյունավետությունն, ըստ Բեկչյանի, հասնում է 10-20%-ի, քանի որ տնկման աշխատանքներից հետո տնկիների պահպանմանն ուղղված հետեւողական աշխատանք չի տարվում: ՆԱԻՐԱ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930