Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՅԱԲԱԲԱՅԻՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏ

Սեպտեմբեր 09,2003 00:00

ՔՅԱԲԱԲԱՅԻՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏ Մահապատժի վերացման շուրջ ելույթները շարունակվելու են այսօր, սակայն երեկ հնչածներն արդեն հասցրին ապշեցնել իրենց, շա՜տ մեղմ ասած՝ անշրջահայեցությամբ: Քննարկումների սկզբում, երբ Վիկտոր Դալլաքյանն ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունից համազեկուցողին՝ «Գրանդ Քենդիի» ղեկավար Արմենուհի Հովհաննիսյանին ասաց, որ Էդվարդ Շեւարդնաձեն վերջերս հայտարարեց, թե սխալվել են՝ վերացնելով մահապատիժը, տիկին պատգամավորը համարձակ հայտարարեց. «Չեմ գտնում, թե պետք է համեմատվենք Վրաստանի հետ: Իրե՛նք մեզնից սովորելու բան ունեն եւ ոչ թե մենք՝ իրենցից»: Քիչ անց էլ արտառոց համեմատություն արեց: Երբ պրն Դալլաքյանն ասաց, որ մահապատիժը վերացնելուց հետո Իտալիայում շատացել են վենդետաները՝ տիկին Արմենուհին ասաց. «Միջնադարյան Անգլիայում, երբ գողության համար մարդ էին կախաղան հանում, հենց նույն հրապարակում նորից գողություն էին անում»: Սակայն ամենաարտառոցը պատգամավոր Սերգեյ Իսրայելյանի ելույթն էր. «Այսօր շատ ճակատագրական ժամ է մեր ազգի համար: Պիտի պատասխան տանք կա՛մ մեր ազգին, կա՛մ էդ չարաբաստիկ Եվրոպային»: Առավել տխուր էր, որ այդ եւ հետագա որակումներն անողն արվեստագետ մարդ է, եւ անդամն «Արդարություն» խմբակցության, որն այլ առիթներով մեջբերում է ընտրությունների վերաբերյալ եվրոպական կառույցների գնահատականները: «Ինչքա՛ն ստրուկ լինեք՝ էնքա՛ն ձեր գլխին նստելու են: Ամերիկան էլ է տենց՝ իրենն է թելադրում,- ասաց պրն Իսրայելյանը:- Եվրոպան շատ շուտ շպրտելու է մեզ դուրս, որովհետեւ դրանք կուշտ երկրի օրենքներ են: Փչացա՛ծ Եվրոպան, որտեղ պոռնկությունը զարգացել է, բերեց մեզ մոտ մտցրեց՝ աղանդների ավանդույթները, պեդերաստների կլուբը: Տո՛ Եվրոպայի հերն էլ անիծած… Միեւնույն է՝ հայերին իրենց քյաբաբն է մնացել, ժուլիենով չեք փոխի»: Ընդդիմադիր պատգամավորը, փաստորեն, գերազանցեց հայոց մենթալիտետի մասին Սերժ Սարգսյանի դիտարկումները: Թերեւս «քյաբաբ ուտելը» ենթադրում է նաեւ ընտրություններ կեղծելու ազգային ավանդույթը: Ստիպված ենք արձանագրել, որ ե՛ւ մեր իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը հավասարապես՝ եվրոպական արժեքները դավանող է դառնում ըստ քաղաքական նպատակահարմարության: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել