Լրահոս
Օրվա լրահոսը

Նեկրոբիզնեսը ծաղկում է

Սեպտեմբեր 18,2003 00:00

Նեկրոբիզնեսը ծաղկում է Ավանում՝ երրորդ գերեզմանատունը Երեկ Ավան համայնքի Չարենց եւ Դուրյան թաղամասերի բնակիչներից խմբագրությունն ահազանգ ստացավ, որ նշյալ հասցեին հարող սարալանջին գերեզմանատուն են հիմնում։ Բնակիչների բողոքներին արձագանքեցինք՝ փորձելով տեղում պարզել։ Շրջապատի բարձրահարկ 6-9 շենքերի բնակիչները հավաքվել էին փողոցում եւ Ավանի թաղապետարանի ներկայացուցիչներին հավատացնում էին, որ թույլ չեն տա բնակելի շենքերին այդքան մոտ գերեզմանատուն հիմնել։ Իսկ մինչ այդ վրդովված քաղաքացիները խոչընդոտել էին նախորդ օրվանից սկսված շինաշխատանքները։ Բնակիչների խոսքերով, մինչեւ 1990 թվականն այդ տեղում պտղատու այգիներ են եղել, որտեղ մարդիկ իրենց հանգիստն են կազմակերպել. «Մութ ու ցուրտ տարիներին ծառերը հատվեցին, բայց սարալանջը չդադարեց երեխաների համար խաղատեղի, իսկ մեծերի համար՝ զբոսնելու վայր ծառայել։ Այժմ մեր շենքերին կպած գերեզմանոց են հիմնում։ Շրջապատում ոչ մի խաղահրապարակ, մարզադպրոց չկա, որպեսզի երեխաները զբաղվեն, գերեզմանատան փոխարեն թող նման վայրեր հիմնեն»,- բողոքում էին բնակիչները։ Բնակիչները նաեւ պատմեցին, որ ամռանն ինչ-որ մարդկանց կողմից այդ շենքերի բնակիչների շրջանում ստորագրահավաք է կազմակերպվել, թե արդյոք համաձա՞յն են այդ տարածքում սպորտային հրապարակ կառուցելուն, ինչին բնակիչներն ուրախությամբ են արձագանքել։ Ի դեպ, նոր հիմնադրվող գերեզմանատունը Ավան թաղամասում թվով երրորդը կլինի։ Համայնքի թաղապետի տեղակալ Սամվել Ռումաշյանից տեղեկացանք, որ թաղապետարանը երեկ համապատասխան գրություն է ուղարկել քաղաքապետարան, որպեսզի գերեզմանատան տարածքը բնակելի շենքերից շուրջ 300 մետր հեռու տեղափոխվի։ Իսկ մեր այն դիտարկմանը, որ գերեզմանատները սովորաբար ընդլայնվում են նախատեսված սահմաններից, Ս. Ռումաշյանը պատասխանեց. «Մենք գերեզմանատունը հիմնողին կպարտադրենք, որպեսզի նոր նախագիծը հաստատվելուց հետո տարածքը պարսպապատի, հետո միայն գործունեություն ծավալի»։ Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել