Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՆԿԱՑՈՒՄ՝ ՆԱԵՎ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 18,2003 00:00

ԹԱՆԿԱՑՈՒՄ՝ ՆԱԵՎ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ Սեպտեմբերի 1-ից բարձրացել են Ազգային գրադարանի հնատիպ, հազվագյուտ եւ արխիվային, ինչպես նաեւ հավաքածուների ու նվիրատվությունների ֆոնդերից օգտվելու գները։ Նախկինում մեկ ամսվա դիմաց գանձվող 20 դրամը դարձել է 50-ից 500 դրամ, ինչից սրտնեղած գիտնականների մի խումբ դիմել էր թերթի օգնությանը։ Բնականաբար, ցանկացած թանկացում հիմնավորվում է «այլ ելք չունեինք», «նպատակն այն է, որ», «հարեւան երկրում վաղուց են թանկացրել» եւ այլ արտահայտություններով։ Գրադարանի տնտեսական գծով փոխտնօրեն Շոթա Քերոբյանը նախ նշեց, որ «այդ գիտնականները ոչ թե ձեզ, այլ պետությանը թող բողոքեն, որ իրենց աշխատավարձերը բարձրացնեն»։ Դրան հետեւեց թանկացման բացատրությունը. «Գրադարանը հիմա հանրային չէ, այլ՝ պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որտեղ պահպանվում են հնատիպ գրքեր։ Դրանք մեզ մոտ շատ քիչ օրինակով են՝ հարյուր-հազարավոր դոլարների արժողության գրքեր, որոնց պահպանության համար պետությունը հատկացնում է երկուսուկես անգամ ավելի քիչ, քան անհրաժեշտ է։ Այդ պատճառով էլ գրադարանը պատրաստում է հազվագյուտ գրքերի պատճենահանված օրինակներ, ինչը փող արժե, իսկ մենք որտեղի՞ց տանք»։ Փոխտնօրենը մտադիր չէ բացառություն անել առավել ցածր վարձատրվող կամ արտոնյալ կարգով օգտվելու կարիք ունեցող հետազոտողների համար, որովհետեւ «արդեն դա հաշվի առել ենք, որ այդքան քիչ ենք բարձրացրել գինը»։ Իսկ ընդհանրապես նա վստահ է, որ այս գներին էլ կվարժվեն այնպես, ինչպես եղավ, երբ 10 դրամը դարձրին 20։ «Եթե ոչ՝ թող դիմանան, մինչեւ ողջ արխիվն ու հազվագյուտ գրականությունը կանցկացվեն համակարգչային էջեր, դա էլ՝ մի քանի տարի հետո»,- ասաց Շ. Քերոբյանը։ Նրա կարծիքով, այս թանկացումը մի դրական կողմ էլ ունի՝ «հազվագյուտ գրքերից կօգտվեն միայն մասնագետները, ոչ թե ամեն պատահական հետաքրքրվող, ինչի հետեւանքով գրքերի կյանքը կերկարի»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել