Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր էր ինը տարեկան»

Սեպտեմբեր 23,2003 00:00

«Նոր էր ինը տարեկան» Ընթերցողը կողմ է, որ երեխաներին բացատրվի սիրելու արվեստը Հարգելի խմբագրություն։ Ձեր թերթում (06.09. 2003թ.) կարդացի Աննա Իսրայելյանի հարցազրույցը («Էրոտիկ ընդդիմացում») «Արդարություն» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյանը ասում է, որ ցանկացած նորմալ մարդ, նայելով սեռական առողջության եւ դաստիարակության վերաբերյալ գիրքը՝ գլուխը պիտի բռնի եւ փախչի այս երկրից, որ գրքում նկարներով ներկայացված են սեռական օրգանները իրենց ֆունկցիաներով։ Երեւի պարոն Սարգսյանը տեղյակ է, որ հին Հայաստանում, Անահիտ աստվածուհու տաճարում աղջիկները որոշակի ժամանակ զբաղվում եւ տիրապետում էին սեքսի արվեստին։ Տղամարդու եւ կնոջ սեռական օրգանները մի ժամանակ պաշտամունքի առարկա էին նաեւ Հայաստանում։ Ինչո՞ւ մարդու մարմնի ցանկացած մաս կարելի է ցուցադրել, նկարել, իսկ սեռական օրգանները՝ ոչ։ Խոսվում է էրոգեն գոտիների մասին։ Երեւի գաղտնիք չէ, որ մարդու բերանը երկրորդ էրոգեն մասն է ողջ մարմնի վրա։ Պարոն Սարգսյանը ասում է՝ մեր ընտանիքներում հայրը միշտ խորհուրդ է տվել տղաներին, իսկ մայրը՝ աղջիկներին։ Ես հիշում եմ տարիներ առաջ հայ առաջին սեռաբաններից մեկի՝ Վ. Դոդոռյանի «Առողջապահություն» հանդեսում տպագրված նյութը, որում ասված է, որ տղամարդկանց մեծամասնությունը չտիրապետելով սեքսի արվեստին, չի կարողանում կանանց հասցնել համապատասխան վիճակի։ Իսկ հանդիպման ժամանակ սոցիոլոգ, պրոֆեսոր Խռլոպյանը ասաց, որ ամոթի եւ չիմացության պատճառով տարեկան 25-30 աղջիկներ օրիորդացման պահին ստանում են հոգեկան ծանր տրավմաներ եւ տեղափոխվում հոգեբուժարան։ Ահա այսպիսին էր հայ ընտանիքի հայրը եւ մայրը եւ ինչ խորհուրդ պետք է տային նմաններն իրենց զավակներին։ Երբ ծնվեց իմ տատը, նրա մայրը տասնչորսը դեռ չէր բոլորել, իսկ հիմա երբ փորձում ենք 13-14 տարեկաններին սիրելու արվեստ բացատրել, հանդիպում ենք սոսկալի դիմադրության։ Դեռ ժամանակին «Սիրո եւ ընտանիքի էվոլյուցիան» հանրահայտ գրքի հեղինակ Ադո Ադոյանը պայքարում էր նախաամուսնական ազատ սեռական կյանքի համար։ ՀԿԿ կենտկոմում այդ միտքը ասելու համար նա նկատողություն ստացավ, բայց եւ այնպես կենտկոմականներին շպրտեց հետեւյալ խոսքերը՝ «Դուք որ յուրաքանչյուրդ տասնյակ սիրուհիներ եք պահում՝ բարոյակա՞ն է, իսկ որ սիրած տղան ու աղջիկը իրար հետ են՝ չի կարելի եւ անբարոյակա՞ն է»։ Հարգարժան Ադոյանի մահվանից հետո շատ ջրեր են հոսել։ Ուզենք թե չուզենք, գնում ենք մեր ընտրած ճանապարհով, Արեւմուտքի ճանապարհով, ուստի եւ բարի եղեք այս հարցում եւս ընդառաջելու Արեւմուտքին, իր բացասական եւ դրական բոլոր հետեւանքներով։ ԿԱՌԼԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Սյունիքի մարզային գրադարանի «Երիտասարդ ընտանիք» ակումբի խորհրդի նախագահ Տպագրելով այս նամակը, եւս մեկ անգամ շեշտում ենք խմբագրության չեզոք դիրքորոշումն այս բանավեճում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել