Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղում հատում են ընկուզենիները

Սեպտեմբեր 25,2003 00:00

Ղարաբաղում հատում են ընկուզենիները «Ղարաբաղում հատվել է 10 հազար ընկուզենի»,- ասում է ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահության հանձնաժողովի փոխնախագահ Արարատ Պետրոսյանը: ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի 2000 թ. սեպտեմբերի 2-ի թիվ 274 որոշմամբ, «Արգելվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Կարմիր գրքի մեջ մտցված հազվագյուտ, թանկարժեք եւ արժեքավոր արդյունաբերական նշանակություն ունեցող առանձին ծառատեսակների հատումը»: Այդ ծառատեսակների մեջ առաջինը նշված է ընկուզենին: Չնայած նման որոշման առկայությանը, «Մաքս-Վուդ» ընկերությունը 2001 թ. ԼՂՀ տարածքում ընկուզենիներ է հատում եւ արտահանում Իտալիա ու Իսպանիա: Ավելին, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Բ.Բախշիյանը պայմանագիր է կնքել «Մաքս-Վուդ» ՍՊԸ-ի տնօրեն Հ.Հարությունյանի հետ: Ահա պայմանագրի 1-ին կետը. «ԼՂՀ-ն վաճառում է, իսկ «Մաքս-Վուդ» ՍՊԸ-ն գնում է հանրապետության անտառամերձ շրջանների եւ համայնքների տարածքներում գտնվող վնասված, չորացած, հիվանդ, ոչ բերքատու կամ սանիտարական հատումների ենթակա ընկուզենու ծառեր՝ իրենց կոճղարմատներով»: Զարմանալի է, իհարկե, որ այդ ընկերությունը փչացած, վնասված ծառեր է արտահանում Ղարաբաղից: Մասնագետներն ասում են, որ Իսպանիա եւ Իտալիա առաքվող փայտանյութը ամենաբարձր որակի է: Այդ փայտանյութն օգտագործվում է հրազենի խզակոթերի պատրաստման եւ մեքենաների ներքին հարդարման մեջ: Արարատ Պետրոսյանը մեր հանդիպման ժամանակ նշեց նաեւ, որ կան բնակավայրեր, որտեղ հատել եւ արմատախիլ են արել գերեզմանոցների ընկուզենիները: Արդյունքում վնասվել են նաեւ գերեզմանաքարերը: Ղարաբաղում «Մաքս-Վուդի» ներկայացուցիչներն են Մհեր Բագրատյանն ու իսպանացի Էնրիկե Վիվեր Կամինը: Նշենք նաեւ, որ երեք տարի առաջ «Մաքս-Վուդի» իսպանացի ներկայացուցիչը Տավուշի մարզի Կողբ գյուղում հիմնել էր փայտի չորանոց: Ընկերության գործունեությունը մեծ վնաս պատճառեց հատկապես Զիկատար հանդամասին: Նա ընտրում եւ հատում էր տարածքի լավագույն ծառերը: Անտառտնտեսությանը եւ տեղացիներին պարտք մնալով՝ իսպանացին փայտի բիզնեսն այսօր շարունակում է Արցախում: Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահության հանձնաժողովի փոխնախագահ Արարատ Պետրոսյանի բազում բողոքներից հետո ԼՂՀ Ազգային ժողովում ստեղծվել է հանձնաժողով ընկուզենիների հատման օրինականությունը ուսումնասիրելու համար: Սակայն դժվար թե հանձնաժողովի ուսումնասիրությունից որեւէ բան փոխվի: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել