Լրահոս
Օրվա լրահոսը

Նավարկություն յոթ ծովերով

Սեպտեմբեր 25,2003 00:00

Նավարկություն յոթ ծովերով Գալիք տարվա գարնանը Բաթում քաղաքից իր պատմական նավարկությունը կսկսի 13-րդ դարի մանրակերտերից վերականգնված «Կիլիկիա» անվանումը կրող նավը։ Հիշյալ նախաձեռնությունը իրականացնում է հայ նավագնացության եւ նավաշինության խնդիրներով զբաղվող «Այաս» ակումբը։ Ծովային երկար հետազոտությունների արդյունքում ակումբի մասնակիցների մեջ ծնվեց միջնադարյան հայկական առագաստանավ ստեղծելու գաղափարը։ Ծովային արկածների սիրահարները, ակումբի նախագահ եւ առագաստանավի նավապետ Կարեն Բալայանի ղեկավարությամբ կնավարկեն յոթ ծովերով, շրջանցելով Եվրոպան։ Բաթում քաղաքից կձեռնարկվի արշավ հին ծովային առեւտրական երկրներով՝ Սեւ եւ Միջերկրական ծովերով, Ատլանտյան օվկիանոսով, իսկ վերջին հանգրվանը կլինի Ամստերդամ քաղաքը։ – Ժամանակին եղել է միջերկրածովային Կիլիկիա անունով մի երկիր, որտեղ հայեր էին բնակվում եւ գրեթե չորս դարերի ընթացքում առեւտուր էին իրականացնում Եվրոպայի եւ Ասիայի միջեւ։ Կիլիկիայում կար մի նավահանգիստ եւ հայկական ռազմական առագաստանավ, որոնք կրում էին «Այաս» անունը, ինչն էլ հետագայում դարձավ նավերի եւ ծովի սիրահարների ստեղծած «Այաս» ակումբի անվանումը,- պատմում է ակումբի անդամ Կարեն Դանիելյանը։ Ատաղձագործները եւ կոնստրուկտորները հնարքներ են գտել, որպեսզի նավաշինարարները չգայթակղվեն ժամանակակից տեխնիկայի հնարավորություններով եւ չխախտեն նավաշինության միջնադարյան տեխնոլոգիան։ Սակայն միայն արտաքինը չէ, որ պետք է լինի միջնադարյան ոճով։ Նավաստիների հանդերձանքը, նավի ողջ սպասքը եւ, իհարկե, խոհանոցային ճաշատեսակները, համապատասխանելու են այն ժամանակվա ավանդույթներին։ Պրն Դանիելյանի խոսքերով, նավակազմի ընտրությունը բավական դժվար կլինի՝ նավի վրա չի թույլատրվելու ծխել կամ, ասենք, ճաշացանկի մեջ կբացակայի կարտոֆիլը, քանի որ այն ժամանակ դրանք չեն եղել։ Սկզբունքորեն պահվելու է նավի հնաոճ տեսքը։ Ճանապարհորդությունը իրականացնելու համար այսօր հիմնական պրոբլեմը մնաց ֆինանսավորումը։ Այդ առումով, ինչպես նշեց պրն Դանիելյանը, ակումբը բաց է առաջարկությունների համար: Ճանապարհորդության ժամանակ անցկացվելու են գովազդային ակցիաներ, մշակութային բազմաբնույթ միջոցառումներ։ Տարբեր երկրներում կներկայացվեն հայրենական արտադրության գինիներ, կոնյակ, բաստուրմա եւ այլն։ Իսկ մշակութային եւ պատմական արժեք ներկայացնող հուշաքարերը, խաչքարերը, գրքերը կհանվեն նաեւ վաճառքի։ Այն հարցին, թե արդյո՞ք սա է լինելու «Կիլիկիա» նավի միակ նավարկությունը, պրն Դանիելյանն ասաց, որ իրենց առաջարկվել է անցնել Կոլումբոսի ճանապարհը, սակայն նավի հետագա ճակատագիրը կորոշվի առաջին ճանապարհորդությունից հետո միայն։ Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել