Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՊԵՐՆ» ԻՐ ԽԱՂԸ ԽԱՂԱՑ

Սեպտեմբեր 26,2003 00:00

«ԱՊԵՐՆ» ԻՐ ԽԱՂԸ ԽԱՂԱՑ Ըստ որոշ պնդումների քրգործը քննող խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանը հայտնվեց դատարանում Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով դատավարության երեկվա նիստը հենց սկզբից կես ժամով հետաձգվեց ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի՝ «Ապերի» պաշտպան Հոկտեմբեր Քարամյանի միջնորդությամբ: Վերջինս հայտարարեց, թե իրեն վատ է զգում: Ու մինչ դատարանի տրամադրած կես ժամվա ընթացքում փաստաբանը դատարանի շենքի բակում ետ ու առաջ էր անում, շշուկներ եղան, թե քրգործի նախաքննությունը վարած խմբի ղեկավար, ՀԿԳ քննիչ Հեկտոր Սարդարյանն է հայտնվել դատարանում եւ ետնամուտքով մտել դատավոր-դատախազների մոտ: Ավելի ուշ, ամբաստանյալ Արմեն Սարգսյանի եղբայրը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, թե Հ.Սարդարյանը կարող է հանդիպած լինել նաեւ «Ապերի» հետ: Այդ փաստը ոչ հերքել, ոչ հաստատել հնարավոր չէր, որովհետեւ ընդմիջման ժամանակ դատարանի դահլիճը դատարկված եւ դռներն էլ ամուր փակված էին: Ընդմիջումից հետո արդեն հստակ էր, որ դատն ավելի երկար ժամանակով է հետաձգվելու: Նիստը սկսվելուն պես փաստաբան Հ.Քարամյանը պնդեց իր միջնորդությունը եւ՝ ո՛չ մեղադրողները, ո՛չ պաշտպանական կողմը չառարկեցին, իսկ ամբաստանյալների կարծիքը հարցնող էլ չեղավ: Դատավորը չփորձեց կողմերի հավասարության սկզբունքը գոնե ձեւականորեն պահպանել եւ հարցնել նրանց ու, մասնավորապես, «Ապերի» կարծիքը, նկատի ունենալով, որ խոսքն ուղղակիորեն առնչվում է վերջինիս շահերին եւ գուցե նա դեմ չէր լինի առանց պաշտպանի մասնակցության ցուցմունքներ տալ: Այդուհանդերձ, դատն ընդմիջվեց մինչեւ երեքշաբթի: Արամ Սարգսյանի դիտարկմամբ, դատական նիստի հետաձգումն ուղղակիորեն կապված է Հ.Սարդարյանի՝ դատարանի շենքում հայտնվելու հետ: Իբրեւ այդ համոզման փաստարկ Ա.Սարգսյանը հիշեցրեց նախորդ նիստը, երբ Հովհաննես Հարությունյանը խնդրել էր իր ցուցմունքը հետաձգել, դատարանում նրան հուշել էին, որ նա կարող է հրաժարվել ցուցմունք տալուց: Ա.Սարգսյանի ասելով, մեղադրողների համար լավագույն տարբերակ կլիներ, եթե «Ապերն» էլ մյուս ամբաստանյալների նման հրաժարվեր ցուցմունք տալուց. «Դատախազությունը մշակել էր սցենար, ըստ որի, ամբաստանյալները պետք է հրաժարվեին իրենց ցուցմունքներից, դատարանը նրանց բոլոր նախաքննական ցուցմունքները պետք է հրապարակեր, դա էլ «Հայլուրով» ցուցադրեին եւ ասեին՝ տեսեք ինչ է կատարվում, տեսեք, որ պատվիրատուն Արմեն Սարգսյանն է: Թե երեկվա, թե այսօրվա նիստում Հովհաննես Հարությունյանը նրանց նախատեսած սխեմայից դուրս եկավ: Դրա համար, վստահաբար ասում եմ, դատարանի տարածքում հայտնվեց քննիչ Հ. Սարդարյանը»: Ա.Սարգսյանի դիտարկմամբ, «շաբաթվա սկզբից դրված էր միանշանակորեն դատական պրոցեսն արագ տեմպերով անցկացնելու խնդիր: Ամեն օր դատական նիստ էր նշանակվում եւ դա այն դեպքում, երբ դատարանը մինչ այդ որոշել էր նիստեր անել միայն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի եւ հինգշաբթի: Դատավորը գնաց դատը հետաձգելուն՝ միանշանակորեն դատախազության հրահանգով: Կարծում եմ, որ այդ դատավորը ճիշտ կանի միանգամից դատախազների կողքին նստի եւ դատավորի տեղը թափուր թողնի»: Դեռ չորեքշաբթի տեղեկություններ կային, որ Արմեն Սարգսյանին երեկ դատարան էին բերելու, թերեւս, այն հույսով, որ «Ապերն» իր ցուցմունքները կավարտի եւ հերթը կհասնի Ա.Սարգսյանին: Երեկ, սակայն, պարզվեց, որ նրան մեկուսարանից դուրս չեն էլ բերել, ինչը նշանակում է, որ դեռ մինչեւ դատական նիստը սկսվելը համապատասխան մարմինները տեղյակ են եղել դատը հետաձգելու մասին: «Միանշանակ այդպես է, որովհետեւ երեկ արդեն համապատասխան մարմնում, որտեղ պահվում է Արմեն Սարգսյանը, հրահանգը ստացել էին, որ երեկ դատարան բերեն եւ մեզ խնդրել էին Արմենի համար տաք հագուստ բերել: Ես միայն առավոտյան իմացա, որ Արմենին չեն բերելու»,- երեկ պարզաբանեց Արամ Սարգսյանը: Ու թեեւ վերջինս հակված է կարծելու, թե «Ապերը» շեղվել է դատախազության՝ մասնավորապես Արմեն Սարգսյանի մեղքը ապացուցելու նախապես գծված սխեմայից, այդուհանդերձ, չի կարելի նաեւ բացառել, որ Հովհ. Հարությունյանը մինչեւ ցուցմունք տալը որոշել է պարզաբանումներ կամ ճշգրտումներ մտցնել իր եւ, ի դեմս քրգործի նախաքննությունը ղեկավարած քննիչ Հ.Սարդարյանի, դատախազության հարաբերություններում: Ի վերջո, դատարանում մեղադրող կողմին չհաջողվեց ամբաստանյալներից կորզել այն ցուցմունքերը, որոնք վերջիններիցս կորզվել էր նախաքննության փուլում: Այլ կերպ, կարծում ենք, դժվար թե «Ապերը» նախորդ օրը ակնարկեր իր ինչ-որ կոնսպեկտավորած ցուցմունքի մասին եւ երեկ էլ, ցանկության դեպքում, չպնդեր, թե պատրաստ է ցուցմունք տալ: Ավելի հավանական է այն տարբերակը, որ նա էլ Նաիրի Հունանյանի նման փորձում է իր համար լրացուցիչ երաշխիքներ ստանալ, որոնք նրան կարող էր այս պահին տալ քննիչ Սարդարյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930