Լրահոս
Օրվա լրահոսը

«Ար»-ն ուղղակի հեռուստադիտող էր գրավում

Հոկտեմբեր 11,2003 00:00

«Ար»-ն ուղղակի հեռուստադիտող էր գրավում Արտոնագրման մրցույթից առաջ «Ար»-ը, եւ հատկապես «Ազդարար» լրատվական ծրագիրը, բավական մեղմեց քննադատական սուր շեշտադրումները եւ դարձավ ավելի մեղմ ու զգուշավոր: Նման երեւույթ նկատվել էր նաեւ «Շանթ» հեռուստաընկերության արտոնագրման ժամանակ: Մեր հարցին՝ չի՞ կարծում, որ այս փաստերը վկայում են, թե Ազգային հանձնաժողովը ծառայում է իբրեւ անուղղակի գրաքննության մարմին, քանի որ հեռուստաընկերություններն աչքի առջեւ ունեն «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի օրինակները եւ հաշվի են առնում, որ ՀՌԱՀ-ը հակված է լռեցնել քննադատական ձայները՝ «Ար»-ի ստեղծագործական տնօրեն Մերուժան Տեր-Գուլանյանը պատասխանեց. «Համաձայն չեմ: Երբ սկսվեց «Ազդարար» լրատվական ծրագիրը, այո՛, այն «չոր» էր: Այն կայացման փուլի մեջ էր՝ բառի իսկական իմաստով եւ իր ձեւն էր գտնում»: Հետաքրքրվեցինք, թե այսինքն «Ազդարարն» ուղղակի հեռուստադիտո՞ղ էր գրավում. «Այո՛, սկզբնական շրջանում, մի տեսակ, ուզեցինք ուշադրություն հրավիրել մեզ վրա: Բայց ոչ թե, որ մենք այդպես մտածում էինք: Նպատակը դա չէր՝ ուշադրություն հրավիրելու խնդիր էր, քանի որ «Ար»-ը նոր էր սկսում: Իսկ հիմա «Ազդարարն» ընկնում է իր իրական հունի մեջ: Աստված տա, որ արտոնագիր ստանանք՝ դրանից հետո էլ կանոնավոր շարունակելու ենք տալ ճիշտ, արդարացի տեղեկատվություն: Սոցիալական խնդիրներում մենք ժողովրդի հետ ենք, քաղաքական խնդիրներում՝ ազգային անվտանգության, պետության հետ»: Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց, թե կվիրավորվի, եթե «Ար»-ը հանկարծ չստանա արտոնագիր. «Քանի որ այնպիսի խնդիրներ ենք դրել մեր առջեւ, որ ի՞նչ է նշանակում մեզ արտոնագիր չտալ՝ լավ չեմ պատկերացնի դա»: Կարծում է, թե «Ա1+»-ը նվա՞զ կարեւոր խնդիրներ ուներ, որ զրկվեց եթերից՝ հարցին պրն Տեր-Գուլանյանը պատասխանեց. «Այն կարծիքին եմ, որ «Ա1+»-ը պիտի ստանա արտոնագիր: Այն ժամանակ էլ էի այդ կարծիքին, հիմա էլ: Աստված ուզի՝ «Ա1+»-ը դուրս գա եթեր՝ շատ ուրախ կլինեմ ունենալ «Ա1+»-ի պես մրցակից»: Մեր հիշեցմանը, թե այնուամենայնիվ «Ա1+»-ի եթերազրկումից հետո ստորագրեց այն հայտարարությունը, թե խոսքի ազատությունը վտանգված չէ՝ «Ար»-ի ստեղծագործական տնօրենն արձագանքեց. «Գտնում եմ, որ Հայաստանում խոսքը երբե՛ք այնքան ազատ չի եղել, որքան հիմա»: Դրա վկայությունն էլ այն է, որ անկախ հեռուստաընկերությունները զրկվեցին եթերում գործելու հնարավորությունից՝ մեր այս դիտարկմանն ի պատասխան ասաց. «Խնդիրն այն չէ, որ այդ լրատվամիջոցները փակվել են՝ մրցույթի պայմանների խնդիրն է: Օրինակ, «Ար»-ի ներկայացրած ծրագրի թիկունքում իսկապես կա լուրջ փող եւ տեխնիկա: Շատ ցավում եմ, որ ժամանակին, երբ «Ա1+»-ը ներկայացել էր մրցույթի, որքան տեղյակ եմ մամուլից՝ լուրջ փաթեթի փոխարեն՝ ներկայացրել էր մի հոլովակ»: Նկատեցինք, թե «Ար»-ը լուրջ փողերի եւ տեխնիկայի տեր դարձավ, երբ անցավ «Գրանդ հոլդինգի» հովանու ներքո: Ա՞յդ է ճշմարիտ ուղին, որ լրատվամիջոցներն իրենց վաճառեն որեւէ գործարարի, քանի որ ինքնաֆինանսավորման պայմաններում միջոցներն ավելի համեստ են: ՀՌԱՀ-ի գործունեության մեկ այլ հետեւանքն էլ այդ է, որ հեռուստաընկերությունները ստիպված են լինում զիջել իրենց անկախությունը եւ ինքնուրույնությունը՝ հանձնաժողովի այդքան կարեւորած ներդրումներն ապահովելու համար: «Պարտադիր չէ, որ գործարարի վաճառվեն, բայց պետք է ունենան նյութական միջոցներ,- ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը:- Բայց հազար անգամ ավելի ճիշտ է, որ լրատվամիջոցը լինի գործարարի հովանավորության ներքո, քան որեւէ կուսակցության: Այդպես ավելի ազատություն կունենա, քան եթե քաղաքական խմբի ազդեցության տակ է»: Սակայն մեր գործարարներն էլ՝ 1-2 բացառությամբ, իշխանության կամ որեւէ կուսակցության ազդեցության ներքո են՝ այս դիտարկմանն էլ պատասխանեց. «Բոլորի մասին չէի ասի: Կան, իհարկե, որ հարում կամ համակրում են տարբեր ուժերի, բայց չես կարող ասել, թե քաղաքական են իրենք: Բայց եթե լրատվամիջոցը ծառայում է քաղաքական որեւէ խմբի եւ մնացած բոլորի հանդեպ քիլերի դերում է հանդես գալիս՝ շատ ավելի վտանգավոր է»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել