Լրահոս
Օրվա լրահոսը

Համբուրվելն այնքան էլ վնաս չէ

Հունվար 08,2004 00:00

Համբուրվելն այնքան էլ վնաս չէ Տոնական օրերին գրիպը նահանջել է Շուրջ մեկ ամիս է՝ առողջապահության նախարարությունը զգուշացնում էր, որ համբուրվելը վնասակար է առողջությանը, քանի որ դա գրիպի փոխանցման ամենակարճ ճանապարհներից մեկն է։ Սակայն Նոր տարին էլ իր «կանոնակարգն» ունի ու առանց ավանդական փոխայցելությունների եւ «չմոկ-չմոկների» չանցավ։ Ենթադրվում էր, որ այս շփումների պատճառով հիվանդությունը պետք է անկողին ուղեկցեր ավելի շատ մարդկանց, քան նախատեսվում էր սովորական օրերի համար։ Սակայն, դատելով նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության արձանագրած տվյալներից, հիվանդությունը տոնական օրերին ոչ թե լայնացրել, այլ նեղացրել է տարածման սահմանները։ Այսպես, դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 4-ը գրանցվել է գրիպի եւ սուր շնչառական ուղիների վիրուսային հիվանդությունների 5747 նոր դեպք։ Այնինչ, գրեթե նույնքան դեպք դեկտեմբերի երկրորդ շաբաթում արձանագրվում էր յուրաքանչյուր օր։ Տեսչությանն առավել ոգեւորել են «Շտապ օգնության» ծառայությունից եւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից ստացած տվյալները, որոնք նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատ, ոչ ավել են, ոչ պակաս։ Դեկտեմբերի 19-ին գրանցված էր «1-03» 289 կանչերի թիվը, իսկ տոնական օրերին պահպանվել է օրական 60-70 կանչի ցուցանիշը։ Թվերի նվազումը կարելի է կապել նաեւ հիվանդությունը ժամանակավորապես թաքցնելու հետ՝ մինչեւ տոներն անցնեն։ Իրականությանը մոտ կարելի է ընդունել միայն «Շտապ օգնությունից» ստացված թվերը։ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության համաճարակաբան Թագուհի Հակոբյանը խուճապի ժամանակն անցած համարելով, նաեւ խորհուրդ տվեց «չթուլացնել զգոնությունն ու պահպանել նախարարության հրահանգները»։ Դրանք հետեւյալն են՝ չհամբուրվել, մեկուսացնել հիվանդներին իրենց օգտագործած իրերով հանդերձ, նրանց հետ շփվել բժշկական դիմակով։ Նախարարությունն այս օրերին քննարկում է մանկապարտեզների վերաբացման օրը հստակեցնելու հարցը։ Ինչ վերաբերում է դպրոցներին, ապա դրանք կսկսեն գործել հունվարի 20-ից, ինչպես նախատեսված էր։ Տեղեկացանք նաեւ, որ տոնական օրերին եւ ընդհանրապես, գրիպի վիրուսի տարածման դեմ պայքարին ներառնված բուժաշխատողները նախարարի հրամանով պետք է ստանան հավելավճար։ Մեզ հետաքրքրեց նաեւ Չինաստանում կրկին գլուխ բարձրացրած ատիպիկ թոքաբորբի՝ Հայաստան մուտք գործելու դեմ կանխարգելիչ միջոցների մասին տվյալներ։ Տեսչությունից խոստացան այդ մասին տեղեկացնել վաղը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031