Անդրադառնալով կենսաչափական փաստաթղթերի արժեքին՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջարկվող նոր անձնագրերը բովանդակային և գործառնական առումով համադրելի չեն ներկայում 1000 դրամով տրամադրվող անձնագրերի հետ։ Նրա խոսքով՝ համեմատությունը պետք է կատարել նախկինում 25 հազար դրամով տրամադրվող կենսաչափական անձնագրերի հետ․ նախկինում տրամադրված կենսաչափական անձնագրերը չեն սպասարկվել օտարերկրյա պետությունների սահմանային անցակետերի «e-gate» ավտոմատացված համակարգերով, քանի որ չի իրականացվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության միջոցով տեղեկատվության փոխանակման գործընթացը, որն անհրաժեշտ է այլ երկրներում անձնագրի տվյալների իսկությունը ստուգելու համար։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ ներդրվող կենսաչափական համակարգը կապահովի անվտանգության բարձր մակարդակ, էապես կնվազեցնի փաստաթղթերի կեղծման հավանականությունը և քաղաքացիներին հնարավորություն կտա օգտվելու թվային ծառայություններից, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև «e-gate» համակարգերից։ Նախարարն ընդգծել է, որ համակարգի ներդրումը նաև վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կարևոր բաղադրիչներից է։
Անդրադառնալով գնագոյացմանը՝ նախարարը նշել է, որ առաջարկվող արժեքում պետական շահույթ ներառված չէ։ Այն ձևավորվել է բաց և թափանցիկ մրցույթի արդյունքում՝ մասնավոր գործընկերոջ առաջարկի հիման վրա։ Մրցույթի մյուս մասնակիցը ևս ներկայացրել է համանման գնային առաջարկ, իսկ ընտրված առաջարկի արժեքն ավելի ցածր է եղել։
Նախարարը վերահաստատել է, որ գործող անձնագրերը նոր կենսաչափական փաստաթղթերով փոխանակելու պարտադիր ժամկետ սահմանված չէ․ քաղաքացիները կարող են շարունակել օգտվել իրենց անձնագրերից մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։ Ցանկության դեպքում նրանք կարող են դիմել նաև նոր կենսաչափական փաստաթուղթ ստանալու համար։ Արփինե Սարգսյանը հայտնել է նաև, որ սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսվող փաթեթների մասին տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում։
Կարդացեք նաև
Նոյեմբերի 1-ից կգործարկվեն «ՀայՓասի» 14 գրասենյակներ, որոնցից երկուսը՝ Երևանի «Երևան մոլ» և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում։ Մարզային գրասենյակների տեղակայման վայրերը նույնպես հանրայնացվել են, իսկ մինչև մարտ գրասենյակների թիվը կհասնի 23-ի։
Գործունեությունը շարունակող անձնագրային բաժինները կծառայեն նաև որպես խորհրդատվական կետեր։ Եթե քաղաքացիները դժվարություններ ունենան առցանց հարթակում գրանցվելիս կամ կենսաչափական համակարգից օգտվելիս, կարող են դիմել այդ բաժիններ և ստանալ աշխատակիցների աջակցությունը։
ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն



















































