Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզան Ստեփանյան. «Տարօրինակ կերպով վերջին շրջանում շատ ու շատ ադրբեջանցիներ են սկսել մոլորվել ու հայտնվել Հայաստանում»

Հոկտեմբեր 26,2026 20:50 Share
Աջակցեք aravot.am-ին

«Տարօրինակ կերպով վերջին շրջանում շատ ու շատ ադրբեջանցիներ են սկսել մոլորվել ու հայտնվել Հայաստանում։ Հիշում եմ, որ ժամանակին մեր հովիվը, երբ մոլորվել, հայտնվել էր ադրբեջանական տարածքում, այնտեղ ինչքան բռնության ենթարկեցին, ինչքան սրսկումներ արեցին այդ հովվին, որը Հայաստան գալուց հետո մահացավ։

Այսօր ԱԱԾ-ն այդ հովվին փոխանցել է ադրբեջանական կողմին։ Սա Հայաստանի կողմից հումանիտա՞ր քայլ է։ Հումանիտար քայլ է։ Իսկ Հայաստանն ի՞նչ է ստանում այդ քայլի դիմաց։ Արդյո՞ք Հայաստանը չէր կարող ասել, որ մենք Բաքվի բանտում ունենք գերիներ, այն էլ՝ խոշտանգվող գերիներ։ Հնարավո՞ր էր փոխանակում կատարվեր մեր այդ գերիներից մեկի կամ երկուսի հետ։ Հնարավոր էր։ Բայց մենք ի՞նչ ստացանք։ Մենք ունեցանք, ըստ իրենց, մոլորված հովիվ, որն առանց որևէ փոխանակման, բարի կամքի դրսևորումով հանձնեցին ադրբեջանական կողմին։

Վերջերս այստեղ էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Բոլորովին չտեսանք Գուտերեշի մոտ Հայաստանի վարչապետի հստակ խոսքը Բաքվի բանտերում խոշտանգվող մեր գերիների, անհետ կորածների և արտաշիրիմում պահանջողների մասին։ Ավելին։ Գուտերեշն իր խոսքում ասաց, որ Բաքվի բանտերում պահվողները ընդամենը կալանավորներ են։

Երեք օր առաջ մենք նամակ ենք ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ պահանջելով մի կողմ թողնել քաղաքական շահերը և առաջնորդվել այն համոզմամբ, որի կրողն ի սկզբանե պետք է լինի այդ կազմակերպությունը, որպեսզի Հայաստանի համար շատ կարևոր հարցեր ստանան իրենց լուծումները»,- ասաց «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը՝ «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվին վերադարձնելու մասին Հայաստանի ԱԱԾ-ի տարածած տեղեկությանը։

Տիկին Ստեփանյանը խոսեց նաև խորհրդարանում Աննա Հակոբյանի կողմից նախաձեռնված՝ Հայաստանում ընտանեկան բռնությանը նվիրված նախագիծը լուռ ու մունջ լիագումար նիստի դատին հանձնելու շուրջ։ «Իրականում թվում է, թե վատ գործ չի արել, ու շատ էլ լավ կլինի, որ մեր կանայք բռնության չենթարկվեն։ Բայց իրականում սա ուղղված է հայկական ընտանիքները քանդելուն, ոչնչացնելուն։

Մենք ավանդական ընտանիքներ ունենք, թեպետ այսօր կանայք շատ ավելի մեծ լիազորություններ ունեն ընտանիքներում, քան տղամարդիկ։ Մենք հայկական ընտանիք կրող ազգ ենք։ Եվ այդ ընտանիքում կա տղամարդ, որն ավելի իշխող դեր ունի, քան կինը։ Այսօր ի՞նչ են ասում։ Ամուսինդ գոռա՞ց՝ վազիր ոստիկանություն, ամուսինդ փող չբերե՞ց՝ դա բռնության ենթարկելու նման մի բան է, վազիր ոստիկանություն։

Վստահ եմ, որ խորհրդարանում այդ նախագիծը կանցնի զուլալ ջրի պես։ Բայց այս նախագիծը հայկականությունը ոչնչացնելու, մեզ մեր արմատներից, մեր ինքնությունից կտրելու օրենքի նախագիծ է։ Եվ ես ահազանգում եմ որպես կին, որպես մայր՝ խորհրդարանը որևէ կերպ Աննա Հակոբյանի ուղարկած օրենքի նախագծին կողմ չքվեարկի։ Այսօր խորհրդարանում հայտնված տղամարդիկ ու կանայք վաղը այս նախագծի հետևանքով իրենց քայքայված ընտանիքների ձեռքը կրակն են ընկնելու։ Ճիշտ այնպես, ինչպես խորհրդարանը վեց ամիս առաջ ընդունեց օրենք, որ Հայաստանում վեց ամիս չապրողները չեն կարող մասնակցել քվեարկությանը։ Եվ ստացվեց, որ խոպանից վերադարձած մոտ 20 հազար հայ այդպես էլ չկարողացավ մասնակցել ընտրությանը»,- ասաց Ռուզան Ստեփանյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել