Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերիք է՝ Տիգրանաշեն ասեք, գինը բարձրացնեք». Արարատի նախկին մարզպետի հայրը դիտողություն է արել «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչին ու հեռացել

Հոկտեմբեր 26,2026 19:17 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանի խոսքով՝ Տիգրանաշենում խոչընդոտում են մանկական խաղահրապարակի վերանորոգման աշխատանքները, որոնց իրականացման համար «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց պարգևատրման ֆոնդն են հատկացրել։

Վարդանյանի պատմելով՝ երեկ, երբ խաղահրապարակում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում, ոստիկանության աշխատակիցները ժամանել են և պահանջել դադարեցնել դրանք՝ մինչև համայնքապետարանի ներկայացուցիչների ժամանումը։ Այնուհետև հանդիպում է տեղի ունեցել համայնքի երկու փոխհամայնքապետերի՝ Դավթյանի և Հակոբյանի հետ։

«Սկզբում բավականին ագրեսիվ տոնով առաջարկում էին նոր խաղերը հանել և հին խաղերը վերադարձնել։ Երբ հրաժարվեցի այդ առաջարկից, ասացին, որ պետք է համայնքապետի հետ լեզու գտնեմ, որպեսզի նա թույլ տա շարունակել խաղահրապարակի վերանորոգման աշխատանքները»,– պատմեց Անուշ Վարդանյանը։

Այսօր նա հանդիպել է համայնքապետ Ասլան Հովհաննիսյանի հետ։ Վարդանյանի խոսքով՝ զրույցը շատ կարճ է տևել։ Նա նշել է, որ համայնքապետն իրեն համեմատել է Զարուհի Փոստանջյանի հետ։

«Ես ոչինչ չունեմ Զարուհու դեմ, բայց չհասկացա՝ ինչո՞վ եմ նման նրան։ Երբ առաջարկեցի խոսել խաղահրապարակի խնդրի մասին և հարցրի, թե ինչու է խոչընդոտվում աշխատանքը, համայնքապետն ասաց՝ գնա և հենց հիմա ապամոնտաժիր նոր խաղերը, հին խաղերը տեղադրիր, հետո կգաս՝ կխոսենք»,– ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ խաղահրապարակի վերանորոգման աշխատանքների թույլտվություն ստանալու համար իրենք համայնքապետարան դիմել են շուրջ մեկ ամիս առաջ, սակայն մինչ օրս հստակ պատասխան չեն ստացել։ Վարդանյանի պնդմամբ՝ իրենց միայն հայտնել են, որ դիմումը քննարկման ընթացքի մեջ է։

Անուշ Վարդանյանի փոխանցմամբ՝ համայնքապետ Ասլան Հովհաննիսյանն իրեն նաև ասել է, որ պատրաստվում է դատի տալ իրեն։

«Երբ այսօր հասանք Տիգրանաշեն, մի քանի րոպե անց մեզ մոտեցավ մի մեքենա, որի վարորդը հարցրեց՝ ով ենք։ Երբ ես էլ հարցրի, թե ինքն ով է, պատասխանեց՝ «Կարևոր չէ»։

Իհարկե, ճանաչեցի այդ մարդուն․ նա նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հայրն էր։ Նա ինձ ասաց. «Հերիք է՝ Տիգրանաշեն ասեք, գինը բարձրացնեք»։

Երբ հարցրի, թե ինչի գինն ենք բարձրացնում, նա պատասխանեց. «Քյարքիի՛։ Քյարքի է, Տիգրանաշեն չէ»»,- հավելեց Վարդանյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել