Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Գևորգյան. «Եթե չլինեին իշխանության ճնշումները, «Ուժեղ Հայաստանը» կհաղթեր Ստեփանավանում»

Հոկտեմբեր 26,2026 16:49 Share
Աջակցեք aravot.am-ին

«Եթե չլինեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ճնշումները, բռնաճնշումները, այն ներկայացումներն ու շոուները, որոնք կազմակերպեցին, «Ուժեղ Հայաստանը» գնում էր դեպի հաղթանակ»,— այսօր էլ՝ երեկ կայացած համայնքային ընտրություններից հետո այս կարծիքին է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։

Նրա պնդմամբ՝ երեկ հանրապետության 19 համայնքներում և, մասնավորաբար, Ստեփանավանում, իշխող ուժն աշխատեց իր ձեռագրով՝ ճնշումներ, վախի մթնոլորտ․ «Իրենք փորձեցին այնպես անել, որ տրամադրություններ փոխեն, մարդկանց մոտ վախի մթնոլորտ ստեղծեն»։

Մեր զրուցակիցն, ընդհանուր առմամբ, ուշադրություն է հրավիրում մեկ փաստի վրա․ տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրություններում, բոլոր այն համայնքներում, որտեղ «Ուժեղ Հայաստանը» մասնակցել է ընտրություններին, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» զգալիորեն ցածր ցուցանիշներ է գրանցել․ «Մենք բազմաթիվ անգամներ նշում էինք, որ ժողովրդի մոտ այդ կեղծ տրամադրությունները, որոնք փորձում էին ստեղծել, անդրադարձան նաև իրենց վերջնարդյունքի վրա։ Այն դերակատարներն ունեն իրենց մեղավորությունը, ովքեր փորձում էին այդ տրամադրությունները ստեղծել։ Հենց այդ դերակատարների ստեղծած մթնոլորտի արդյունքում էլ իրենք արձանագրեցին այդպիսի արդյունք»։

Ստեփանավանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 35,32%՝ զբաղեցնելով երկրորդ տեղը: Առաջին տեղում Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի գլխավորած «Գործարար» կուսակցությունն է, որը համարվում է իշխանական «պրոյեկտ»՝ 41,38%-ով: Արմեն Գրիգորյանն ընտրություններից հետո արդեն հասցրել է շնորհակալություն և հավատարմություն հայտնել Նիկոլ Փաշինյանին: «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունը, որի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանն ընտրություններից մի քանի օր առաջ կալանավորվեց, ստացել է քվեների 19,62%-ը:

Aravot.am-ի դիտարկմանը, որ կոնկրետ Ստեփանավանում հիմնական մրցակցությունը երկու իշխանական բևեռների միջև ընթացավ, մեր զրուցակիցը մասամբ համաձայնեց՝ պնդելով, որ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի կալանավորումը և կուսակցության նկատմամբ ընդհանուր բռնաճնշումները հանգեցրեցին այս իրավիճակին։ Այնուհանդերձ, նա առաջարկում է հապշտապ հետևություններ չանել և սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը․ «Դեռևս իրադարձությունները վերջնական հանգուցալուծված չեն: Պիտի սպասենք իրադարձությունների հանգուցալուծմանը, բայց ներքին զարգացումները, այո՛, շատ ավելի լարված էին Ստեփանավանում՝ ոչ միայն ընդդիմություն-իշխանություն հարթությունում, այլև իշխանության և արբանյակ կուսակցությունների միջև։ Հիմա «Գործարար» կուսակցության համայնքապետի թեկնածուի սկզբունքայնությունը պիտի լինի առաջնահերթություն։ Գնահատական տալ չեմ կարող, պիտի սպասենք իրադարձությունների զարգացմանը և ըստ այդ իրադարձությունների հասկանանք, թե ինչպիսի վարք կդրսևորի «Գործարար» կուսակցության համայնքապետի թեկնածուն և ընդհանրապես կուսակցությունը. կլինի՞ իշխանության կողմից հանձնարարություններ կատարող, թե՞ կլինի այնպիսի համայնքապետ կամ կուսակցություն, այնպիսի ուժ Ստեփանավանում, որն ավելի շատ ժողովրդավարական սկզբունքներով կլինի ժողովրդի կողքին, կտանի մարդկանց խնդիրների լուծմանը»։

Հարցին՝ «Ուժեղ Հայաստանում» համագործակցության եզր տեսնո՞ւմ են «Գործարար» կուսակցության հետ, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Զարգացումները ցույց կտան։ Բայց մեզ համար առաջնահերթն այն էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և տարածաշրջանային դերակատարներն իրենց ոչ ճիշտ քաղաքականության արդյունքում ստանան այն պատասխանը, ինչը որ ստացան։

Դա առաջնահերթություն էր մեզ համար, որ չխաբեն ժողովրդին, կեղծիք ու սուտ չտարածեն, չփոխեն ժողովրդի մեջ այդ տրամադրությունները, չպղտորեն համայնքի մթնոլորտը։ Իրենք իրենց վարքագծին համապատասխան արդյունք ունեցան՝ չունենալով առաջին տեղ, չհաղթելով Ստեփանավան համայնքում․ դրա մեղավորությունն ու պատճառը իշխող ուժը կարող է գտնել իր տեղական տարածաշրջանային դերակատարների մեջ»։

Հիշեցնենք, որ այդ տարածաշրջանում ՔՊ-ի շահերն առաջ են մղում պատգամավոր Արփի Դավոյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, մարզպետ Արեն Մկրտչյանը և այլք։

Իսկ հնարավոր է՞ «Ուժեղ Հայաստանը» բողոքարկի ընտրությունների արդյունքները, քանի որ կուսակցությունում պնդում էին, թե ընտրակեղծիքները և կուսակցության դեմ ռեպրեսիաները պատճառ եղան պարտության։

«Այս պահին մեր իրավաբանական թիմի հետ դեռ քննարկումների մեջ ենք՝ հասկանալու համար խախտումների այն ծավալները, որոնք տեղի են ունեցել: Միանշանակ, այդ խախտումների հետևից գնալու ենք, դրանց մասին բարձրաձայնելու ենք և համապատասխան միջոցառումներ իրականացնելու ենք, ներկայացնելու ենք համապատասխան մարմիններին, որպեսզի նրանք նույնպես կատարեն գործողություններ դրա հետ կապված, այլ ոչ թե այդպես օդից կախված մնա:

Մենք դրա վերաբերյալ հաստատ գործողություններ իրականացնելու ենք, բայց այս պահին մշակման փուլում է, ոչինչ չեմ կարող ասել վերջնական քայլերի հետ կապված»,- պատասխանեց Անդրանիկ Գևորգյանը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել