Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն»-ը ողջունում է Արցախի մշակութային համույթներին նոր հրավեր ուղարկելու WOFA-ի որոշումը, բայց շարունակում է պարզաբանում պահանջել

Հոկտեմբեր 26,2026 16:45 Share
Աջակցեք aravot.am-ին

Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության չեղարկման շուրջ ստեղծված իրավիճակում արձանագրվել է նոր զարգացում։

Համաշխարհային փառատոնային ասոցիացիան՝ World Festival Association (WOFA), «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ին հասցեագրված պաշտոնական գրությամբ հայտնել է, որ կազմակերպչական կոմիտեն արտահերթ նիստում քննարկել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության չեղարկման հարցը և որոշում է ընդունել նոր հրավեր ուղարկել համույթներին՝ 2027 թվականի մարտին Վիեննայում կայանալիք փառատոնին մասնակցելու համար։

Կազմակերպիչը նաև ընդգծել է մշակութային համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և հայտնել, որ մինչև 2027 թվականի մարտը ակնկալում է Եվրոպական միությունից համապատասխան ուղեցույցներ ստանալ նման իրավիճակներում գործելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ WOFA-ն համույթների մասնակցության չեղարկումը բացատրել էր որոշ դիվանագիտական ներկայացուցիչների փոխանցած մտահոգություններով՝ կապված ՀԿ-ի ենթադրյալ «անջատողական գործունեության» հետ։ Սակայն կազմակերպչի ներկայացրած պարզաբանումներում չեն նշվել այդ ներկայացուցիչները, մեղադրանքների փաստական հիմքերը և դրանց ազդեցությունը չեղարկման որոշման վրա։

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն ողջունում է WOFA-ի որոշումը և այն գնահատում որպես մշակութային իրավունքների պաշտպանության ուղղությամբ կարևոր, սակայն դեռևս մասնակի արդյունք։ ՀԿ-ն հարցը սպառված չի համարում, քանի դեռ չեն պարզաբանվել այն անհիմն մեղադրանքները, որոնց հիման վրա մշակութային համույթները զրկվել են մասնակցությունից։ Մշակույթը չի կարող լինել դիվանագիտական ճնշման առարկա։

ՀԿ-ն շարունակում է պահանջել՝

  • Պարզաբանել, թե որ դիվանագիտական ներկայացուցիչների կողմից են ներկայացվել ՀԿ-ի գործունեության վերաբերյալ մեղադրանքները։
  • Ներկայացնել այդ մեղադրանքների փաստական հիմքերը և պարզաբանել, թե ինչպես են դրանք ազդել մասնակցության չեղարկման որոշման վրա։
  • Ապահովել երկու համույթների՝ 2027 թվականի մարտին կայանալիք փառատոնին մասնակցության պայմանների հստակությունն ու թափանցիկությունը՝ երաշխավորելով արդար, հավասար և խտրականությունից զերծ վերաբերմունք։

Կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում բոլոր լրատվամիջոցներին, լրագրողներին, հանրային գործիչներին և միջազգային գործընկերներին, որոնք արձագանքել են խնդրին և աջակցել դրա բարձրաձայնմանը։

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն պատրաստակամ է շարունակելու կառուցողական համագործակցությունը WOFA-ի և միջազգային մշակութային կառույցների հետ՝ մշակութային իրավունքների պաշտպանության, գեղարվեստական ազատության, փոխադարձ հարգանքի և թափանցիկության սկզբունքների հիման վրա։

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031