Լրահոս
Օրվա լրահոսը

«Դերիս անունն է՝ դիրիժոր»

Հունվար 08,2004 00:00

«Դերիս անունն է՝ դիրիժոր» Ասում է Օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը Օպերային արվեստի սիրահարները հունվարի 11-ին, երկարատեւ ընդմիջումից հետո, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում վերջապես հնարավորություն կունենան դիտելու օպերային ներկայացում՝ Վերդիի «Տրավիատան»։ Այս առիթով զրուցեցինք Օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ։ – Ընդամենը մի քանի ամիս է, ինչ օպերային թատրոնի նվագախմբում կատարվել է սերնդափոխություն։ Ի՞նչ վիճակում է այսօր նվագախումբը։ – Անցյալ տարի գարնանը հայտարարված մրցույթից հետո թատրոնի նվագախմբում 70%-ը նոր ուժեր են։ Մեր նպատակը չի եղել «մարդ հանելը կամ մարդ ընդունելը», մրցույթը բաց էր, նվագախմբի յուրաքանչյուր արտիստ կարող էր լսել իր գործընկերոջը։ Երաժիշտներից ոմանք չմասնակցեցին մրցույթին, բայց մենք, հարգելով որոշ մարդկանց վաստակը եւ փորձը, առաջարկեցինք մնալ թատրոնում՝ խորհրդականի կարգավիճակով։ Ասեմ, որ գնացել ենք մեծ ռիսկի՝ աշխատանքի ընդունելով հիմնականում երիտասարդ երաժիշտների։ Որովհետեւ, օրինակ, լավ ջութակահար լինելը դեռ քիչ է լավ նվագախմբի լավ արտիստ լինելու համար։ Հարկավոր է ժամանակ եւ աշխատանք։ – Որքան հայտնի է, թատրոնի 70-րդ՝ հոբելյանական թատերաշրջանի առաջին ներկայացումը ղեկավարելու է դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը եւ ոչ թե դուք։ – Այստեղ արտառոց ոչինչ չկա։ Օպերա յին թատրոնն ունի մեկ գլխավոր դիրիժոր եւ դիրիժորներ։ Ճանաչված դիրիժորները (Վիլեն Չարչօղլյան, Ռուբեն Ասատրյան, Կարեն Լավչյան, Հարություն Արզումանյան) մեզ մոտ շատ են։ Յուրաքանչյուր դիրիժոր ունի իր ներկայացումը։ Մի խոսքով, կա կարգուկանոն։ Այս կամ այն բեմադրությունը, որ պատրաստում է նաեւ բեմադրող դիրիժորը, պրեմիերայից եւ միայն 3-4 ներկայացումից հետո կարող է ղեկավարել այլ դիրիժոր։ Այնպես որ, «Տրավիատան» Յուրի Դավթյանինն է, նա էլ կղեկավարի ներկայացումը։ – Բազմազբաղ դիրիժոր եք։ Ղեկավարում եք ոչ միայն հայաստանյան, այլեւ արտերկրի սիմֆոնիկ նվագախմբեր ու օպերային ներկայացումներ։ Ինչպե՞ս եք հասցնում։ – Անցյալ տարի «Արմեն-Ակոբ» սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեցի ձայնագրություններ, Հունաստանում ղեկավարեցի Օպերային թատրոնի նվագախումբը։ Այնտեղ ղեկավարել եմ նաեւ Մոցարտի «Դոն Ժուան» օպերան։ Այժմ էլ սկսվել են Արմեն Տիգրանյանի «Անուշի» եւ Արամ Խաչատրյանի «Գայանեի» փորձերը, որի բեմադրող դիրիժորը ես եմ։ Կարծես հասցնում եմ։ Ճիշտ է, ծնողներս ինձ համարյա չեն տեսնում, որովհետեւ առավոտվա 10-ից սկսում եմ իմ աշխատանքը ու ավարտում կեսգիշերին։ Ի դեպ, այս ամանորին ընկերներիս հետ էլ հանդիպել եմ միայն հունվարի 6-ին։ – 2004-ին Կարեն Դուրգարյանը, բացի Օպերային թատրոնի նվագախումբը ղեկավարելուց, էլ ի՞նչ դերում հանդես կգա։ – Իմ աշխատանքը, իմ դերը մեկն է՝ դիրիժոր։ Տեղեկացնեմ, որ մեր թատրոնի նվագախումբը կունենա նաեւ ելույթներ սիմֆոնիկ ծրագրերով։ Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031