«Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծից նախազգուշացումը որպես պաշտպանական միջոց հանվել է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այս նախագծի առանցքը ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելումն է։ Եվ արդեն բռնության կանխարգելումը կանխորոշում է այս ամբողջ քաղաքականության փիլիսոփայությունը։ Երբ ես ծանոթանում եմ կամ կարդում եմ այս նախագիծը, ավելի շատ տպավորություն եմ ունենում, որ մեր պետական շահը ոչ այնքան կանխարգելումն է, որքան պատժիչ գործողություններ իրականացնելը»,- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։
«Մյուս խնդիրը, որն ինձ համար շատ անընդունելի է, որի վերաբերյալ առաջարկ եմ ներկայացրել, գործուն զղջալու ինստիտուտի բացառումն է։ Այդպիսի լուծումներն են ինձ թույլ տալիս ասելու, որ սա ոչ թե կանխարգելիչ, այլ պատժիչ գործողությունների շարքից է։ Եթե դուք գործուն զղջալու ինստիտուտն ընդհանրապես բացառում եք, ակամայից այս հանցագործությունները գնում և տեղավորվում են այնպիսի հանցագործությունների կողքին, ինչպիսն են ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները, դիվերսիան և այլ բացառիկ հանցակազմերը։ Եվ ես կարծում եմ, որ գոնե գործուն զղջալու այս ինստիտուտի տարածման տիրույթն անպայման պետք է ենթարկվի վերատեսության»,- ասաց Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նախագծի համահեղինակ ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանն ի պատասխան ասաց․ «Ինչո՞ւ ենք նախազգուշացումից հրաժարվում, որովհետև ինքը որպես պաշտպանական միջոց անարդյունավետ է։ Եթե մենք զոհին պրակտիկայում չենք պաշտպանում այս միջոցով, նաև հակառակ ազդեցությունն է ունենում՝ մենք ունենում ենք անվստահություն համակարգի նկատմամբ զոհի կողմից, որովհետև մտածում է, որ դե նախազգուշացում արեցին, ես էլ չեմ կարող իրավապահներին դիմել, որովհետև իրենց պաշտպանական միջոցը սա է։ Նախազգուշացման պայմաններում բռնարարը կարող է հակառակը՝ ավելացնել իր կողմից ճնշումները և բռնության գործողությունները»։
Լիլիթ Գալստյանը նաև ասաց, որ պառակտված հասարակությունում այսօր արձանագրվում է և բռնության, և հանցագործությունների աճ։ Ամենուր անհանդուրժողականության մթնոլորտ է։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































