Մշակույթը՝ ժողովուրդների բարեկամության կամուրջ
2026 թվականի հոկտեմբերի 24-ին Կոտայքի մարզի Արզնի համայնքում անցկացվել է հայերի և ազգային փոքրամասնությունների մշակութային ու խոհանոցային փառատոնը՝ «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» խորագրով։
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի հրավերով մասնակցել է միջոցառմանը՝ ներկայացնելով Իրանի հարուստ մշակութային ժառանգությունը, ավանդական արվեստներն ու գրականությունը։
Տաղավարում ցուցադրվել են իրանական ավանդական արվեստի նմուշներ, այդ թվում՝ ղալամքարիի և մինաքարիի աշխատանքներ, ինչպես նաև Իրանի մշակույթին, գրականությանն ու զբոսաշրջային տեսարժան վայրերին վերաբերող գրքեր և տեղեկատվական նյութեր։ Այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու իրանական մշակութային արժեքներին, հյուրերին հյուրասիրել են իրանական թեյով և հուշանվերներ նվիրել։
Կարդացեք նաև
Տաղավարում առանձնահատուկ տեղ է հատկացվել նաև գրականությանը։ Ներկայացվել է Իրանի Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի «Արյուն, որը դարձավ ռուբին․ բանտային հուշեր» գրքի հայերեն թարգմանությունը։ Հրատարակությունը ներկայացվել է փառատոնի այցելուներին, իսկ դրա օրինակները նվիրվել են մի շարք մասնակիցների։
Փառատոնի շրջանակում դոկտոր Մոհամմադ Ասադի Մովահեդը հանդիպել է նաև Արզնիի ասորի եկեղեցու ավագ հոգևորականի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են իրանական մշակույթին և Իրանում ապրող ասորիների կյանքին։ Հոգևորականին ևս նվիրվել է «Արյուն, որը դարձավ ռուբին․ բանտային հուշեր» գրքի հայերեն թարգմանության օրինակը։
Փառատոնի շրջանակում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնն արժանացել է «Լավագույն մտահղացում» անվանակարգի մրցանակին՝ զբաղեցնելով երրորդ տեղը։
Մշակույթի կենտրոնի մասնակցությունը փառատոնին նպաստել է իրանական մշակութային ժառանգության հանրահռչակմանը, ինչպես նաև հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդմանն ու երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։



















































