Լրահոս
Օրվա լրահոսը

Աջափնյակի մետրոյի կառուցումը կսկսվի հաջորդ տարի, այն կվստահվի հայկական ընկերությանը. Տիգրան Ավինյան

Հոկտեմբեր 26,2026 11:16 Share
Աջակցեք aravot.am-ին

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ պետք է հասնել նրան, որ հարուստ մարդիկ էլ հասկանան՝ ամենահարմար փոխադրամիջոցը հանրային տրանսպորտն է. «Պետք է ունենանք իրավիճակ, երբ մարդիկ, որ ունեն 2-3 մեքենա գնելու հնարավորություն, մտածեն, որ այս քաղաքում տեղաշարժվելու ամենահարմար տարբերակը հանրային տրանսպորտն է: Հետեւապես պետք է գնանք հանրային տրանսպորտի համար առանձին գծերի ավելացմանը, նոր էլեկտրատրանսպորտի ամբողջական գործարկմանը, էլեկտրական ավտոբուսների գնմանը»։

Տիգրան Ավինյանը կրկին շեշտեց, որ մինչեւ 2030 թ. հանրային տրանսպորտի ընդհանուր շարժունակությունը քաղաքում պետք է ավելացվի 30 տոկոսով. «Սա նշանակում է, որ հանրային տրանսպորտի միջին ծախսած ժամանակը իր ուղեգիծը սպասարկելու համար 30 տոկոսով պետք է կրճատվի, ինչը շատ իրատեսական խնդիր է, որը դնում եմ ձեր առջեւ»։

Այս գործակարգավարական խորհրդակցության ժամանակ կրկին շոշափվեց մետրոյի Աջափնյակի կայարանի թեման։ Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչ զարգացումներ կան։ Նրան տեղեկացրին, որ մի քանի ուղղություններով աշխատանքներ են իրականացվել, դրանցից մեկը գերակա շահի հետ է կապված, ինչը պահանջում է նաեւ հանրային լսումներ իրականացնել։ Նշվեց նաեւ, որ այս շաբաթ փաթեթը կուղարկվի կառավարություն։ Ինչ վերաբերում է ֆինանսավորման աղբյուրներին, որոշ ընկերությունների հետ բանակցություններ են իրականացվում, նաեւ միջոցառումներ՝ հասկանալու համար միջազգային շուկայի հետաքրքրվածությունը։

«Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակ մետրոյի կառուցման համար: Մենք ակնկալում ենք, որ այդ որոշումը երեւի թե մեկ ամսվա մեջ կընդունենք»,-ասաց Ավինյանը։

«Բոլոր էտապները շատ քննարկեցինք, մենք ամեն դեպքում պետք է բոլոր դեպքերում հաջորդ տարի սկսենք շինարարությունը՝ կլինի այս, թե մյուս գործընկերոջ հետ: Ինձ ոչ այնքան գործընկերն է հետաքրքրում, որքան որ բուն իրականացումն իմ աչքերով տեսնելը, որովհետեւ իրապես շատ երկար ենք խոսել այս թեմայի մասին՝ հասկանալով, որ մետրո կառուցելու գիտելիքը մեր երկրից կորցրել ենք:

Երկրորդ պայմանն այն է, որ սա պետք է իրականացնի հայկական ընկերությունը: Այդ գիտելիքն այլեւս այստեղից դուրս չի գալու: Չի լինելու այսպես՝ միջազգային ընկերություններն եկան, արեցին, ցտեսություն ձեզ, դա պետք է մոռանալ: Պետք է լինի հայկական ընկերություն, որովհետեւ չենք ուզում միայն մեկ կայարանով սահմանափակվել, ուզում ենք ունենալ մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչպես պետք է մետրոպոլիտեն կառուցել, եւ ուզում ենք այդ կարողությունը այստեղ զարգանա»,-ասաց Տիգրան Ավինյանը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031