«Այո, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից նախաձեռնվել է լայնամասշտաբ արշավ ընտանեկան բռնության դեմ պայքարի մասով։ Եվ այս փաթեթը, այո, նախաձեռնվել է այդ նախաձեռնության շրջանակներում»,- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նա նշեց,որ կառավարությունը սկզբունքորեն դրական դիրքորոշում ունի նախագծի վերաբերյալ։ Սկզբունքային փոփոխություններ չեն առաջարկվել։
«Կարեւոր փոփոխությունն այն է, որ քանի որ նախազգուշացումը որպես պաշտպանական միջոց նախագծից դուրս է բերվում, դրան փոխարինող առաջարկել ենք կանխարգելիչ հաշվառման վերցնելու ինստիտուտը պահպանել, որպեսզի այս դեպքում ևս կարողանանք անձին պահել ոստիկանության տեսադաշտում»,- ասաց Արփինե Սարգսյանը։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ նախորդ տարի 100 դեպք է գրանցվել, երբ նախազգուշացումից հետո բռնարարը դարձյալ բռնություն է կիրառել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































