2026թ․ լրացավ անվանի հնագետ, պ․ գ․ դ․ Գևորգ Արտաշեսի Տիրացյանի ծննդյան 100-ամյակը։
Ծնվել է 1926 թ․ սեպտեմբերի 18-ին Ռումինիայի Չետատեա-Ալբա քաղաքում՝ ուսուցիչ և բառարանագիր Արտաշես Տիրացյանի ընտանիքում։ Մայրը Դրոյի ազգականուհին էր։ Մեր երկրում և արտերկրում ճանաչված գիտնականի 100-ամյա հոբելյանի առթիվ՝ հոկտեմբերի 22-23-ին Երևանում՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում, տեղի ունեցավ 2-օրյա հանրապետական գիտաժողով՝ մասնակցությամբ հյուրընկալող գիտական կառույցի, Երևանի պետական (ԵՊՀ), Հայաստանի պետական մանկավարժական (ՀՊՄՀ), Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների, Արևելագիտության ինստիտուտի, «Էրեբունի» և Հայաստանի պատմության թանգարանների, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի (ՊՄԺԳՀԿ) և Գերմանիայի Վյուրցբուրգի համալսարանի գիտնականների, դասախոսների, հնագետների, ազգագրագետների և այլոց։
«Ուրարտու–Հայաստան (պետականության և մշակույթի խնդիրներ)» խորագրով գիտաժողովը կազմակերպվել էր ՀԱԻ-ի կողմից։ Ներկա էին նաև ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը, բնագավառի ճանաչված գիտնականներ՝ հնագետներ, պատմաբաններ, բանասերներ, թեմայով հետաքրքրվողներ։
Կարդացեք նաև
Առաջին օրն սկսվեց մասնակիցների գրանցմամբ, այնուհետև ընթերցասրահում ներկաներին ողջունեց կազմակերպիչներից պ․ գ․ դ Գարեգին Թումանյանը։ Հակիրճ անդրադարձավ Գ․ Տիրացյանի գործունեությանը։ Տիրացյանը, դպրոցական կրթություն ստանալուց հետո՝ 1945 թ․ ընդունվում է Բուխարեստի համալսարանի պատմության ֆակուլտետը։ Սակայն նրանց ընտանիքը հայրենադարձվում է 1948-ին, և Գևորգն արդեն ԵՊՀ պատմության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող էր։ Ավարտելով համալսարանը՝ 1952 թ․ ընդունվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի նպատակային ասպիրանտուրան։ Ապագա պատմաբանի գիտական ղեկավարն է եղել նշանավոր Բորիս Պիոտրովսկին։ Շատ լայն էր Գ․ Տիրացյանի պատմագիտական հետաքրքրությունների շրջանակը։ Նրա ուսումնասիրության թեմաներից էր, մասնավորապես, Հին հայկական պետության կազմավորման հիմնախնդիրը։
«Երվանդունիները Հայաստանում» (1958 թ․) ուսումնասիրությունն արժեքավոր ձեռքբերում է հայ պատմագիտության բնագավառում։ Հետազոտությունը կատարվել է Ուրարտու–Հայաստան մշակութային ժառանգորդության գաղափարի լույսի ներքո։
Մինչև 1950-ականները Հայոց պատմության մի հազարամյակի (Ուրարտուի անկումից մինչև վաղ միջնադար) մասին քիչ բան էր հայտնի։ Նույն շրջանի պատմական իրադարձությունների, դեմքերի մասին կային տեղեկություններ հունա-հռոմեական մատենագիրների, վիմագրական աղբյուրների, առանձնապես Մովսես Խորենացու Մատյանի շնորհիվ։ Սակայն նյութական մշակույթի մասին պատկերացումները եղել են աղոտ՝ միայն հիմնված պատահական գտածոների, որոշ հնավայրերում կատարած պեղումների արդյունքների վրա։ Եվ 1949 թ, սկսվում են Գառնիի հնագիտական պեղումները, դրանց հաջորդում են Հայոց հին մայրաքաղաքների՝ Արմավիրի ու Արտաշատի հնագիտական ուսումնասիրություններն ու պեղումները։ Այսպիսով` հիմք դրվեց նշված հազարամյակի նյութական մշակույթի ճանաչությանը։ Այս աշխատանքներում մեծ դեր ունի Տիրացյանը։
Գիտաժողովի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀԱԻ մշակութային մարդաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանը և ՀԱԻ Բնագիտության բաժնի գիտաշխատող, պ․ գ․ դ․ Արմեն Պողոսյանը։
Բոլորի խոսքում արժևորվեց Գ․ Տիրացյանի դերը որպես մեծ գիտնական, ղեկավար, գործընկեր։ 1956 թ. Լենինգրադում հաջողությամբ պաշտպանում է «Հայաստանի մ. թ. առաջին դարերի նյութական մշակույթն ըստ Գառնիի դամբանադաշտի և բաղնիքի տվյալների» վերնագրով թեկնածուական ատենախոսությունը և իր աշխատանքային կենսագրությունը սկսում ԳԱ պատմության ինստիտուտում։
Հաջորդ տարի նրան շնորհվում է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1956 թ․ աշխատանքի է անցնում Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում։ ՀԱԻ ստեղծման առաջին օրերից (1959 թ․) մինչև իր կյանքի վերջը՝ 17․ 01․ 1993թ․, Գ․ Տիրացյանն աշխատել է այս ինստիտուտում՝ սկզբում որպես ավագ գիտաշխատող, այնուհետև՝ հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ (1974-1993), ինստիտուտի փոխտնօրեն (1981-1988), տնօրեն (1988-1993)։
Տիրացյանը «Հայ ժողովրդի պատմություն» ակադեմիական հրատարակության առաջին հատորի և «ԽՍՀՄ հնագիտություն» բազմահատորյակի հատորներից մեկի հեղինակներից է։ Մահվանից հետո էլ շարունակվում են տպագրվել նրա հոդվածները՝ հայերեն և օտար լեզուներով։ Հրատարակվում են նաև մենագրությունները. «Արմավիր»-ը՝ ֆրանսերեն, «Ուրարտուից` Հայաստան»-ը՝ անգլերեն։
Առաջին նիստը նախագահեց Գարեգին Թումանյանը։ Պ․ գ․ դ (ՀԱԻ) Պավել Ավետիսյանը ներկայացրեց «Բազմակենտրոն քաղաքական համակարգերի բնութագրության շուրջ (Էթիունիի քաղաքական լանդշաֆտն ըստ հնագիտական տվյալների)» զեկույցը։ Բ․ գ․ դ․ Արմեն Պետրոսյանի (ՀԱԻ) «Արմավիր, անուն, առասպել և պատմություն» զեկույցը նվիրված է Հայոց Արմավիր քաղաքի պատմությանը, անվան ստուգաբանությանը։ ՀԱԻ գիտաշխատողներ պ․ գ․ թ․ Սիմոն Հմայակյանի և Նվարդ Տիրացյանի զեկույցը՝ «Կրոնական քաղաքականությունից մի դրվագ Վանի թագավորությունում (համաձայն արմավիրյան երկու արձանագրությունների)», ներկայացրեց Ս․ Հմայակյանը, ով երկար տարիներ ուսումնասիրում ու պեղում է Նոր Արմավիր գյուղում գտնվող դամբարանները։
Գերմանիայի Վյուրցբուրգի համալսարանի ներկայացուցիչ, բ․ գ․ թ․ Հրաչ Մարտիրոսյանի ներկայացրեց «Անահիտ-Աստղիկ դիցուհին․ հնագույն ակունքներն ու վերապրուկները» զեկույցը։ Գիտաժողովի երկրորդ նիստը նախագահեց պ․ գ․ դ․ Աշոտ Փիլիպոսյանը (ՀՊՄՀ, ԷԹ)։ Առաջին զեկույցը, նվիրված Մեծամոր հնավայրին, «Մեծամորը Վանի թագավորության (Ուրարտու) շրջանում (մ․ թ․ ա․ 8-6-րդ դարեր)», ներկայացրեց նախագահողը։ Արվեստագիտության դոկտոր, ՊՄԺԳՀԿ-ի գիտաշխատող, հնագետ Հակոբ Սիմոնյանը ներկայացրեց իր ու համահեղինակ, ՊՄԺԳՀԿ-ի ներկայացուցիչ Մերի Սաֆարյանի «Մեկ կրոմլեխի մեջ ներառված էթիունյան և ուրարտական կավանոթներով Կարմիր բլուրի 101 և 101 ա դամբարանները» զեկույցը։
ԵՊՀ և ՀԱԻ ներկայացուցիչներ պ․ գ․ դ․ Հայկ Ավետիսյանի, պ․ գ․ թ․ Արտակ Գնունու և Ատոմ Անանյանի համահեղինակած «Արամուսի կարասային սրահը» զեկույցը նվիրված է Արամուսի ամրոցին․ ներկայացրեց Ա․ Գնունին։ Սկյութները Հայաստանում թեմային էր նվիրված Գարեգին Թումանյանի «Հայաստանի սկյութական մեծաքանակ բնորոշիչ հատկանիշներով դամբարանները և դրանց փոխառնչությունները» զեկույցը։ Իր գիտական ուղու վաղ փուլից սկսած՝ Գ․ Տիրացյանն անդրադարձել է նաև հայոց բնօրրանում հայ–սկյութական առնչությունների խնդրին։
Նա կարծիք է հայտնել, որ Մովսես Խորենացու հաղորդած տեղեկությունները Հայաստանում սկյութական հարստության ժամանակաշրջանի մասին՝ կիմերների ու սկյութների առաջավորասիական պատմության հետ կապված «իրադարձությունների կնիքն են կրում»։ Հայկական լեռնաշխարհում սկյութների երբեմնի ներկայության մասին նրա հետևությունն արվում է սկյութական մշակույթին բնորոշ հեծելասարքերի հայտնաբերման փաստերի հիման վրա։ Անվանի գիտնականը նաև ուշադրություն է դարձրել ուրարտական բնակավայրերի բնակելի թաղամասերում հետագա դարաշրջանների դամբարանների առկայությանը։ Առաջին օրվա երկրորդ նիստն ավարտվեց ՀԱԻ երիտասարդ գիտաշխատողներ պ․ գ․ թ․ Տիգրան Ալեքսանյանի, Արտակ Հախվերդյանի և Հարություն Բադալյանի «Քաջարանի նորահայտ դամբարանադաշտը Սյունիքի երկաթեդարյան մշակույթի համատեքստում» զեկույցով, որը ներկայացրեց Հ․ Բադալյանը։
Տեղեկացվեց, որ Քաջարանի հանքավայրի տարածքում գտնվող դամբարաններից մեկը տեղափոխվել և նույնությամբ կառուցվել է Կապանի երկրագիտական թանգարանի բակում։ Ներկաները ողջունեցին կատարված աշխատանքը։ Ա․ Փիլիպոսյանը հայտնեց շնորհակալություն երիտասարդ գործընկերներին, որ իրականցրել են նման աշխատանք։ Այնուհետև եղավ օրվա զեկույցների քննարկում։ Թեմաներին անդրադարձավ Հ․ Սիմոնյանը։
Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ ՀԱԻ ընթերցասրահում շարունակվեց նախորդ օրն սկսված հանրապետական «Ուրարտու-Հայաստան (Պետականության և մշակույթի խնդիրներ)» գիտաժողովը։ Առաջին նիստը նախագահեց Իննեսա Կարապետյանը։ Գիտաժողովի 2 օրը ներկա էր ֆրանսիահայ պատմաբան, պ․ գ․ դ․ (անկախ հետազոտող) Կլոդ Արմեն Մութաֆյանը։ Առաջինը նա հանդես եկավ «Հայաստանը և իր հեթանոսական անցյալը» զեկույցով։
Նշեմ՝ Կլոդ Արմեն Մութաֆյանը 2002 թ․, դրանից հետո մի քանի անգամ այցելել է Քաշաթաղի շրջան, Ալեքսան Հակոբյանի հետ ուսումնասիրել Մայրեջրի միջնադարյան վանական համալիրը։ Նույն օրերին ուղեկցել եմ նրանց, լուսանկարել։ Պ․ գ․ դ․ (ՀԱԻ) Երվանդ Գրեկյանը ներկայացրեց «Ուրարտուից հետո․ Արարատյան դաշտը հետուրարտական շրջանում (Ք․ ա․ 7-րդ դարի վերջ-6-րդ դարի առաջին կես)» զեկույցը։
Նախագահող, պ․ գ․ թ․, ՀԱԻ գիտաշխատող Ինեսսա Կարապետյանի զեկույցի թեման էր «Արմավիրը մ․ թ․ ա․ 6-4-րդ դարերում»։ Պ․ գ․ թ․, ՀԱԻ գիտաշխատող Ամինիա Կանեցյանը ներկայացրեց «Ուրարտու և Աքեմենյան Իրան (ճարտարապետության ժառանգության հարցի շուրջ)» զեկույցը։
Երկրորդ նիստն սկսվեց Ռուբեն Վարդանյանի նախագահությամբ։ Առաջինը «Քաղցր տեսակի գինիների արտադրությունը Հայկական լեռնաշխարհում ուրարտական և անտիկ դարաշրջաններում» հետաքրքիր զեկույցով հանդես եկավ ՀԱԻ գիտաշխատող, պ․ գ․ թ․ Ռուզան Փալանջյանը։ Պ․ գ․ դ․, ՀԱԻ գիտաշխատող, ԵՊՀ դասախոս Համլետ Պետրոսյանի և ՃՇՀԱՀ ու ԵՊՀ դասախոս, ճարտարապետության դոկտոր Լյուբա Կիրակոսյանի համահեղինակած «Արտաշատը, Արցախի Տիգրանակերտը, և կարթագենցի Հաննիբալը․ մի առասպելական պատմության հնագիտա-ճարտարապետական ենթատեքստը» զեկույցը ներկայացրեց Հ․ Պետրոսյանը։
Գիտենք՝ մի քանի տարի շարունակ Հ․ Պետրոսյանի ղեկավարած արշավախումբը պեղումներ իրականացրեց Արցախի Տիգրանակերտ քաղաքում և հարակից տարածքներում։ Բացահայտվեցին Տիգրանակերտի պարիսպներ, թաղամասեր, վաղ միջնադարյան եկեղեցու ավերակներ և այլն։
ՀԱԻ գիտաշխատող Նվարդ Տիրացյանի «Արգիշտիխինիլիի հնավայրի հելլենիստական խեցեղենի շուրջ» զեկույցը նվիրած էր ուրարտական շրջանին։ Պ․ գ․ թ․ Արմինե Գաբրիելյանը (ՀԱԻ) ներկայացրեց «Թաղման ծեսը և հավատալիքներն անտիկ Գառնիում․ նոր հնագիտական տվյալներ» զեկույցը։ Երկօրյա հանրապետական գիտաժողովը, նվիրված նշանավոր գիտնական Գևորգ Տիրացյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին, ավարտվեց պ․ գ․ թ․ Արմինե Զոհրաբյանի (ՀԱԻ) և պ․ գ․ թ․ Հասմիկ Հովհաննիսյանի (ՀՊԹ) համահեղինակած «Արմավիրի դրամագիտական ժառանգությունը» զեկույցով։ Վերջում եղավ քննարկում։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ













































































