Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՄԻՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հունվար 24,2004 00:00

ՄԻԱՄԻՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ Իշխանամետ թերթերից մեկը, լուսաբանելով Տիգրան Նաղդալյանի սպանության դատավարությունը, անդրադարձել էր այն հանգամանքին, որ Արմեն Սարգսյանը պահածոների գործարանի եւ Ավշարի գինու գործարանի բաժնետեր էր եւ նկատել. «Այս տեղեկատվությունն օգտակար է այն միամիտ մարդկանց համար, ովքեր ենթադրում են, թե Վազգեն Սարգսյանը ժամանակին պատրաստվում էր պատերազմ հայտարարել կլաններին»: Հիշեցնենք, որ գործարանի տնօրեն էր նաեւ Վազգեն Սարգսյանի մյուս եղբայրը՝ այժմ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որն այս հրապարակման առնչությամբ ասաց. «Արմեն Սարգսյանը գործարար էր: Եվ այդ երկու գործարաններում էլ նա ամբողջությամբ սեփականատեր չէր՝ գործարաններից մեկում նրանն էին բաժնետոմսերի 25%-ը, մյուսում՝ 30%-ը, իսկ սեփականատերերը 5 հոգի էին: Ինչ վերաբերում է կլանային համակարգ ստեղծելուն՝ Վազգեն Սարգսյանի ուժն ու հնարավորություններն այն ժամանակ հերիքում էին, որ ես սեփականաշնորհեի «Արարատ-ցեմենտի» պես գերհզոր գործարանը: Ասեմ ավելին՝ ինքս էլ վարչապետ եղած ժամանակ կարող էի շատ հանգիստ սեփականաշնորհել այդ գործարանը: Սակայն այդ 100 միլիոն արժողությամբ գործարանը վարչապետի պաշտոնից իմ ազատումից հետո սեփականաշնորհվեց օֆշորային գոտում ստեղծված «Ռոբերտո» անվամբ մի ձեռնարկության՝ 10 մլն դոլարով: Եվ գաղտնի է, թե ով է այդ գործարանի հիմնական բաժնետերը»: Արամ Սարգսյանը նաեւ հիշեցրեց. «Վազգեն Սարգսյանն իր վարչապետության առաջին իսկ ելույթում՝ կառավարության նիստում հստակ հրահանգ տվեց, որ ամենախիստը վերաբերվեն նախ իր եղբայրների ղեկավարած հիմնարկ-ձեռնարկություններին (նրա այդ ելույթը ժամանակին հրապարակվել է «Առավոտում»,- Ա. Ի.): Եվ պիտի ասեմ, որ Վազգեն Սարգսյանի 4 ամսվա վարչապետության ընթացքում իմ ղեկավարած գործարանը ստուգվել է 2 անգամ՝ կարող են նայել հարկային մարմինների ստուգումների արդյունքները: Նույնը կատարվել է նաեւ Արմեն Սարգսյանի հետ: Վազգեն Սարգսյանի վարչապետության ընթացքում է, որ պարտադրվել է եւ Արմեն Սարգսյանի ձեռնարկությունը ամբողջությամբ փակել է պետբյուջեից վերցրած պարտքը»: Թե քանի ձեռնարկություններ ունեն ներկա իշխանությունների մերձավորները եւ արդյոք նրանք վայելում են արտոնություններ՝ իշխանամետները, բնականաբար, լռում են: Իսկ Տիգրան Նաղդալյանի սպանության գործի առնչությամբ Վազգեն Սարգսյանի հետմահու վարկաբեկմանը լծվելը, կարծում ենք, եւս մի ապացույց է, որ այդ գործն իրոք որոշ իմաստով «Հոկտեմբերի 27»-ի շարունակությունն է: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031