Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջ՝ կարծր մեթոդներին

Հունվար 24,2004 00:00

Վերջ՝ կարծր մեթոդներին Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հունվարի 22-ին քննարկեց եւ հաստատեց «Կրթության որակի եւ համապատասխանեցման» ծրագիրը, որի համար ՀԲ-ն տրամադրել է $19 միլիոն: ՀԲ-ի 10-ամյա ծրագրի այս փուլը նպատակ ունի դպրոցական ուսումնական ծրագրերը դարձնել ավելի ներդաշնակ՝ Հայաստանի տնտեսության եւ հասարակության պահանջներին, իսկ աշակերտների ստուգման եղանակը՝ առավել վստահելի եւ օբյեկտիվ: Ինչպես նշեց ՀԲ Երեւանի գրասենյակի՝ սոցիալական ծրագրերի ղեկավար Սուսաննա Հայրապետյանը, այսպիսի ծրագրեր ՀԲ-ն հաստատում է այն երկրների հետ, որոնք ձեռնամուխ են լինում երկարատեւ բարեփոխումների ռազմավարության մշակման եւ իրականացման: Ըստ Ս. Հայրապետյանի, այս նոր ծրագիրը ենթադրում է յուրաքանչյուր երեխայի ինքնատիպությունը հաշվի առնող, խնդիրների լուծման գործնական ունակություններ ուսուցանող կրթական համակարգ, նախկին՝ բավական կարծր ուսումնական մեթոդների փոխարեն: Սա է թերեւս պատճառը, որ, ըստ մշակված չափորոշիչների, առաջին հերթին կրճատվում են թոշակի տարիքի (կամ այդ տարիքին մոտ) ուսուցիչները: «Համաշխարհային բանկի կարծիքն այն է, որ կրճատման ամեն մի դեպքում անհատական մոտեցում պետք է ցուցաբերվի: Մենք գիտենք, որ կամայական մոտեցումներ կան եւ ցավում ենք, որովհետեւ շատ ավելի կարեւոր է այն խնդիրը, որ դրված է մեր առաջ, քան մեկ անձի կամայական մոտեցումն այս գործընթացին»,- կրճատումների հարցում տնօրենների քմահաճ վերաբերմունքի մասին ակնարկին ի պատասխան՝ ասաց ՀԲ լրատվության եւ արտաքին կապերի գրասենյակի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Կրճատման ամեն դեպք առանձին դիտարկվում է նախարարության կողմից: Կառավարության հետ բանակցելիս մենք ասացինք, որ աջակցում ենք ձեզ, բայց օպտիմալացումը պետք է լինի «մարդկային դեմքով», պետք է մշակվեն չափանիշներ, որոնց մեջ, ըստ մեզ, տրամաբանություն կա»,- ավելացրեց Սուսաննա Հայրապետյանը: Ծրագրի բաղադրիչներից առանձնացնենք նոր տեխնոլոգիաների ներդրման հատվածը, որի համար նախատեսված է $7.9 մլն: 600 դպրոցներում կբացվեն համակարգչային ուսումնական կենտրոններ: Եվ ինչպես նախորդ վարկային ծրագրի ժամանակ դասագրքերի շրջանառու ֆոնդ էր ստեղծված, այս անգամ էլ արդեն արդարացված այս ձեւը կկիրառվի համակարգչային կենտրոնների դեպքում: Յուրաքանչյուր երեխայից տարեկան կպահանջվի $15, սակայն, ըստ ծրագրի ղեկավարի, ոչ պարտադրողաբար, հաշվի կառնվի նաեւ տվյալ ընտանիքի սոցիալական վիճակը եւ պակասը կլրացվի համայնքի օգնությամբ: Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցների ծախսմանը, ապա Ս. Հայրապետյանը հույս հայտնեց, որ հաշվետվությունների վերահսկողությունը կխստացվի: Կառավարության եւ ԱրմենՏելի հետ հավանական բանակցություններից հետո էլ 150 դպրոց արտոնյալ զեղչերով կմիանա ինտերնետային ցանցին: Հանրապետության 60 դպրոցում (կախված տվյալ դպրոցի ուսուցչական կազմի պատրաստվածությունից՝ համայնքի գնահատմամբ, ինչպես նաեւ՝ դպրոցի համաձայնությունից) կիրականացվի ուսուցիչների մասնագիտական կատարելագործման փորձնական ծրագիր: 250 ուսուցիչ կվերապատրաստվի համակարգչային տեխնիկայի օգտագործման ուղղությամբ: Ըստ ծրագրերի ղեկավարի, ՀԲ-ի եւ կառավարության քննարկումներում չի եղել չլուծվելու աստիճանի որեւէ վիճելի հարց: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031