Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՊԱՍՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎՈՒՄ ԵՆ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ՝ ԱՃՈՒՄ

Հունվար 29,2004 00:00

ՆՊԱՍՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎՈՒՄ ԵՆ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ՝ ԱՃՈՒՄ Տնտեսական աճի սոցիալական «արտացոլումը» 2003-ի բյուջեում Հայաստանի տնտեսության զարգացման միտումները լավագույնս արտահայտված են պետական բյուջեի կատարողականներում: Դրանք այս օրերին աշխույժ քննարկվում եւ վերլուծվում են պետական գերատեսչություններում՝ կառավարության գնահատականին ներկայացնելու եւ ցուցանիշների բարելավման մասին հանրությանն իրազեկելու համար: Բայց ընդհանրապես, տարբեր տարիների պետբյուջեների կատարողականների համեմատությունը հետաքրքիր փաստերի մասին է վկայում, որոնց ժամանակ առ ժամանակ անդրադառնում ենք: Այս անգամ դիտարկում ենք փաստացի կատարված պետական ծախսերը: Հիմք են ընդունվել վերջին տարիների պետական բյուջեների կատարողականները, իսկ 2003-ի համար՝ կատարողականի օպերատիվ տվյալները: Ամենահետաքրքիր ցուցանիշը բնակչությանը տրվող պետական նպաստներինն է: Պաշտոնական տվյալներով, տնտեսությունը «վագրային ցատկով» աճում է, ՀՆԱ-ն աճում է, պետբյուջեն մեծանում է, բայց նպաստներին ուղղվող գումարները պակասում են: Գոնե փաստացի վճարված գումարները: Օրինակ, 2003 թվականին 20 տոկոսով քիչ նպաստ է բաժանվել Հայաստանի բնակչությանը, քան 2001 թվականին: Սրա պաշտոնական բացատրությունը հետեւյալն է. բնական է, տնտեսությունն աճում է, մարդկանց կյանքը բարեկեցիկ է դառնում, աղքատների թիվը կրճատվում է, հետեւաբար մարդիկ ավելի քիչ փողի աջակցության կարիք են զգում: Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչպես բացատրել այն փաստը, որ 2002 թվականին այդ նպատակով ծախսվել է անհամեմատ քիչ գումար, քան 2003-ին: 2002-ին նպաստների վրա պետությունը շուրջ 300 միլիոն դրամով ավելի գումար է ծախսել, քան անցյալ տարի: Ուրեմն տնտեսությունը հետընթա՞ց ապրեց 2003-ին: Իհարկե՝ ոչ: Խնդիրը նախապատվությունն է: Բայց մինչ պետության ծախսերի նախապատվություններին անդրադառնալը, այլ հանգամանքներ նկատենք, որոնք հիմնավորում են նպաստների համար նախատեսվող գումարների կրճատման անթույլատրելիությունը: Մի կողմ թողնելով, որ շատ ու քիչ փողն ու աղքատությունը մեր չինովնիկների հաշվարկներով հարաբերական եւ յուրօրինակ հասկացություններ են, նկատենք, որ նպաստների նվազմանը զուգահեռ՝ աճում են լայն սպառման ապրանքների ու ծառայությունների գները (մեծ մասամբ օբյեկտիվ գործոններով պայմանավորված), իսկ դրամն արժեզրկվում է: Կառավարությունն ինքն ընդունում է, որ հարյուրից երկու հարյուր դրամով կենսաթոշակները ավելացնելու շնորհիվ նպաստառու ընտանիքների թիվը կրճատելով՝ ապահովված մարդկանց թիվը ոչ մի կերպ չի ավելանում: Այդ մասին է վկայում վերջին փոփոխություններից մեկը, որով կարիքավորության սահմանի որոշման միավորների հաշվարկման մեջ փոփոխություն մտցվեց՝ ցուցակներից ավելի քիչ ընտանիքներ դուրս թողնելու համար: Նախապատվություններից հետաքրքիր է առանձնացնել 1-2-ը: Պետբյուջեի համար ծախսային ոչ տիպիկ երկու ուղղությունները (ընտրություններ եւ մշակութային տներ, ակումբներ) չհաշված, ամենաինտենսիվն աճել են պետական ֆինանսական կառավարման ծախսերը՝ 150 տոկոսով: Վերջին տարիների կատարողականներում որեւէ այլ ոլորտի (ոչ սոցիալական, ոչ էլ կրթական) 150 տոկոսանոց «բարելավում» չկա, ասենք, 2000 թվականի համեմատությամբ: Զուգահեռաբար, բայց համեմատաբար փոքր տեմպերով աճել են նաեւ նախագահի, Ազգային ժողովի, կառավարության աշխատակիցների աշխատավարձերին ուղղվող ծախսերը՝ 40 տոկոսով: Իհարկե, կարելի է վիճել, թե առողջապահության համար (ենթադրաբար պետպատվերով բուժման) նախորդ տարվա համեմատ ծախսվել է 342 տոկոսով ավելի գումար, բայց եթե նշենք, որ փոխարենը 2000-ի համեմատությամբ գրեթե տարբերություն չի տալիս, եւ որ դրամական արտահայտությամբ դա ընդամենը 340 միլիոն դրամ է, ապա պետական ֆինանսական կառավարմանն ուղղված 5.5 միլիարդի նկատմամբ դա թիվ չէ: Իսկ անցած տարում հանրապետությունում մի քանի առիթներով բռնկված համաճարակային վիճակներն ուղիղ համեմատական են այդ երեւույթների նկատմամբ պետության պատրաստվածությանը: Հիգիենիկ հակահամաճարակային վիճակի հսկողության, կանխարգելման համար ծախսվել է 14 տոկոսով քիչ, քան 2000 թվականին էր, եւ 27.5 տոկոսով քիչ, քան նախորդ տարի: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել