Լրահոս
Օրվա լրահոսը

«ՅԱՄԱՆ ՉՏՓԵՑԻՆ»

Հունիս 05,2004 00:00

Թեեւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի համաձայն՝ ոստիկանները երեկ կարող էին հատուկ միջոցներ կիրառել արգելված հանրահավաքը դադարեցնելու համար, նրանք չդիմեցին որեւէ քայլի: Գուցե պատճառը Ստրասբուրգում Ռոբերտ Քոչարյանի նախատեսվող հյուրընկալությո՞ւնն է:

Իսկ գուցե նաեւ այն, որ եվրոպական կառույցների ներկայացուցիչներն արդեն իսկ բացասականորեն էին արձագանքել հանրահավաքն արգելելու որոշմանը: Օրինակ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը երեկ հայտարարեց. «Մենք ցավում ենք, որ սահմանափակվում են մարդկանց ազատ հավաքվելու եւ քաղաքական հայացքները հայտնելու իրավունքները»:

Այնուամենայնիվ՝ օրենքի համաձայն, ոստիկանությունը կարող էր որոշում ընդունել դադարեցնելու արգելված հանրահավաքը: Սահմանելով դադարեցման համար ողջամիտ ժամկետ՝ կազմակերպիչներից կարող էին պահանջել դադարեցնել միջոցառման անցկացումը, իսկ հրապարակային միջոցառումների մասնակիցները պարտավոր կլինեին անհապաղ հեռանալ Մատենադարանի տարածքից: Իսկ եթե կազմակերպիչները ինքնակամ չդադարեցնեին հանրահավաքը՝ ոստիկանությունն արդեն իրավունք ուներ հարկադիր դադարեցնել՝ այդ պահանջի մասին ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով տեղեկացնելով մասնակիցներին: Սակայն հանրահավաքի ժամին Մատենադարանի մոտ ոստիկանության ուժերի գրեթե աննշան ներկայությունը (նախագահի նստավայրի առջեւ կուտակված զինուժի համեմատ) նախանշան էր, որ չեն լինի հարկադիր դադարեցման փորձեր: Եվ իզուր էր մի քանի տասնյակ ոստիկանների կողքով անցնող մի կին ասում նրանց. «Ազիզ ջան, էսօր յաման կտփեք մեզ, չէ՞: Գոնե չոր-չոր տփեք, ա՛յ քո հոր Աստծուն ղուրբան, թե չէ թրջում եք՝ մրսել կա»: Ոստիկաններից մեկը պատասխանեց. «Չէ՛, մենք էն տփող միլիցեքից չենք, մայրիկ ջան»:

Ի դեպ՝ դադարեցման փորձի բացակայությունը նշանակում է, որ հանրահավաքի կազմակերպիչները կամ մասնակիցներն այժմ չեն կարող ենթարկվել պատասխանատվության՝ այդ որոշման պահանջները չկատարելու համար: Թեեւ կազմակերպիչները դեռ կարող են ենթարկվել պատասխանատվության՝ արգելված հանրահավաք անցկացնելու համար:

Այս ամենը միայն տեսական հնարավորություն է, եւ դեռ հայտնի չէ՝ իշխանությունը կդիմի՞ նման քայլերի ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանից առաջ: Սակայն, այնուամենայնիվ՝ երեկ էլ եղավ մի ձերբակալություն: Առավոտյան ժամը 8-ին տնից ոստիկանություն է բերման ենթարկվել «Հանրապետություն» կուսակցության անդամ, Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ Ալիկ Եղիազարյանը: Այդ մասին տեղեկությունը մեզ փոխանցած «Արդարություն» դաշինքի շտաբի անդամ Դուստրիկ Մխիթարյանը հայտնեց, որ մինչ ուշ երեկո ոչինչ հայտնի չէր Ալիկ Եղիազարյանի ճակատագրի մասին: Իսկ Շենավանի «Հանրապետության» տեղական կառույցի ղեկավար Տարիել Սահակյանը հետապնդման մեջ է: Հունիսի 1-ին նրան տնից տարել էին ոստիկանություն, պահել 5 ժամ, ու հետո բաց թողել՝ հաջորդ օրը ներկայանալու պահանջով:

«Արտաքնապես շատ ձերբակալություններ չկան, բայց ակտիվիստներն անցած 2 շաբաթվա ընթացքում հիմնականում զգուշացվել են, որ չմասնակցեն հանրահավաքին: Նման տեղեկություններ ստացել ենք ե՛ւ Աբովյանից, ե՛ւ Արմավիրից, ե՛ւ Գավառից, ե՛ւ Աշտարակից, ե՛ւ Երեւանից»,- ասաց Դուստրիկ Մխիթարյանը: ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը նշեց. «Բացի նրանից, որ հեռուստաեթերում վախեցնող քարոզչություն էր ընթանում, թե սա արգելված հանրահավաք է՝ նաեւ տարել էին մեր աջակիցների մշակման կանխարգելիչ գործընթացներ»:

Նույնի մասին վկայեց նաեւ Գառնի գյուղի մի բնակչուհի (անունը չենք հրապարակում՝ նրան չվնասելու նկատառումով). «Ոստիկանները գալիս, տներից հանում՝ ստորագրություն էին վերցնում, որ չենք մասնակցի հանրահավաքին: Հանել են 50-ից ավելի հոգու սեփական մեքենաների համարները, ովքեր մշտապես մասնակցում են հանրահավաքների, նաեւ թույլ չեն տվել գազ լիցքավորել»:

Աշտարակ-Երեւան ճանապարհի ամեն քայլափոխին ոստիկաններ են կանգնած եղել: Դուստրիկ Մխիթարյանը պատմեց, որ ահազանգ են ստացել Աշտարակի Ոսկեվազ գյուղի ճանապարհի փակման մասին: «Ազգային միաբանության» փոխնախագահ Կորյուն Առաքելյանը հայտնեց. «Հսկողություն կար Արարատի մարզի որոշ ճանապարհներին»:

Իսկ «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանն արդեն հանրահավաքից հետո տեղեկացրեց, որ փորձել են բերման ենթարկել Էդգար Առաքելյանի հորը:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել