Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎՃՌՈՐՈՇԸ ՄԵՐ ԿԱՄՔՆ Է ԵՎ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Հունիս 05,2004 00:00

«ՎՃՌՈՐՈՇԸ ՄԵՐ ԿԱՄՔՆ Է ԵՎ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» Հանրահավաքում հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը Ընդդիմության երեկվա հանրահավաքի առանձնահատկություններից մեկն այն էր, որ առաջին անգամ անցկացվեց արգելվածի կարգավիճակում եւ որ ուժային կառույցները թեպետ լայնամասշտաբ նախապատրաստություն էին տեսել, որեւէ կերպ չմիջամտեցին եւ չցրեցին ժողովրդին։ Ըստ ամենայնի՝ ուժը պետք է կիրառվեր երթի դեպքում, սակայն երթ տեղի չունեցավ։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն իր ելույթում հստակ անդրադարձավ Բաղրամյան պողոտա գնալու մտքին եւ հայտարարեց, որ իշխանափոխությունը առանց Բաղրամյան գնալու էլ կլինի։ Կարեւորը, ըստ Արամ Սարգսյանի, այն է, որ ժողովուրդը չի կոտրվել, որ շարունակում է հավաքվել ու պետք է հավաքվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն հեռացել։ Արամ Սարգսյանը խոսելով Ղարաբաղի հարցի կարգավորման մասին, զարմանալիորեն գովեց Ռ. Քոչարյանին, ասելով. «Ես համոզված եմ, որ ինքը ուզում է հարցը հայանպաստ լուծել։ Բայց համոզված եմ նաեւ, որ չի կարող, քանի որ ինքը լեգիտիմ չէ, եւ հենց այդ պատճառով իրեն անընդհատ նեղելու են Ղարաբաղի հարցում»։ Երեկվա հանրահավաքը մեկ ուրիշ առանձնահատկություն եւս ուներ։ «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչների ելույթներում քննադատության թիվ մեկ օբյեկտը ոչ թե Ռոբերտ Քոչարյանն էր (ինչպես լինում է սովորաբար), այլ՝ Արամ Կարապետյանը։ «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանի ելույթը տեւեց մոտ 30 րոպե եւ բոլոր երեսուն րոպեների ընթացքում պրն Գեղամյանը խոսեց վիճակագրական թվերից, Գեղարքունիքի մարզ իր վերջին այցից, Սերժ Սարգսյանից եւ Արամ Կարապետյանից։ «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, թե միեւնույն է. «Մենք հասնելու ենք ժողովրդավարության եւ օրինականության հաստատմանը, որովհետեւ ես տեսնում եմ ներքին ձգտում, արդարության եւ օրինականության ներքին պահանջ»։ Նկատի ունենալով ընդդիմության հասցեին Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս արած հայտարարությունները, Ստեփան Դեմիրճյանն ասաց, թե «ոմանք մոռանում են, որ նախագահի պաշտոնը զազրախոսության համար չէ»։ «Արգելված հանրահավաքի հաջորդ առանձնահատկությունն այն էր, որ ելույթ ունեցան ոչ միայն քաղաքական գործիչներ, այլեւ՝ Գուսան Համազասպը։ Վերջինս հանգավորված քննադատեց իշխանություններին՝ յուրաքանչյուր գուսանական հանգից հետո ավելացնելով «Դլե յամանը»։ Արշակ Սադոյանի խոսքում հնչեց «բակերով եւ թաղերով» համախմբվելու կոչը։ Պրն Սադոյանը միանշանակ պնդեց, որ եթե մարդիկ համերաշխ հավաքվեն եւ ստացվի մոտ 20 հազարանոց բազմություն, ապա այս իշխանությունների հարցերը լուծված են։ ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը խոսեց սոցիալական քարտերից, հայտարարելով, որ եթե Միացյալ Նահանգներում դա կատարվում է կամավորության սկզբունքով, ապա մեզ մոտ՝ պարտադիր է։ Ինչը նշանակում է, որ նաեւ այդ կերպ են ոտնահարվում մարդու եւ քաղաքացու իրավունքները։ Իշխանության հետ երկխոսությունից այլեւս ոչ ոք չէր խոսում։ Ընդդիմության առաջնորդների ելույթների հիմնական լեյտմոտիվը հետեւյալն էր՝ ժողովրդի կամքը չի կոտրվել։ Ժողովուրդը պետք է հավաքվի որքան հնարավոր է շատ։ Իշխանափոխության պահանջը առաջին հերթին ժողովրդական պահանջ է։ Հաջորդ առանձնահատկությունն այն էր, որ հանրահավաքը վարող Ալբերտ Բազեյանը երկու անգամ հնչեցրեց «կեցցե» բառը։ Առաջին «կեցցեն» վերաբերում էր երկրի Սահմանադրությանը. «Կեցցե մեր Սահմանադրությունը, մենք առաջնորդվում ենք Սահմանադրությամբ եւ հետեւողական ենք երկրում սահմանադրական կարգի վերականգման գործում»,- ասաց Ալբերտ Բազեյանը։ Հաջորդ «կեցցեն» հնչեց հայ ժողովրդի հասցեին եւ հանրահավաքին ներկա «հայ ժողովուրդը» արձագանքեց միասնական «կեցցե»-ներով։ Ալբերտ Բազեյանը հանրահավաքի վերջում ներկայացրեց ընդդիմության հետագա քայլերը։ Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը 19-ին, Մատենադարանի մոտ։ Մինչ այդ ընդդիմությունը կկազմակերպի «դահլիճային» միջոցառում, որի ժամանակ կներկայացվի երկրի ապագայի, զարգացման ընդդիմության ծրագիրը։ Ալբերտ Բազեյանը հավաքվածների ներողամտությունը հայցեց, ասելով, որ թեպետ նախորդ հանրահավաքում հայտարարված էր, որ հաջորդը (այսինքն՝ երեկվանը) կլինի անընդհատ, կլինեն նստացույցեր եւ այլն, բայց որոշ խնդիրներ պարզապես չեն հասցրել լուծել եւ այդ պատճառով է, որ այս անգամ խոստումը չի կատարվել։ Ամեն դեպքում, Մատենադարանի մոտ հավաքված բազմությունը կարծես դժգոհ չէր ընդդիմությունից։ Երբ մինչ հանրահավաքի սկիզբը մի քանիսից փորձեցի ճշտել՝ ի՞նչ ակնկալիք ունեն ընդդիմությունից եւ հավատո՞ւմ են արդյոք, որ հանրահավաքների միջոցով հնարավոր է իրականացնել իշխանափոխություն, մարդիկ պարզապես զայրանում էին հարցիցս. «Ի՞նչ սադրիչ հարց ես տալիս, իհարկե, հավատում ենք։ Բա ի՞նչ անենք, մենք ուրիշ ձեւ չգիտենք։ Մեկ է, իշխանությունը գնալու է»։ Իսկ երբ հարցրի՝ եթե այդքան հավատում են, ինչո՞ւ չի հավաքվում անհրաժեշտ «կրիտիկական մասսան», հանրահավաքի մշտական մասնակիցները ավելի վրդովված բացատրեցին. «Մարդիկ վախենում են, հըլը թող ճամփեքը չփակեն, կտեսնեք, թե ինչքան մարդ կգա։ Վաղարշակ Հարությունյանի նման գեներալին բռնեցին, մեզ կբռնեն ու կբռնեն»։ Ի դեպ, Վաղարշակ Հարությունյանի մասին Արամ Սարգսյանը երեկ հայտարարեց, թե հաջորդ հանրահավաքին կմասնակցի Վաղարշակ Հարությունյանը։ Սա, ըստ երեւույթին, պրն Սարգսյանի շատ մեծ ցանկությունն է։ Իսկ թե ի՞նչ են մտածում այս մասին Վաղարշակ Հարությունյանին բռնողները՝ կերեւա հունիսի 16-ին։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել