Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ

Հունիս 15,2004 00:00

ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ Օրերս Բեյրութում կայացել է ֆոտոլրագրող Հակոբ Բերբերյանի առաջին անհատական ցուցահանդեսը, որը բարեգործական էր: Ցուցահանդեսի ողջ հասույթը ուղղվելու է Սբ. Հռիփսիմյանց վարժարանի սովորողների կարիքները հոգալուն: Հ. Բերբերյանը Բեյրութ էր գնացել վարժարանի տնօրինուհի քույր Թեոբիստեի հրավերով: Քույր Թեոբիստեն, պատահաբար տեսնելով Հակոբի աշխատանքներից մեկը, որտեղ պատկերված էր Նորավանքը, հղացել էր վարժարանի 80-ամյակին նվիրված ցուցահանդես կազմակերպելու գաղափարը: Ցուցահանդեսի թեման հայրենի բնությունն էր ու Հայաստանի վանքերը: Միջոցառմանը ներկա էին լիբանանցի ճանաչված լուսանկարիչներ: Նրանցից մեկը՝ Հովհաննես Շիրազը շատ բարձր է գնահատել Հակոբի արվեստը ու ասել, որ ցուցահանդեսը կարելի է կայացած համարել, քանի որ քչերին է հաջողվում 1 ժամվա մեջ 15 լուսանկար վաճառել: Հայաստանցի լուսանկարիչը իրեն երջանիկ է համարում, որ արժանացել է Շիրազի նման լուսանկարչի գնահատականին: Հ. Բերբերյանին ընդունել է նաեւ Կիլիկիայի կաթողիկե եկեղեցու վանահայր Ներսես-Պետրոս 19-րդը, աջակցել է հայ կաթողիկե եկեղեցու կրթական ծրագրերի ղեկավար հայր Վարդան Աշգարյանը: «Ցավում եմ, որ առաջին անհատական ցուցահանդեսս ոչ թե հայրենիքում, այլ դրսում կազմակերպվեց: Գիտեմ, որ իմ կոլեգաներից շատերն էլ ցուցահանդեսներ են կազմակերպում Աֆրիկայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում եւ այլուր, իսկ հայրենիքում նրանց չեն ճանաչում: Հայաստանում մի ծայրահեղություն էլ կա՝ մարդիկ երբեմն անհատական էքսպոզիցիա են հավաքում՝ անունը դնում ցուցահանդես ու այն դառնում է «պրեստիժի» նման մի բան: Մինչդեռ այն ինքնանպատակ չպետք է լինի»,- նկատեց Հ. Բերբերյանը: Ամենաթանկը գնահատվել են նրա այն լուսանկարները, որոնցում Նորավանքն էր՝ ծաղիկների մեջ, Էջմիածնի տաճարը, Շառլ Ազնավուրը եւ անձրեւային Երեւանը: Ամերիկացի այցելուներին գրավել է Գառնո տաճարը, նրանք խոստովանել էին, որ առաջին անգամ են Գառնին նման գույներով տեսնում: «Մի կողմից երջանիկ եմ, որ բոլոր նկարներս վաճառված են, մյուս կողմից ափսոսում եմ, որ իմ մասնիկը թողել եմ այլ տեղ: Ես կուզենամ, որ իմ կոլեգաներն էլ նման ցուցահանդեսներ ունենան, ու այնպիսի հոգեկան բավարարություն ստանան, ինչպիսին ես ունեմ: Այս ցուցահանդեսից ես ֆինանսական օգուտ չստացա, որովհետեւ նպատակս բիզնեսը չէր, փոխարենը հնարավորություն ունեցա ճանաչել Լիբանանը, որը Մերձավոր Արեւելքի մարգարիտն է: Քաղաքն ասես Փարիզը լիներ՝ թե տեսարժան վայրերով, թե խիստ նորաձեւ հագնված գեղեցիկ կանանցով»,- պատմեց Հակոբը: Ի դեպ, նրան բացառիկ հնարավորություն է ընձեռվել նաեւ հանդիպել Լիբանանի լրագրողների միության նախագահ Մելհեմ Քարամի հետ, որին նվիրել է Արարատի բացառիկ լուսանկար: Այնտեղ լեռը լուսանկարված է Եղեգնաձորից, եւ Հակոբի պնդմամբ օրվա մեջ 10 րոպե է նման տեսք ունենում. ամպերն այնպես են դասավորվում, ասես Արարատից ժայթքող շանթեր լինեն: Մ. Քարամին ցնցել է յուրօրինակ լուսանկարը, նա էլ իր հերթին է հայ լուսանկարչին անակնկալ մատուցել՝ նվիրելով թանկագին քարերից ու ոսկուց պատրաստված համրիչ՝ թզբեհ: «Մելհեմ Քարամը տեղի ամենախոշոր տպագրական մագնատներից է, նրա հետ Լիբանանի նախագահը հաշվի է նստում: Ընդհանրապես Լիբանանում մամուլն իսկապես 4-րդ իշխանություն է»,- տեղեկացրեց Հ. Բերբերյանը: Լուսանկարչի կարծիքով, Հայաստանում շատ են շնորհալի լուսանկարիչները, սակայն պետական մակարդակով լուսանկարչությունը չի խրախուսվում: «Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանը չունի լուսանկարչական պատկերասրահ: Շատ լավ է, որ կա Երվանդ Քոչարի կամ Սարյանի տուն-թանգարան: Բայց մենք նույնքան անվանի լուսանկարիչներ ունենք, որոնց աշխատանքները կզարդարեն աշխարհի ուզածդ պատկերասրահը: Հայաստանում լուսանկարչությունը գնահատում են, դիցուք՝ գեղանկարչության չափանիշներով, նույնն է թե ջազային երաժշտությունը չափել Կոմիտասով»,- կարծում է Հ. Բերբերյանը: Հոկտեմբերին «Արմինֆո» լրատվական գործակալության ֆոտոծառայության գլխավոր խմբագիր Հ. Բերբերյանը նոր ցուցահանդեսով հանդես կգա՝ նվիրված 18-րդ դարում հիմնադրված Զոմառի եկեղեցուն, որտեղ պահպանվում են հայկական մշակութային արժեքներ: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել