Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՒՆԱՎԵ՞Տ Է ԾԱԽՍՎՈՒՄ ՎԱՐԿԸ

Հունիս 16,2004 00:00

ԱՐԴՅՈՒՆԱՎԵ՞Տ Է ԾԱԽՍՎՈՒՄ ՎԱՐԿԸ ԱԺ վերահսկիչ պալատի հաշվետվության մասին քաղաքական քննարկումներն ընթացան՝ առանց անդրադառնալու բուն նյութին, թե ի վերջո ի՞նչ էր պարզել այս կառույցը: Ուշացումով լրացնում ենք այս բացը, մեջբերելով ՀԲ-ի տրամադրած վարկի հաշվին՝ դատարանների շինարարության ընթացքում բացահայտված որոշ թերությունների մասին տվյալներ: Ըստ հաշվետվության՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատարանի շենքի շինարարության ընթացքում արձանագրվել են իրարամերժ տվյալների առկայության բազմաթիվ փաստեր: 2002-ին պայմանագիր էր կնքվել «Արբեքս» ընկերության հետ, որը շինարարությունը պիտի իրականացներ 430280 դոլարով, 2003-ի հոկտեմբերին պայմանագիրը խզվել է, եւ նոր պայմանագիր կնքվել 2004-ի ապրիլին: Նոր պայմանագրի արժեքն արդեն 847300 դոլար է: Ավելին՝ «Արբեքսի» կողմից այս դատարանի շենքի հողային աշխատանքները կատարելիս վթարային է դարձել հարեւանությամբ գտնվող Ներսիսյան 12 բնակելի շենքը, եւ վարկային միջոցներից 7161 դոլար վճարվել է դրա ամրացման համար: Աշտարակի դատարանի շենքի շինարարությունը պայմանագրով պիտի ավարտվեր 2002-ի նոյեմբերին: Սակայն ԱԺ ՎՊ-ի վերահսկողության ավարտին դեռեւս ավարտված չէին աշխատանքները, սակայն չէին կիրառվել ժամկետի խախտման համար պայմանագրով նախատեսված տույժերը՝ օրը 0,1%: Ծրագրով նախատեսված 4 տարվանից վերահսկողության պահին անցել էր 2,5 տարի, սակայն նախատեսված 20 դատարանի շենքերից ավարտված էին միայն 2-ը, եւ սկսվել էին եւս 9-ի աշխատանքները: Վանաձորի դատարանի շենքը պետք է պատրաստ լիներ 2003-ի սեպտեմբերին, սակայն 2004-ի մայիսի 1-ին իրականացված էր աշխատանքների ընդամենը 80%-ը: Գյումրիի դատարանի շենքը պետք է պատրաստ լիներ 2004-ի հոկտեմբերին, սակայն մայիսի 1-ի դրությամբ կատարված էր աշխատանքների միայն 30%-ը: Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատարանի շենքի շինարարությունը պետք է ավարտված լիներ 2004-ի հունիսին, սակայն մեկ ամիս առաջ կատարված էր աշխատանքների ընդամենը 35%-ը: Այս ամենը բնավ չեն վկայում Դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի միջոցների արդյունավետ օգտագործման մասին: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել