Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին «Արմմոնո»

Սեպտեմբեր 07,2004 00:00

Կրկին «Արմմոնո» Փառատոնի փակագծերի բացումը՝ փակումից հետո Սեպտեմբերի 14-ին կմեկնարկի «Արմմոնո» մոնոներկայացումների երեւանյան երկրորդ միջազգային թատերական փառատոնը։ Անցյալ տարի փառատոնի մասնակից 10 երկրների թիվը այս տարի վերաճել է 14-ի։ Հիշեցնենք, որ փառատոնի անցկացման գաղափարը Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանինն է։ «Առավոտի» հետ զրույցում ռեժիսորը հայտնեց, որ առաջին փառատոնից հետո «Արմմոնոյի» հանդեպ արտերկրի թատերական միջավայրում հետաքրքրությունն այնքան է աճել, որ նույնիսկ հայտ ներկայացրած որոշ երկրների մասնակցությունը, հասկանալի պատճառներով (ժամանակ, ֆինանս եւ այլն) պարզապես հնարավոր չէր։ Հ. Ղազանչյանի խոսքերով, այս ամենն անցյալ տարվա փառատոնի հաջող անցկացումն էր եւ հայ դերասաններ Հայկ Զորիկյանի, Արամ Հովհաննիսյանի հաջող բեմելը Ուկրաինայում կայացած մոնոներկայացումների փառատոնին։ «Առավոտի» հարցին՝ «Ովքե՞ր են աջակցում այս տարվա փառատոնին», պարոն Ղազանչյանը պատասխանեց. «Մշակույթի նախարարությունը, Թատերական գործիչների միությունը (ԹԳՄ), Թատերական միջազգային ինստիտուտը, Հայաստանի ազգային եւ «Բեմական խաչմերուկ» մշակութային կենտրոնները»։ Արտերկրի դերասանների ընտրությունը կատարել է Հ. Ղազանչյանը՝ ԹԳՄ-ի հետ համատեղ, իսկ հայ դերասաններինը՝ այդ միության առաջարկով։ «Դիտել ենք արտերկրից ուղարկված տեսաժապավեններ ու ընտրություն կատարել»,- ասաց փառատոնի կազմակերպիչը, ավելացնելով, որ ցանկացած ընտրություն, այնուամենայնիվ, իր մեջ սուբյեկտիվ տարրեր է ընդգրկում։ Հայ հանդիսականը կհանդիպի Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Մակեդոնիայի, Սլովենիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Իրանի, Սերբիայի, Լատվիայի ու, բնականաբար, մեր դերասաններին։ Մոնոներկայացումների ժամանակ հանդիսատեսին կբաժանվի տվյալ բեմականացման տեքստը՝ հայերեն եւ անգլերեն։ Փառատոնը կբացվի Կարինե Խոդիկյանի «Երկրորդ կտակ» մոնոպիեսով։ Այստեղ իրենց բեմական վարպետությունը կցուցադրեն միանգամից երկու դերասանուհիներ՝ Էլիզաբեթ Հեսսը (ԱՄՆ) եւ Բեատե Էհլերսը (Գերմանիա)։ Պարոն Ղազանչյանը նշեց փառատոնի գլխավոր ձեռքբերումը՝ դրա շնորհիվ հայ դերասաններին հնարավորություն է ընձեռվում դուրս գալ միջազգային ասպարեզ։ Այս տարվա հոկտեմբերին հայ դերասանները կմասնակցեն Մոսկվայի, նոյեմբերին՝ Վրոցլավի (Լեհաստան), այնուհետեւ՝ Քիլի (Գերմանիա) մոնոներկայացումների միջազգային փառատոներին։ «Առավոտի» դիտարկմանը՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթից» հետո, հենց թեկուզ ֆինանսական առումով, բարդ չէ՞ անցկացնել այս փառատոնը», Հակոբ Ղազանչյանը խոստացավ փառատոնի փակումից անմիջապես հետո բավարարել մեզ հետաքրքրող բոլոր հարցերը։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել