Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՐԺՈՒՄԸ ԿՐԿԻ՞Ն ՍԿՍՎԵԼՈՒ Է ԱՐՑԱԽԻՑ

Սեպտեմբեր 09,2004 00:00

ՇԱՐԺՈՒՄԸ ԿՐԿԻ՞Ն ՍԿՍՎԵԼՈՒ Է ԱՐՑԱԽԻՑ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները՝ որպես ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպելու նախադեպ: Վերջին տասնօրյակում ԼՂՀ-ում եւ Հայաստանում անցկացվեցին ընտրություններ: Եթե Եղվարդի թիվ 44 ընտրատարածքում պատգամավորի ընտրությունը մեծ աղմուկ առաջացրեց եւ, ի վերջո, անվավեր ճանաչվեց, ապա մամուլը եւ հասարակությունը գրեթե լռության մատնեցին Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները: Եվ իզուր, որովհետեւ այն, ինչ տեղի ունեցավ Ստեփանակերտում, կարող է խոշոր գործընթացի սկիզբը դառնալ մեր իրականության մեջ: Բանն այն է, որ Ստեփանակերտում կայացան ազատ եւ արդար ընտրություններ, եւ քաղաքապետ ընտրվեց ոչ իշխանության թեկնածուն: Նախընտրական շրջանը, երկու փուլով ընտրությունները եւ բուն քվեարկությունը անցան ժողովրդավարական մթնոլորտում, չնայած այն բանին, որ կառավարությունն ուներ իր թեկնածուն եւ օգտագործում էր վարչական ռեսուրսը: Սակայն կառավարությունը քվեարկության ընթացքին եւ ձայների հաշվարկին չմիջամտեց, եւ թեկնածուներին տրված քվեները լիովին համապատասխանում են քվեարկության արդյունքներին: Հիմնական թեկնածուներն էին Լեռնային Ղարաբաղի ԱԺ պատգամավոր Է. Աղաբեկյանը եւ Պ. Նաջարյանը, ովքեր Ստեփանակերտում բավական հեղինակություն են վայելում: Է.Աղաբեկյանը ԼՂՀ ԱԺ այն քիչ պատգամավորներից էր, ովքեր կառավարության ընդդիմախոսն էին խորհրդարանում: Երկու թեկնածուների հնարավորությունները գնահատվում էին մոտավորապես հավասար: Ստեփանակերտի դիտորդները նշում են, որ Պ. Նաջարյանի պարտության պատճառներից մեկն էլ այն էր, որ նա կառավարության թեկնածուն էր: Է. Աղաբեկյանը վերջերս հիմնել է «Շարժում-88» կազմակերպությունը, որին միացել են կամ աջակցություն հայտնել մի քանի կազմակերպություններ: Նրանց աջակցությունը զգալի դեր է խաղացել ընտրության ընթացքում: Երկրորդ փուլում Է. Աղաբեկյանին աջակցելու հայտարարություն է արել նաեւ ՀՅԴ Արցախի կազմակերպությունը: Հավանաբար, դա խորթ կհնչի հայաստանցիներիս ականջին, բայց ԼՂՀ բանակը եւ իրավապահները (ոստիկանությունը, դատախազությունը) ընդհանուր առմամբ չեն միջամտել քաղաքապետի ընտրությունների ընթացքին, բացի օրենքով սահմանված իրենց պարտականությունները կատարելուց: Օրենքի սահմաններում է գործել ԿԸՀ նախագահը: Այնուհետեւ՝ ունենալով իր թեկնածուն, կառավարությունը չի գնացել կեղծիքների եւ խախտումների ճանապարհով (չնայած կան վարչական ռեսուրսը կոպտորեն գործադրելու մի քանի օրինակներ): Եվ, վերջապես, ամենակարեւորը՝ հասարակության, ընտրողի քաղաքացիական բարձր գիտակցությունը, որ գնացել է ընտրության եւ տեր կանգնել իր ընտրությանը, ինչն էլ զսպել է բոլոր պոտենցիալ խախտողներին ու կեղծարարներին, բացառել ընտրակաշառքը: Մի բան, որ նորություն է վերջին տասնամյակի հայաստանյան իրողությունների համար: Մեզանում այնքան է ապականվել ընտրական համակարգը, որ վերը նշվածը անհավանական է թվում: Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունը, իրականում, խոշոր քաղաքական երեւույթ էր եւ էական նշանակություն կարող է ունենալ հայկական իրականության մեջ՝ ներհասարակական ռեֆորմացիայի իմաստով: Անկախության շրջանում, տասնամյակ անց, հայկական իրականության մեջ վերջապես ստեղծվեց այն նախադեպը, որը գուցե թմբիրից հանի մեր հասարակական-քաղաքական համակարգը: Առանց որի, երկիրը շարունակելու է հետընթացը՝ դրանից բխող հետեւանքներով: Ստեփանակերտի քաղաքապետի ընտրության շուրջ քաղաքական զանազան շրջանակների եւ մամուլի լռությունից, սակայն, տպավորություն է ստեղծվում, թե ոչ մեկին առայժմ պետք չեն բարեփոխումներ. բոլորը լավ են զգում իրենց տեղում եւ վերապահված դերերում: ՄԵԼԻՔ ԱՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել