Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԵԼԱԳԱՐԻ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾՈՎ ՄԻ՛8217 ՄԵԿՆԱԲԱՆԵՔ

Սեպտեմբեր 11,2004 00:00

ԽԵԼԱԳԱՐԻ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾՈՎ ՄԻ՛8217 ՄԵԿՆԱԲԱՆԵՔ Նման հորդորով երեկ հանդես եկավ սահմանադրական փոփոխությունների հեղինակներից մեկը՝ Արմեն Հարությունյանը ՀՀ նախագահի նախաձեռնությամբ 2003-ին կայացած հանրաքվեի ժամանակ ժողովուրդը չընդունեց Սահմանադրության փոփոխությունները: Սակայն այդ փոփոխությունների հեղինակներն աննկուն են: Շուտով կրկին մեր քաղաքացիները կգնան հանրաքվեի եւ կպատասխանեն՝ «կո՞ղմ եք սահմանադրական բարեփոխումներին» հարցին: Բնականաբար, գաղափար չունենալով, թե ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը: Այս անգամ հանրաքվեն կիրականացվի ԱԺ-ի նախաձեռնությամբ, որը եւ կորոշի ժամկետները: Մամուլի ազգային ակումբը սահմանադրական փոփոխությունների քննարկումների շարք է նախաձեռնել: Երեկ բարեփոխումների մասին իշխանական թեւի տեսակետներն էր արտահայտում նախագահի՝ սահմանադրական հարցերով ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը: Պատասխանելով ընդդիմության հնչեցրած հիմնական մեղադրանքներին, թե այս ամենի արդյունքում կավելանան նախագահի լիազորությունները, նա պնդեց. «Դա բացարձակապես այդպես չէ: Այս փոփոխություններն այն գործընթացը չեն, որի հիմքում ընկած փիլիսոփայության չափանիշը լինի, թե՝ քանակական առումով նախագահին տրված լիազորությունները ավելացա՞ն, թե՞ պակասեցին: Կարելի է մի բնագավառում մի լիազորություն տալ, մի այլ բնագավառում 4-5 այլ լիազորություն պակասեցնել, եւ այդ մի լիազորությամբ ամբողջ դերակատարությունը խիստ մեծացնել, բայց քանակական առումով ստացվի, որ պակասել է: Չի կարելի պլյուս-մինուսի գործողության վերածել»: Որպեսզի ապացուցի, որ իրականում նախագահի լիազորությունները սահմանափակվել են, պարոն Հարությունյանը բերեց հետեւյալ օրինակները. «Եթե գործող Սահմանադրությամբ նախագահը կառավարության լրիվ ակտերը պիտի վավերացնի, որ իրավական ուժ ստանան, ապա հիմա դա վերացվել է: Բացի այդ, նախագահն այսօր կարող է ցանկացած պահի, բացի մի քանի դեպքից, լուծարել ԱԺ-ն, իսկ փոփոխություններից հետո նա ընդհանրապես չի կարող ազատել ԱԺ-ն, բացի մի քանի դեպքերից: Կարող է ցրել ԱԺ-ն, եթե ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ: Ազատ արձակման ինստիտուտը գործում է միայն աբսուրդային դեպքերի ժամանակ. 4-5 դեպքեր են, որոնք դե ֆակտո չեն էլ կարող լինել»: Կառավարության ձեւավորման հարցը, որ նույնպես դարձել էր ընդդիմության քննադատության թիրախ, ըստ պարոն Հարությունյանի՝ «դեռ քննարկվում է, եւ առայժմ անիմաստ է խոսելը դրա մասին»: Քանի որ լրագրողների հարցերի հիմնական մասը ընդդիմության արտահայտած քննադատությունների արտացոլումն էր, պարոն Հարությունյանը, ի մի բերելով դրանք, նկատեց. «Սահմանադրությունը չի կարելի խելագարի կանխավարկածով մեկնաբանել: Թող այդ մարդիկ բերեն ամենալավ Սահմանադրությունը, եւ ես նույն խելագարի կանխավարկածով ցույց տամ, որ դա աբսուրդ Սահմանադրություն է»: Իսկ ընդհանրապես, թեեւ ինքը՝ Ա. Հարությունյանը, սահմանադրական բարեփոխումների հեղինակներից է, սակայն կարծում է, որ եթե դրանք կրկին չընդունվեն, որեւէ սարսափելի բան չի լինի. «Երկիրն առանց Սահմանադրության չի մնա, մենք ոչ թե վատ Սահմանադրությունն ուզում ենք լավը դարձնել, այլ գործող Սահմանադրությունն ուզում ենք ներդաշնակ դարձնել կյանքում առաջացած նոր իրավիճակների հետ: Եթե ընդունվում է՝ լավ, չի ընդունվում, նշանակում է, որ հասարակությունը համարում է, թե եղած Սահմանադրությունը բավարարում է մեր պահանջներին»: «Առավոտի» նկատառմանը, թե գուցե ավելի նպատակահարմար կլիներ այդ փոփոխությունները ոչ թե փաթեթով ներկայացնել հանրաքվեի, այլ առանձին, որպեսզի ժողովուրդն իմանար, թե կոնկրետ ինչի համար է քվեարկում, օրինակ՝ «Կո՞ղմ եք երկքաղաքացիությանը» եւ այլն, պարոն Հարությունյանը չհամաձայնվեց. «Պետք է փաթեթով դրվի, բայց փաթեթի ամեն կետը բացատրվի: Այդ փոփոխությունները մի համակարգ են եւ պետք է իրենց օրգանական կապի եւ միասնության մեջ երեւան: Եթե կտրտված նայենք՝ միասնական պատկերը պարզ չի լինի մեզ համար»: Ինչպես եւ սպասվում էր, Սահմանադրության փոփոխության դեպքում կհանվի ներկայիս Հիմնական օրենքով ամրագրված երկքաղաքացիության արգելքը: Թե ինչով է դա հղի՝ ակնհայտ է: Իսկ նախագահի ներկայացուցչի խոսքերով, դա ընդամենը կանխարգելիչ քայլ է. «Երկքաղաքացիության հարցը լուծվելու է օրենքով, բայց այդ կետը կարող էր խոչընդոտել: Այդ պատճառով հանվել է, որ մենք մեզ չսահմանափակենք»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել