Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ «ՀԱՄԼԵՏԸ»

Սեպտեմբեր 17,2004 00:00

ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ «ՀԱՄԼԵՏԸ» Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Մուրադ Ջանիբեկյանը նկարահանում է նոր «Համլետ»: Նա այդ մեկժամանոց ֆիլմի պրոդյուսերն է, ռեժիսորը եւ գլխավոր դերակատարը: «Համլետում» ներգրավված են նաեւ դերասաններ Կ. Ստանիսլավսկու եւ Գ. Սունդուկյանի անվան թատրոններից: Թագավորի դերը կատարում է Ս. Մանղալյանը, Գ. Գաբրիելյանը խաղում է Պոլոնիուս, Լ. Ջանիբեկյանը՝ թագուհի, մյուս դերակատարները թատերական ինստիտուտի ուսանողներ են: Հատուկ այս ֆիլմի համար երաժշտություն է գրել Վահե Հայրապետյանը: Մ. Ջանիբեկյանը պատմեց, որ հանուն ֆիլմի վաճառել է սեփական տունն ու ամառանոցը, ինչի համար չի զղջում. «Եթե մի 200 տարի ապրեի, գուցե մի բան հետ գցեի, բայց աչքդ թարթում ես՝ կյանքդ անցնում է: Դրա համար որոշեցի մնայուն բան թողնել»: Անցած տարի Մուրադը Համլետի մարմնավորմամբ արդեն հանդես էր եկել «Հայֆեստ» փառատոնում: Դա նկարահանվելիք «Համլետի» յուրօրինակ նախաբանն էր: «Ես երկար տարիներ ափսոսել եմ, որ ճակատագիրը հնարավորություն չի ընձեռել մոտենալ մեծն Շեքսպիրին, ուստի ուրախությամբ ընդունեցի փառատոնում Համլետ խաղալու առաջարկությունը»,- հիշեց Մուրադը: Նա իր Համլետին բնութագրեց որպես «Աստծո ուղարկած, ոչ մի կրոնի չպատկանող այն պատգամավորը, որը եկել է պղծությունից երկիրը փրկելու»: Մ. Ջանիբեկյանը նշեց, որ ֆիլմում մի քանի կարեւոր սինթեզ-նորամուծություն կա: Առաջինը լեզվի սինթեզն է. «Համլետում» հնչում է եւ հայերեն, եւ բրիտանական անգլերեն: Եթե ես Համլետի լեզուն սովորել եմ, ինչո՞ւ իմն էլ չհնչի»: Ռեժիսորը փորձել է վերարտադրել շեքսպիրյան ժամանակի «Գլոբուս» թատրոնի կոլորիտը, եւ ֆիլմում կինոն ու թատրոնը միահյուսվել են: Մուրադի ֆիլմում շեքսպիրյան ժամանակաշրջանի, բայց միաժամանակ արդիական, մերօրյա Համլետը այլ առաքելություն ունի. նա գալիս է ոչ թե պատժելու, այլ մարդկանց մեղքերից մաքրելու: Նոր «Համլետում», ըստ ռեժիսորի, շատ բան նորովի է արտացոլված ու մեկնաբանված: Մուրադն իր հերոսին համարում է բիբլիական Համլետ: Հետաքրքրվեցինք՝ «Ունե՞ք մտավախություն, որ ձեր ֆիլմը, ինչպես Համլետն էր ասում, կարող է դուր չգալ Ամբոխին, այլ ընդամենը Խուժանին գոհացնել: Ի դեպ, չի բացառվում, որ ձեր կերտած Համլետը համեմատեն Ինոկենտի Սմոկտունովսկու մարմնավորած Համլետի» հետ»: «Իմ ֆիլմը նկարել եմ մի շարք խնդիրներ նկատի ունենալով: Օրինակ, լեզվի սինթեզն արել եմ համաշխարհային ասպարեզ դուրս գալու համար, որովհետեւ մի 10 տարի հետո հայ երիտասարդությունը եւ լավ անգլերեն կիմանա, եւ կտիրապետի կոմպյուտերին: Այնպես որ, երկլեզու «Համլետը» երեւի դուր կգա: Եթե մտածեի, որ արել եմ այն, ինչ իմ դիմացինն էլ կարող էր անել, հաստատ չէի անի: Նաեւ սիրում եմ անդունդի եզրով քայլել, անկախ նրանից՝ կկործանվե՞մ, թե՞ բարձունք կապրեմ: Ինչ վերաբերում է Ամբոխին, այն ունի յուրահատկություն. երբեմն կարող է այնպիսի բան հավանել, որ սովորական չափանիշներով անընդունելի է»,- պատասխանեց Մ. Ջանիբեկյանը: «Եթե մի 20%-ին ֆիլմը դուր չգա, թող չնայեն: Ի վերջո, մարդիկ կան, որ սիրում են միայն սերիալներ նայել: Հիշում ե՞ք, մի քանի տարի առաջ բրազիլացի դերասանուհու Հայաստան գալու առիթով ի՜նչ իրարանցում էր: Գուցե այդպես իրար չխառնվեին, երբ Ալ Պաչինոն գար Երեւան»,- հիշեց դերասանը: Մ. Ջանիբեկյանը համոզված է, որ ի վիճակի է նորմալ ֆիլմ նկարել, որովհետեւ կինոյի հետ կապ ունի արդեն 26 տարի, իսկ Ռուսաստանում աշխատել է կինոաշխարհի «լուրջ փղերի»՝ Եվգ. Եվստիգնեեւի, Լ. Ֆիլատովի, Ն. Անդրեյչենկոյի եւ այլ հայտնի դերասանների հետ: Մուրադը վստահեցնում է նաեւ, որ ծանոթ է կինոյի ողջ ներքին խոհանոցին, դրա համար էլ հեշտությամբ է հաղթահարում ֆիլմի ստեղծման տեխնիկական դժվարությունները: Սկսնակ ռեժիսորը ձեռնպահ մնաց հրապարակել «Համլետի» բյուջեն, ընդամենն ասաց. «Ֆիլմ նկարելու համար այդ գումարը քիչ է, իսկ ինձ համար սարսափելի մեծ է՝ միլիոններ, որովհետեւ այս պայմաններում արվեստագետները մտածում են նախեւառաջ գոյատեւելու մասին»: Հայկական «Համլետը» հանդիսատեսի դատին կհանձնվի սեպտեմբերի վերջին: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել