Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐ, ԻԶՈՒՐ ՄԻ՛ ԺԽՏԻՐ

Սեպտեմբեր 24,2004 00:00

ՆԱԽԱՐԱՐ, ԻԶՈՒՐ ՄԻ՛ ԺԽՏԻՐ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը հերթական անգամ հերքել է «Առավոտի» հրապարակած այն տեղեկությունը, թե Սեւանի «Նոյլենդ» հանգստյան տնակների մերձակայքում հուլիսի 31-ին կրակել է ճայերի վրա: Մենք արդեն նշել ենք, որ հանգստացողներից ոմանք են այդ տեղեկությունը հայտնել «Առավոտին», եւ միայն այդ մարդկանց տհաճություններից զերծ պահելու նկատառումներով է, որ չենք հրապարակում նրանց անունները: Եթե առաջին հերքման ընթացքում Վարդան Այվազյանը պնդում էր, թե վերջին 20-25 օրը չի եղել Հայաստանում, այժմ արդեն նա նոր փաստարկներ է ներկայացրել. «Նախ ընդհանրապես որեւիցե մեկը երբեք ճայերի վրա չի կրակում. ճայը իր բնույթով որսի համար նախատեսված թռչուն չէ: Երկրորդ. ի՞նչ եք կարծում, եթե կրակեի, դա կանեի մարդկանց ներկայությա՞մբ, որ խոսակցությունների տեղիք տայի»: Եվս մեկ անգամ նշենք՝ բնապահպանության նախարարը ճայերի վրա կրակել է հարբած վիճակում, ուստի դժվար թե զանազաներ որսի համար նախատեսված թռչուններին: Եվ իր յուրօրինակ «որսն» իրոք արել է մարդկանց ներկայությամբ, որոնք մանրամասն պատմել են, որ թեեւ Վարդան Այվազյանին ուղեկցողներն աթոռ էին բերել նրա համար՝ նախարարը կրակում էր կանգնած: Մի քանի անգամ կրակելուց հետո նրան մի կողմ են տարել, սակայն նա վերադարձել ու նորից է կրակել: «Նոյլենդի» տնօրենի որդին՝ Արման Բիչախչյանը, ի դեպ, այս առնչությամբ հավաքվածներին տեղեկացրել է, թե Սեւանի արգելոցի ճայերը գրանցված են Կարմիր գրքում, քանի որ միայն այստեղ է մնացել այդ տեսակը: Եթե նախարարն այսքանից հետո եւս շարունակի հերքել՝ կհրապարակենք ուրիշ մանրամասներ էլ: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել