Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂԾԻՔՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ

Սեպտեմբեր 29,2004 00:00

ԿԵՂԾԻՔՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է Պատահական չէր, որ անցած ամիսների ընթացքում լրագրողները ո՛չ նախագահի աշխատակազմից, ո՛չ ԱԳՆ-ից, ո՛չ էլ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունից ոչ մի կերպ չէին կարողանում պարզել, թե ինչ պատասխան է Հայաստանի իշխանությունը տվել Եվրախորհրդի 1374 բանաձեւին: Բազմաթիվ կեղծիքներ պարունակող այդ փաստաթուղթը թերեւս պետք է մնար գաղտնի: Դեռ հունիսի 16-ին ուղարկված այս փաստաթուղթը սեպտեմբերին բաժանվել էր ԵԽԽՎ Դիտարկման հանձնախմբի անդամներին՝ Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի ստորագրությամբ, որը դրված էր միայն պատասխանն ուղեկցող նամակի ներքո: «Խորհրդարանական վեհաժողովի կարգն է, որ իշխանությունների հետ բոլոր հարաբերություններն իրականացվում են պատվիրակության ղեկավարի միջոցով,- պարզաբանեց պրն Թորոսյանը:- Ես իրոք ուղեկցող նամակով իշխանությունների զեկույցը ուղարկել եմ Փիթեր Շիդերին եւ Բրունո Հալերին»: Սակայն մեր հարցին, թե ո՞վ է այդ զեկույցի հեղինակը՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե ովքեր են աշխատել այդ փաստաթղթի վրա: Երբ 1374 բանաձեւի պահանջի համաձայն այն պատրաստ է եղել՝ փոխանցվել է ինձ, որ ես փոխանցեմ ԵԽԽՎ ղեկավարությանը»: Արձանագրենք, որ այս յուրօրինակ հաշվետվության հեղինակները որոշակի չեն, եւ ընդհանրականորեն ասած՝ Հայաստանի իշխանությունն է թյուրիմացության մեջ գցել Եվրախորհրդին եւ հանդես եկել, մեղմ ասած, բավական վիճելի պնդումներով: Դրանցից մեկով հանդիսավորապես ազդարարվում է, թե Հայաստանի արդարադատության նախարարության տեսակետով՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Ընդդիմության ցույցերը սահմանափակելու մեղադրանքներին ի պատասխան՝ իշխանությունը նշել է, թե որեւէ անգամ հանրահավաք անցկացնելու հայտ չի ներկայացվել՝ խոսքը եղել է միայն ընտրողների հետ հանդիպումների մասին, որոնց անցկացումն էլ Երեւանի քաղաքապետը գտել է ոչ նպատակահարմար. «Սա ոչ մի կերպ չի կարող համարվել հանրահավաքի իրավաբանորեն արգելում»: Նման դեմագոգիկ հաստատագրումների շարքը գալիս է լրացնելու նաեւ այն պնդումը, թե որեւէ այլ օրինակ չկա, որ փաստացի միջամտություն է եղել ընդդիմության հավաքներին, եթե չլիներ ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայի ցույցի ցրումը (այս առնչությամբ դարձյալ շարադրված է հուզիչ պատմությունը ցուցարարների պատճառով իրենց դասարաններ հասնել չկարողացող աշակերտների մասին, որ Ստրասբուրգում Եվրախորհրդի ամբիոնից արդեն պատմել էր Ռոբերտ Քոչարյանը): Ավելին՝ կտրուկ մերժված է, թե իշխանությունն ընդհանրապես որեւէ միջոց է ձեռնարկել սահմանափակելու Հայաստանի տարածքում մարդկանց տեղաշարժի ազատությունը. «Բանաձեւում նման կետի ներառումը չճշտված տեղեկատվության հետեւանք է, որ տարածվել է Վեհաժողովի անդամներին»: Թեեւ ակնհայտ է, որ ակնարկի հասցեատերն ընդդիմադիր պատվիրակներն են, սակայն հարցական է՝ արդյոք չճշտված տեղեկատվություն տարածելու մեջ մեղադրո՞ւմ են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինին, որ հանրահավաքներից մեկից առաջ, իր իսկ հրապարակավ արված խոստովանությամբ՝ ականատես էր եղել, թե ինչ արգելափակումներ կային մարզերից Երեւան տանող ճանապարհներին: Միայն չստուգված տեղեկատվությո՞ւն, թե՞ միտումնավոր ապատեղեկատվություն անվանել Հայաստանի իշխանության անունից Եվրախորհրդի ղեկավարությանը հղված փաստաթղթում այն պնդման առկայությունը, թե ապրիլի 5-ի միջադեպի արդյունքում տուժած լրագրողները հաշտության համաձայնագիր էին կնքել իրենց վրա հարձակված անձանց հետ, եւ այս փաստն ի գիտություն էր ընդունել դատարանը՝ պատիժ սահմանելիս: Արդյոք բացահայտ կեղծի՞ք չէ նաեւ այն պնդումը, թե ընդդիմության գարնանային հանրահավաքների ընթացքում վարչական կալանքի ենթարկվածները անհապաղ, «առավելագույնը՝ 3 ժամվա ընթացքում» տարվում էին դատարան: Մինչդեռ բազմաթիվ են հակառակի մասին վկայող հրապարակումները՝ մարդկանց պատմությունները, որոնց ամբողջ օրը պահել էին մեկուսարանում եւ հետո ազատ արձակել, ըստ ոստիկանության ձեւակերպման՝ «կանխարգելիչ զրույցից» հետո: Հայաստանի իշխանությունները Եվրախորհրդին նաեւ հարկ են համարել տեղեկացնել, որ ապրիլի 9-ին չարտոնված երթի ընթացքում ձերբակալել են երկու զինյալ տղամարդկանց, որոնց վկայությունների համաձայն՝ իրենք վարձված էին ընդդիմության գործիչներից մեկի կողմից, որ իրականացնեն ահաբեկչական գործողություն: Որքան տեղյակ ենք՝ Դիտարկման հանձնաժողովին սեպտեմբերին այլեւս չի իրազեկվել, որ այդ գործով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում օգոստոսի 3-ին արդեն իսկ կայացվել է վճիռ: Այդ մասին Հայաստանի հանրությունը տեղեկացավ միայն օգոստոսի 10-ին: Եվ հայտնի դարձավ, որ այդ երիտասարդները մեղադրվել են ընդամենն ապօրինի զենք պահելու մեջ, եւ ընդհանրապես չի հիշատակվել ահաբեկչության փորձի դրվագը: Հեշտությամբ պայթած եւս մի «գործ-փուչիկ» է վկայակոչված այս փաստաթղթում՝ թե Շավարշ Քոչարյանն ապրիլի 13-ին ձերբակալվել էր հրազենի պահման կասկածով: Հիշեցնենք՝ այս վարկածը հրապարակել էր ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետը, թե իբր «պատգամավոր Շավարշ Քոչարյանը, այսպես ասած, խաղաղ ցույցին մասնակցում էր հրազենով»: Իսկ հետո պարզվել էր, որ ԱԺ ընդունարանում ինչ-որ ատրճանակ են գտել եւ իրավապահներին չգիտես ինչու թվացել էր, թե այն պատկանում է Քոչարյանին: Սակայն Երեւանի ոստիկանապետը ոչ միայն նույնչափ հրապարակավ չհերքեց իր հայտարարությունը, այլեւ այն այժմ էլ են օգտագործում՝ ԵԽԽՎ պատվիրակին ձերբակալելն արդարացնելու համար: 3 էջանոց փաստաթղթի մեկ էջն արդարացում է, թե ինչու է դադարեցվել «Ա1+»-ի հեռարձակումը: Այստեղ շարադրված փաստարկները կարոտ են առավել հանգամանալից անդրադարձի: Իսկ առայժմ միայն նշենք, որ նախագահի աշխատակազմում, պարզվում է, զբաղվում են ոչ միայն երթեւեկության խախտումներ տեսագրելով, այլ նաեւ լրատվամիջոցների մոնիտորինգով: Եվ դրա արդյունքների հիման վրա էլ ԵԽԽՎ-ին վստահեցրել են, թե Հայաստանով մեկ սփռվող հեռուստաալիքներն իրենց քաղաքական հաղորդումների 35 տոկոսում «ցուցադրել են ընդդիմության առաջնորդներին»: Հետաքրքիր է՝ այս ծավալում արդյոք ներառվա՞ծ են Հ1-ի քաղաքական հաղորդումների բաղկացուցիչ մաս այն ծաղրական մուլտֆիլմերը, որոնցում ընդդիմության առաջնորդները նույնպես «ցուցադրվել են»: Ռոբերտ Քոչարյանը մայիսի 6-ին անդրադառնալով ԵԽԽՎ 1374 բանաձեւին՝ ասել էր. «Նկարագրային մասում կան բավական լուրջ անճշտություններ՝ կապված իրադարձությունների փաստագրության հետ»: Եվ հավելել էր. «Տվյալ դեպքում մենք էլ ունենք մեր կարծիքը այդ կազմակերպության մեջ եւ այդ կարծիքը մենք պաշտպանելու ենք»: Փաստորեն պարզվում է, որ կատարվածի վերաբերյալ Հայաստանի իշխանության տեսակետը Եվրախորհրդում հնարավոր չէ պաշտպանել՝ առանց դիմելու կեղծիքների: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել