Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼՆ»

Հոկտեմբեր 16,2004 00:00

«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ Է Դատելով հեռախոսակապի վիճակից՝ այդպես է ենթադրում Շիրակի մարզի բնակչությունը Շիրակի մարզի գրեթե 60 համայնքների, այդ թվում նաեւ Գյումրիի շատ ու շատ թաղամասերի հեռախոսակապից զուրկ լինելու խնդրին անդրադառնալու առիթ ունեցել ենք: Մեր հրապարակումից անցել է մոտ 7 ամիս, սակայն «ԱրմենՏելը» շարունակում է իր հին՝ «մատը մատին չխփելու» գործելաոճը: Արդյունքում՝ Շիրակի մարզում ոչ միայն հեռախոս քաշելն է առասպելական գների հասել, օրինակ՝ գյումրեցիների վստահեցմամբ, ամենացածր գինը 250 դոլարն է, որոշ թաղամասերում մինչեւ $500, այլեւ անորակ կապն էլ ավելի է որակազրկվել: Օրերս «Առավոտին» էին դիմել մի խումբ գյումրեցիներ՝ դժգոհելով, որ հեռախոսազրույցները դարձել են «թափանցիկ»՝ ցանկացածի համար հասանելի: Ընդ որում՝ պատահել են այնպիսի դեպքեր, երբ «մեծահոգի» «ԱրմենՏելը» եզակի հնարավորություն է տվել միանգամից գիծ մտնելու 6-7 ծանոթ-անծանոթի: Պակաս հետաքրքիր չէ նաեւ անձրեւներից հետո մալուխների չորանալուն սպասող գյումրեցիների վիճակը: Վերգետնյա լարանցումներով թաղամասերում խոնավությունից կապն անմիջապես խափանվում է, ինչից տուժում են ոչ միայն բնակիչները, այլեւ որոշակի օբյեկտներ, այդ թվում եւ հիվանդանոցներ: Չհաշված, որ 3-ով սկսվող հեռախոսահամարներից 2-ով կամ 4-ով համարներին միանալն անչափ բարդ է: Գյումրեցիներին ոչ պակաս անհանգստացնում է քաղաքում տաքսոֆոններ չունենալը: Ձեւի համար միակը փակցված է «ԱրմենՏելի» վարչական շենքի պատին: Այս ամենով հանդերձ, եթե գյումրեցիները իրենց կարող են թույլ տալ դժգոհել տաքսոֆոն չունենալուց կամ էլ անիմաստ րոպեավճար մուծելուց, ապա մյուս համայնքների բնակիչներն անգամ մոռացել են հեռախոսի տեսքը: Շիրակցիները դժգոհում են նաեւ, որ «ԱրմենՏելը» «իզի» քարտերի փոքր խմբաքանակ է տրամադրում իրենց մարզին եւ ոչ նույն պարբերականությամբ, ինչ մայրաքաղաքում: Բնակիչների մեղադրանքներին ի պատասխան, «ԱրմենՏելը» հավանաբար որպես իր ներդրումների ցայտուն օրինակ կմատնանշի Գյումրիում իր նոր շենքի կառուցումը: Սակայն քաղաքապետարանի մեր աղբյուրների հավաստմամբ, «ԱրմենՏելը» տեղից չէր շարժվի, եթե չլինեին քաղաքապետարանի նախազգուշացումներն այն մասին, որ շինարարություն չսկսելու դեպքում տարածքը հետ կվերցվի: Ի դեպ, քաղաքի կենտրոնական մասում գտնվող տարածքը «ԱրմենՏելին» տրամադրվել է 2001 թվականին, 9-րդ դպրոցի հետ երկար-բարակ բանակցություններից հետո: Մինչդեռ «ԱրմենՏելը» շինարարությունն սկսել է ընդամենը երկու-երեք ամիս առաջ ու ամենայն հավանականությամբ մեկ ամսից ցրտերի պատճառով կդադարեցնի: Մեզ հասած տեղեկություններով, այստեղ կառուցվելու է նոր հեռախոսակայան: Իսկ թե ե՞րբ՝ գյումրեցիներին անհայտ է, ինչպես անհայտ են «ԱրմենՏելի»՝ Շիրակի մարզում հետագա գործողությունների մտադրությունները: Այս խնդիրների շուրջ չհաջողվեց պարզաբանումներ ստանալ «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի բաժնից: Սակայն հուսով ենք, ընկերության ղեկավարությունը «Առավոտի» միջոցով կբավարարի Շիրակի մարզի բնակչության հետաքրքրասիրությունը: ԱՐՍԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՓաստորեն, այն, ինչ խոսվում է Հայաստանի հեռահաղորդակցության վիճակի մասին, առավել խտացված գույներով իրենց մաշկի վրա զգում են մարզերի բնակիչները: Նրանք առանց այն էլ ծանր սոցիալական պայմաններում գտնվելով, զրկված են անգամ շտապօգնություն կամ հրշեջ ծառայություն կանչելու հնարավորությունից, որովհետեւ չունեն քաղաքակիրթ աշխարհում ճոխություն չհամարվող սովորական լարային հեռախոսակապ: Եթե մայրաքաղաքում գոնե թվային որակյալ կապի համար է «ԱրմենՏելը» րոպեավճար գանձում, ապա կոնկրետ Գյումրիում անգամ չի ապահովում հեռախոսային խոսակցությունների գաղտնիության սահմանադրական իրավունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել