Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկս է՝ խորհրդակցություններ սկսել քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների հետ. Արամ Սարգսյան

Հոկտեմբեր 23,2026 17:56 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂԸ ՄԻՇՏ ՊԱՐՏՎՈՒՄ Է

ՀՀ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի հարց դարձնելը Ն․Փաշինյանի հերթական «տրյուկն» է։ Արդյո՞ք մեր ժողովրդի համար կենսական նշանակություն չունի ԵԱՏՄ-ի կազմում մնալ-չմնալու հարցը։

Գեներացնելով Սահմանադրության տեքստի քննարկումը խորհրդարանում, Նիկոլը ժողովրդի ուշադրությունը շեղում է անհամեմատ կարևոր և գոյաբանական բնույթ ունեցող հարցից։

Խզելով ԵԱՏՄ, իսկ ավելի պարզ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական նշանակություն ունեցող հարաբերությունները, զրկվելով ահռելի շուկայից, ձեռք բերված արտոնություններից Հայաստանն առնվազն առաջիկա տարիներին կկորցնի տնտեսության մրցունակությունը։ Գազի գնի բարձրացումը սնանկ կդարձնի արդյունաբերության, հատկապես՝ սննդի ձեռնարկությունները, ընչազուրկ կդարձնի հանրության խոցելի շերտերը, նոր թափ կհաղորդի արտագաղթին, առաջ բերելով վտանգավոր դեմոգրաֆիկ փոփոխություններ վերջին տարիների չկանոնակարգված միգրացիոն հոսքերի պայմաններում։

Սա դեռ ամբողջը չէ։ Ստեղծված քաոսային և խուճապային վիճակից անմիջապես կօգտվեն թշնամի երկրները։ Բայղուշի դերում չեմ, բայց և պարտավոր եմ բացահայտելու մեզ սպասվող տնտեսական, բարոյական և, վերջապես, անվտանգային բնույթի անխուսափելի հետևանքները։ Հարցրեք ինքներդ ձեզ՝ ինչո՞ւ է Ն․Փաշինյանն այդքան անտարբեր ԵԱՏՄ երկրների կողմից հնչող հիմնավոր զգուշացումների նկատմամբ և այդքան շահագրգիռ փոխելու ՀՀ Սահմանադրության բովանդակությունը։ Արդյո՞ք պարտավորությունն է ստիպում նրան շտապել։

Հրատապ և անհրաժեշտ եմ համարում ընդդիմության միասնական պահանջը՝ հանրաքվեի դնել ԵԱՏՄ կազմից դուրս գալու-չգալու հարցը։ Եթե պատասխանը լինի դրական, դա կնշանակի համաձայնություն ԵՄ կազմ մտնելու գործընթացի շարունակություն։ Իսկ քվեարկելով ԵԱՏՄ կազմում մնալու օգտին, ՀՀ քաղաքացիները ԱԺ-ին կպարտադրեն չեղարկել 2025թ․ գարնանն ընդունված օրենքը «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»։

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությունը իշխանությունների՝ քաղաքականության կտրուկ շրջադարձ կատարելու, այսպես կոչված դիվերսիֆիկացիայի քայլը գնահատում է որպես արկածախնդրություն, երկիրը արհավիրքի տանելու միտում, ինչի արդյունքում պետությունը կորցնելու է իր գլխավոր պաշտպանին՝ ազգի միասնությունը, պարարտ հող նախապատրաստելով թշնամու՝ առնվազն նվաստացուցիչ պահանջները կատարելու համար։

Առաջարկս է՝ խորհրդակցություններ սկսել քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների հետ։ Պատրաստ ենք հանդիպել շահագրգիռ կառույցների պատասխանատուների հետ։ 

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ

Արամ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031