Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՏԱԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՉՔԵՐԻՆ

Հոկտեմբեր 26,2004 00:00

Կոչ է անում ընդդիմադիր գործիչ Վահագն Խաչատրյանը

Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները եւ հանրաքվեն Հայաստանում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեցին: Մասնավորապես, այդ օրերին Բելառուսում եղած հայաստանյան ընդդիմադիր պատգամավորների շուրթերից հիացական գնահատականներ հնչեցին: Այդ կապակցությամբ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ Վահագն Խաչատրյանը կարծիք հայտնեց, թե Բելառուս մեկնած հայ ընդդիմադիր պատգամավորները, ցավոք, «խորացրին այն մտավախությունը, որ նրանք էլ բելառուսական իշխանությունների կողմից, թերեւս, այնպիսի ընդունելության են արժանացել, որ չեն կարողացել բացասական գնահատական տալ այդ ընտրություններին: Իրականում Բելառուսում ընտրությունների արդյունքները վճռված էին, արձանագրությունները՝ վաղօրոք պատրաստված, քվեատուփերը՝ լցոնված: Եթե դրանց էլ հավելենք նաեւ այն հրապարակված տեղեկությունները, թե ընտրությունների օրը ընտրատեղամասերում խմիչք է բաժանվել եւ չճարվող ապրանքները զեղչ գներով են վաճառվել՝ պատկերը կարելի է ամբողջացնել: Այսօր Բելառուսում այն նույն մթնոլորտն է, որ կար ստալինյան ժամանակներում, երբ մարդիկ վախենում էին իրենց կարծիքը հայտնել, իսկ ընդդիմադիրներին թույլ չէին տալիս ընտրատեղամասերին նույնիսկ մոտենալ: Իսկ այսօր հայ ընդդիմադիր պատգամավորները գալիս ու փորձում են մեր աչքերին թոզ փչել, թե՝ Բելառուսում ընտրություններ են եղել… Ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը»,- տարակուսեց պարոն Խաչատրյանը: Երբ ընդդիմադիր պատգամավորն է ասում, որ Բելառուսում ամեն ինչ կարգին է եղել, սկսում ես կասկածել, որ նա սկզբունքորեն ազատ ու արդար ընտրությունների դավանող է, ոչ թե կոնյունկտուրային հարմարվող գործիչ:

«Եթե խոսքը վերաբերում է մասնավորապես «Առավոտում» հրապարակված՝ մասնավորապես՝ Աղասի Արշակյանի հայտարարություններին, ապա ես համոզված եմ, որ հեռուստադիտողները ավելի շատ հավատում են իրենց աչքերին, քան այդ պատգամավորին: Իսկ ցույցերը Բելառուսում ցրում էին ոչ թե անզեն կամ մահակ չունեցող ոստիկանները, ովքեր բռնում էին ցուցարարների ձեռքից ու հանգիստ ուղեկցում ավտոբուս, այլ զինված ՕՄՕՆ-ականներ, որ ծեծուջարդ էին իրականացնում այնպես, ինչպես ՀՀ-ում էր ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը՝ մի տարբերությամբ, որ Բելառուսում չկային ջրցան մեքենա, պայթուցիկներ, բայց որ լրագրող է ծեծվել, ընդդիմադիր գործիչ է հաշմանդամ դարձել՝ դա փաստ է»,- նկատեց Վ. Խաչատրյանը:

Վաղը «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության 5-րդ տարելիցն է: Ի՞նչ եք կարծում, տեղի ունեցածի շուրջ իշխանության, ընդդիմության ու հասարակության գնահատականները փոխվե՞լ են: «Ոչ: Բայց համոզված եմ, որ հատկապես իշխանություններն ավելի անտարբեր են դարձել: Թող ինձ ներեն, բայց վստահ եմ՝ նրանք որքան քիչ հիշեն այդ տարելիցը, այնքան լավ: Այն դատավարությունը, որ տեղի ունեցավ, այն վերաբերմունքը, որին արժանացան զոհվածների հարազատները, ինձ իրավունք է տալիս այդպիսի եզրակացություն անել: Մարդկայնորեն ցավում եմ, որ զոհվածների նկատմամբ այդպես վարվեցին: Հիմա ես նույնիսկ կասկածում եմ, որ եթե «27»-ի անմիջական ազդեցությունը չլիներ, զոհված վարչապետ Վազգեն Սարգսյանն ու Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը կարժանանայի՞ն հերոսի կոչման, թե՞ չէ: Ես չեմ տեսնում, որ նրանց բացակայությունն այսօր իշխանություն հանդիսացող նրանց երբեմնի կուսակից-զինակիցների համար ցավ է: Միաժամանակ համոզված եմ, որ այդ ոճրագործությունը երբեւէ կբացահայտվի: Այս իշխանությունը ոչ մի քայլ չի անելու «27»-ի բացահայտման ուղղությամբ, բայց միեւնույն ժամանակ նրանք բոլորը պետք է հասկանան, որ այդ խարանն իրենք կրում են ամբողջ կյանքում: Ինչ ուզում են անեն, ում վրա ուզում են բարդեն կատարվածի պատասխանատվությունը: Դա ոչինչ չի փոխում: Բոլորը գիտեն, որ դեպքը տեղի է ունեցել 1999-ի հոկտեմբերի 27-ին, եւ գիտեն, թե ովքեր էին այդ ժամանակ գործող անձինք եւ ով ինչ առանցքային պաշտոն էր զբաղեցնում այդ ժամանակ եւ ինչի արժանացավ: Ուրիշ բան պետք էլ չէ»,- եզրակացրեց Վ. Խաչատրյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել