Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԱՍԱՑ՝ ԱՂՔԱՏ ԵՆՔ

Հոկտեմբեր 26,2004 00:00

Ո՞Վ
ԱՍԱՑ՝ ԱՂՔԱՏ ԵՆՔ «Հայաստանում չկա մարդկային աղքատության խնդիր,
կա եկամուտների աղքատություն»,- սա Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն
Ճշմարիտյանի կարծիքն է, որը հնչեցրեց երեկ ՄԱԿ-ի կողմից պատրաստած «Ձեռներեցության
խրախուսում» զեկույցի շնորհանդեսի ընթացքում: Տարբերությունը սովորական աղքատության
եւ «եկամուտների աղքատության» միջեւ տեսանելի է միայն մասնագետի համար: Բոլոր դեպքերում
նախարարն իր ելույթում նշեց, որ Հայաստանը վերջին 6 տարում արձանագրել է աննախադեպ
տնտեսական աճ: Ավելացրեց, որ մեր երկիրը պատրաստ է անցումային շրջանում իր կուտակած
փորձով կիսվել դեռեւս շատ թույլ, զարգացող երկրների հետ: Անդրադառնալով հայերի պատմական
ակունքներին, Կ. Ճշմարիտյանն ասաց, որ հայ ազգի ինտելեկտուալ արժեքների ստեղծման
ռազմավարության հիմքում միշտ արմատացած է գիտելիքի վրա հիմնված տնտեսության ստեղծումը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ-ի տարածաշրջանային
բյուրոյի տնօրեն Կալման Միժեյը երեկ շնորհանդեսի ժամանակ կարծիք հայտնեց, որ Հայաստանի
պարագայում անհրաժեշտ է բիզնեսը մատչելի դարձնել աղքատ եւ չքավոր բնակչության համար:
Նա ներկաներին հիշեցրեց, որ Հայաստանը Երեւանով չի սահմանափակվում: Օրեցօր գեղեցկացող
Երեւանից զատ կան նաեւ հեռավոր վայրեր, որտեղ կա աղքատություն: Հայկական շուկան
անվանելով ճկուն, համապարփակ եւ դյուրազգաց, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների
միության նախագահ Արսեն Ղազարյանն իր բոցաշունչ ելույթում նույնպես հաստատեց նախարարի
այն մշուշոտ միտքը, որ մեր երկրում չկա մարդկային աղքատություն: Ըստ նրա, մենք ունենք
նորմալ վճարվող աշխատանքի խնդիր, որը «մեր տնտեսությունում համարում եմ հայկականության
դրսեւորում»: Գործարարության զարգացման համար պարոն Ղազարյանն առաջարկեց իր ոչ բարդ
բաղադրատոմսը: Այն է՝ աշխատել հավասարության սկզբունքով: «Ձեռներեցության խրախուսում»
զեկույցը պատրաստվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խնդրանքով կազմավորված
հանձնաժողովի կողմից: Զեկույցի հիմնական թեման զարգացման գործում մասնավոր հատվածի
դերն է: Փաստաթուղթը կոչ է անում կառավարություններին, միջազգային կազմակերպություններին,
գործարարներին՝ «աշխատել միասին» աշխարհում աղքատությունը կրճատելու համար: ՀՐԱՉՈՒՀԻ
ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել