Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիվանդ»

Նոյեմբեր 03,2004 00:00

«Հիվանդ» պաշտոնյաներ Երեկ Քաղծառայության խորհրդի (ՔԾԽ) նախագահ Մանվել Բադալյանը լրագրողներին հրավիրել էր՝ կիսելու համակարգում առկա խնդիրների վերաբերյալ իր մտահոգությունները: Դրանցից մեկն այն է, որ մեր մի քանի բարձրաստիճան քաղծառայողներ, սահմանված կարգով ՔԾԽ կազմակերպած ատեստավորումների օրերին, հիվանդանում են. «Ես արդեն դիմել եմ նախագահի վերահսկողական ծառայություն: Թույլ չենք տալու, որ սա դառնա ընդունելության քննություն, եւ արդեն դա կանխարգելող քայլ արել ենք օրենքի առաջարկվող փոփոխության մեջ. երեք անգամ ատեստավորման չներկայացողը, անկախ պատճառից, ենթակա է աշխատանքից ազատման, որովհետեւ անաշխատունակության թերթիկներ ներկայացնողները, ցավոք, շարքային քաղծառայողներ չեն, իսկ եթե մարդն անաշխատունակ է, իրավունք չունի բավականին լուրջ պաշտոն զբաղեցնել»,- հայտարարեց պրն Բադալյանը: Ավելի ուշ նա մանրամասնեց, որ այդ հաճախակի «հիվանդացող» պաշտոնյաների մեջ կա բնապահպանության նախարարության ինչ-որ գործակալության պետ, ինչպես նաեւ ԿԳՆ վարչության պետ: ՔԾԽ-ն ուսումնասիրություններ է անցկացրել համակարգում ընդգրկված բոլոր 41 պետական մարմինների աշխատակազմերում: Արդյունքում՝ մոտ 120 քաղաքացի ազատվել է պաշտոններից՝ դրանք ապօրինի զբաղեցրած լինելու պատճառով: 23 գործ, «որոնցից քրեական հոտ էր գալիս», ուղարկվել է ՀՀ դատախազություն: Ի դեպ, այդ կեղծիքներից պրն Բադալյանը նախ նշեց այն դեպքերը, երբ ապօրինություն թույլ էր տվել գյուղապետը կամ համայնքապետը: Օրինակ, համայնքի ղեկավարը աշխատանքային գրքույկում իր ձեռքով ստորագրած լինելով հանդերձ, կեղծիքը բացահայտվելուց հետո խոստովանում է, որ նման մարդ իր մոտ չի աշխատել: Կամ՝ գյուղապետեր, որոնցից մի քանիսի մոտ «ի հայտ են եկել» 2, 3, 4 խորհրդականներ, օգնականներ: Իսկ գերատեսչությունների դեպքում ապօրինի զբաղեցրած պաշտոնների փաստերի շարքում առաջին տեղում է դարձյալ բնապահպանության նախարարությունը, այնուհետեւ՝ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը, 3-րդ տեղում՝ ֆիննախը: ՔԾԽ նախագահի խոսքերով, ատեստավորման ժամանակ հանդիպում են նաեւ այնպիսի քաղծառայողներ, ովքեր նույնիսկ տառերը չգիտեն: Եվ դա բնավ էլ չափազանցություն չէ, եւ մեր հարցին ի պատասխան՝ պրն Բադալյանը միայն նշեց, որ ամենաշատը չեն ատեստավորվել կադաստրի պետական կոմիտեի, առողջապահության եւ դարձյալ բնապահպանության նախարարության աշխատակիցներ: Իբրեւ համակարգի առջեւ ծառացած խնդիր՝ Մ. Բադալյանը մատնանշեց, որ ստուգող հանձնաժողովներում այլեւս ցանկություն չունեն աշխատելու գիտական եւ ուսումնական կազմակերպությունները. նրանք պարզապես չեն ուզում ներկայանալ քննություններին: Պատճառներից պրն Բադալյանը մեջբերեց այն, որ գուցե վերջիններս չեն ուզում հասարակական հիմունքներով աշխատել: Սակայն մեր տեղեկություններով, դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ այժմ քվեարկությունը նախկինի պես փակ, գաղտնի չէ, եւ հանձնաժողովականները վերեւից եկած հրամաններին չենթարկվել չեն կարող: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել