Լրահոս
Օրվա լրահոսը

«Էյ Յութիլիթին» պետք է քշել

Նոյեմբեր 11,2004 00:00

«Էյ
Յութիլիթին» պետք է քշել ԱԺ վարկերն ուսումնասիրող ժամանակավոր
հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը երեկ վերջապես ներկայացրեց հանձնաժողովի
հերթական զեկույցը «ջրային վարկերի» օգտագործման մասին: Այս անգամ հանձնաժողովը աշխատանքի
նոր ձեւ էր ընտրել՝ նախօրոք հրավիրվել էր կառավարության ներկայացուցիչը, որը հանդես
եկավ հարակից զեկույցով: Հանձնաժողովի արդեն երրորդ զեկույցը, ըստ էության, ամրագրեց
նախորդների բացահայտումները, սակայն այս անգամ շեշտվեցին ջրային վարկերի օգտագործման
հետ կապված ֆինանսական բացահայտումները: Խոսքը ֆինանսական չարաշահումներին
է վերաբերում, որոնց մասին խոսելով՝ հանձնաժողովի նախագահը չէր մոռանում շեշտել,
որ ԱԺ-ն ոստիկանական մարմին չէ. «Եթե մենք լինեինք դատախազություն կամ ոստիկանություն,
կասեինք՝ այստեղ կա կոռուպցիա: Բայց մենք մեզ չենք կարող նման որակում թույլ տալ,
որովհետեւ մեզ կասեն՝ ապացուցեք: Ապացուցելը մեր գործը չէ: Մենք կարող ենք ապացուցել,
որ մեր ուսումնասիրությունները հիմք են տալիս տեսնելու խախտում, որի արդյունքում
այդ կոռուպցիոն ռիսկը կարող էր իրողություն դառնալ»: Իսկ հնարավո՞ր է, որ ԱԺ-ն որոշի
դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի վերջիններս զբաղվեն ներկայացրած փաստերով, երեկ
հարցրինք պարոն Հովհաննիսյանին. «ԱԺ-ի որոշումները կանխորոշել ես չեմ կարող: Բայց
ես ձեր ուշադրությունը կհրավիրեի այն կետին, որը ոչ թե տեխնիկական հետազոտման արդյունքում
ենք հայտնաբերել, այլ ֆինանսական: Խոսքը արժեքների վերագնահատման մասին է: Ահա այստեղ
իսկապես կա այն, ինչը ժամանակակից տերմինով մենք անվանում ենք կոռուպցիոն ռիսկ: Կոռուպցիոն
ռիսկի աստիճանը այդ գործարքներում շատ բարձր է, որովհետեւ ակնհայտ է, որ անհասկանալի
հիմնավորումներով ավելի թանկ են համարվել այն արժեքները, որոնց մաշվածությունն ավելի
արագ է հաշվառվում եւ ավելի մեծ հնարավորություններ է տալիս դրանք դուրս գրելու»:
Հաջորդ հարցին՝ կարելի՞ է սա համարել ՀՅԴ-ՕԵԿ–ն՝ ընդդեմ ՀՀԿ-ի, Վահան Հովհաննիսյանը
պատասխանեց. «Ոչ, իհարկե, որովհետեւ մեր հանձնաժողովի հանրապետական անդամներն աշխատել
են շատ ակտիվ, եւ շատ բաներ նրանց մասնագիտական փորձի արդյունք է: Պրոբլեմն այն է,
որ օպոզիցիոն պատգամավորները չեն գալիս նիստերի, նրանք շատ ավելի հետաքրքիր եւ սուր
բաներ կարող էին նկատել եւ օգնել մեզ»: Զարգացնելով ընդդիմության թեման՝ պրն Հովհաննիսյանն
ավելացրեց. «Երբ հայտարարում ես, թե մեկը 5-7 մլնի կաշառք է վերցրել ու ոչ մի փաստաթղթով
չես կարողանում հիմնավորել, դա լավ չէ, իսկ եթե կան այդ փաստաթղթերը ու դու չես ուզում
դրանք նայել, արդեն անհասկանալի է»: ՕԵԿ անդամ Արտակ Առաքելյանը հետաքրքրվեց՝ լավ,
այսքան բացահայտումներից հետո ի՞նչ է լինելու: Ի պատասխան՝ Վահան Հովհաննիսյանը պարզաբանեց,
որ ուսումնասիրություններն ընդամենը մեկ նպատակով էին արված. «Որպեսզի ցույց տրվի
այս համակարգի ողբերգական վիճակը: Կառավարությունը նույնիսկ 30 միլիոնանոց վարկի
միջոցով չի կարողանում ձերբազատվել բյուջեից սրանց տիրություն անելուց: Ես էն անգամ
բաց ասել եմ եւ հիմա էլ բաց ասում եմ՝ «Էյ Յութիլիթին» պետք է էստեղից քշել, ուղղակի՝
քշել, այդ կազմակերպությանը թույլ չտալ, որ մասնակցի տենդերի»: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել