Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀԻՄՔ

Դեկտեմբեր 18,2004 00:00

ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵՔ 2001-Ի ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ներկայացնում է Սահմանադրության փոփոխությունների 3 նախագծերի վերաբերյալ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի միջանկյալ կարծիքը, որ հաստատվել է հանձնաժողովի դեկտեմբերի 4-5-ի նիստում եւ Հայաստանին փոխանցվել դեկտեմբերի 8-ին: Տիգրան Թորոսյանը նախ պարզաբանեց, թե ինչու է կոալիցիայի, Արշակ Սադոյանի եւ ՄԱԿ-ի սահմանադրական փոփոխությունների նախագծերի փորձաքննության վերաբերյալ այս եզրակացությունը միայն միջանկյալ. «Կա համաձայնություն, որ երբ այս կարծիքը ստանան նախագծերի հեղինակները եւ ԱԺ-ն աշխատի նախագծերի վրա՝ Վենետիկի հանձնաժողովը հետագայում եւս մեկ անգամ է անդրադառնալու սահմանադրական փոփոխություններին, երբ կներկայացվի արդեն մեկ նախագիծ, որը նախապատրաստվելու է 2-րդ ընթերցմամբ ընդունելու համար: Եվ այն կլինի վերջնական նախագիծ»: «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Պողոսյանը նշել էր, թե Վենետիկի հանձնաժողովն իր միջանկյալ կարծիքում, ըստ էության՝ մի եզրահանգում է արել, թե 2001-ից հետո ներկայացված նախագծերը բարելավում չեն, սահմանադրական բարեփոխումներ չեն: Մեր խնդրանքով մեկնաբանելով, թե արդյոք Վենետիկի հանձնաժողովն իրոք նման գնահատական է տվել՝ Տիգրան Թորոսյանն ասաց. «Բնականաբար, հանձնաժողովը չէր կարող տալ նման ձեւակերպումներ: Ցավոք, ինչպես մի քանի այլ դեպքերում՝ այս անգամ եւս որոշ մարդիկ եւ կազմակերպություններ փորձում են առաջ ընկնել իրադարձություններից եւ որոշակի մթնոլորտ ձեւավորել իրենց հայտարարություններով»: Նա մի քանի մեջբերում արեց, թե ինչ ընդհանուր գնահատականներ է ներկայացրել Վենետիկի հանձնաժողովը. «Նշված է, թե կոալիցիայի եւ ՄԱԿ-ի նախագծերով առաջարկվող սահմանադրական փոփոխությունները շատ հարցերում համապատասխանում են Սահմանադրության 2001-ի նախագծում ներկայացված առաջարկություններին: Եզրակացության մեջ նաեւ նշված է, թե այդ երկու նախագծերը գործող Սահմանադրությունից մի քայլ առաջ են եւ կարող են նպաստել Հայաստանի՝ Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարմանը: Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ այնուամենայնիվ, առավել նշանակալի փոփոխությունների կարիք է զգացվում հատկապես պետական մարմինների միջեւ իշխանության հավասարակշռության առանցքային հարցում»: Վարդան Պողոսյանն այլ մեջբերումներ էր արել, թե Վենետիկի հանձնաժողովը ցավով արձանագրել է, որ ըստ կոալիցիայի նախագծի՝ ԱԺ-ն որեւէ դերակատարում չունի կառավարության ձեւավորման գործում: Իսկ ՄԱԿ-ի նախագծում էլ հանձնաժողովը բացասական է գնահատել այն, որ ՀՀ նախագահը կարող է լուծարել ԱԺ-ը, եթե վերջինս համաձայն չէ վարչապետի պաշտոնանկությանը: Մինչդեռ Տիգրան Թորոսյանը ձեւակերպումներ մեջբերեց եզրակացության՝ Արշակ Սադոյանի նախագծին վերաբերող հատվածից. «Առաջարկությունների երկրորդ նախագիծը չի անդրադառնում մի շարք առանցքային հարցերի, ինչպիսիք են՝ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը կամ դատական իշխանությունը: Եվ ներառում է մի շարք դրույթներ, որոնց գործնական կիրառումն իրատեսական չէ»: Վենետիկի հանձնաժողովի այս միջանկյալ եզրակացության թերեւս ամենակարեւոր դրույթը հետեւյալն է. «Վերոշարադրյալի հիման վրա, ինչպես նաեւ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկությունների առաջին եւ երրորդ (կոալիցիայի եւ ՄԱԿ-ի.- Ա. Ի.) նախագծերը շատ առումներով նման են 2001-ի Սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ հանձնաժողովը գտնում է, որ բարեփոխումների հիմք պետք է դիտել 2001-ի սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ ընդունելուց առաջ որոշ քննարկումներ անցկացնելով դրա շուրջ եւ լրամշակելով վերջինիս դրույթներից մի քանիսը»: Մեր հարցին, թե նման գնահատական կա՞, որ իշխանությունների բաժանման մեխանիզմների առումով՝ ամենահավասարակշռվածը 2001-ին ներկայացված նախագիծն էր, եւ ոչ ներկայիս տարբերակները՝ Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «Երբ հոդված առ հոդված՝ ավելի մանրամասն քննարկվում են փոփոխությունների նախագծերը, այո՛, ասվում է, թե այն մեխանիզմը, որ 2001-ի նախագծում էր բերված՝ լիարժեք է եւ կարող է բավարարել բոլոր պահանջներին: Սակայն, կարծում եմ, կարեւոր է ամբողջ եզրակացությունը եւ ոչ թե դրա ընդամենը մի քանի դրույթները: Մանավանդ որ՝ որոշ դրույթներ ներկայացվել են աղճատված եւ ցանկալի մեկնաբանություններով»: ԱԺ փոխնախագահը նաեւ փոխանցեց, թե հետագայում ինչ է արվելու այս եզրակացության եւ նախագծերի հետ. «ԱԺ կանոնակարգը սահմանում է, որ երեք նախագծերից մեկը պետք է ընդունել հիմք եւ աշխատել դրա վրա: Հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը՝ պետք է փորձել հիմք ընդունած նախագծի այն դրույթների փոխարեն, որոնց առնչությամբ արտահայտված է որոշակի բացասական վերաբերմունք՝ վերականգնել այն մոտեցումները, որոնք կային 2001-ի նախագծում»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031