Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց

Դեկտեմբեր 18,2004 00:00

Հայոց հարցը պայման չէր ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ վերջինիս անդամակցության հետ կապված բանակցությունները կսկսվեն 2005 թ. հոկտեմբերի 3-ին: Այս մասին ԵՄ անդամ 25 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ բանակցություններից հետո հայտարարել է ԵՄ գործող նախագահ, Նիդեռլանդների վարչապետ Յան Պետեր Բալկենենդեն: Բանակցությունների արդյունքում Թուրքիան կարող է դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ, ընդգծել է նա: Դրա հետ մեկտեղ՝ Բալկենենդեն չի բացառել, որ բանակցային գործընթացը կարող է դադարեցվել ցանկացած պահի՝ Բրյուսելի առաջարկած պայմաններին Թուրքիայի չհետեւելու դեպքում: Սկզբնապես Թուրքիային, իբրեւ նախապայման, առաջարկվել է այսօրեւեթ ճանաչել ԵՄ անդամ Կիպրոսի կառավարությունը: Թուրքիան մերժել է այդ կոշտ պահանջը: Ի վերջո, գտնվել է փոխզիջումային տարբերակ: Ըստ այդմ, Եվրամիությունն իր պահանջից չի հրաժարվում, սակայն հետաձգում է դրա կատարման ժամկետը մինչեւ հաջորդ տարվա հոկտեմբերի 3-ը: Նկատենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման պայմանն իր «կարեւորությամբ» խիստ զիջում է Կիպրոսի խնդրին: Այսպես. ըստ Reuters-ի, Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարրոզոն հայտարարել է, որ Եվրամիությունը ոչ մի նոր խոչընդոտ չի հարուցելու պաշտոնական Անկարայի հետ բանակցություններ սկսելու հարցում: Մասնավորապես, խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված Թուրքիայի վրա Եվրամիության գործադրելիք հնարավոր ճնշման մասին՝ նա ասել է. «Մենք չենք կարող նոր քաղաքական պայմաններ առաջադրել, դա ազնիվ չի լինի»: Բարրոզոյի խոսքերով, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պայման չի հանդիսացել բանակցությունները սկսելու համար եւ մոտ ապագայում չի հանդիսանա: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ վերոհիշյալ հարցի վրա տաբու չի դրվել, եւ ապագայում այն կարող է դառնալ քննարկումների առարկա: Իր հերթին, Թուրքիայի վարչապետ Րեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում թուրք լրագրողներին հայտնել է, որ իր երկիրը պատրաստ կլինի բացել Հայաստանի հետ սահմանը, եթե դրական մոտեցում տեսնի Հայաստանի կողմից: «Պատմության մեջ կատարվածը պետք է մնա պատմության գրկում: Մենք պետք է մեր նոր հարաբերությունները կառուցենք խաղաղության պայմաններում: Մենք դրականորեն ենք տրամադրված Հայաստանի նկատմամբ ու նաեւ ցանկանում ենք, որպեսզի հարգվեն ազգային սահմանները: Մենք բացել ենք մեր օդային տարածքը հայկական մասնավոր ավիաընկերությունների համար: Չկան պատճառներ, որոնք թույլ չեն տալիս մեզ բացել նաեւ ցամաքային սահմանը: Սակայն մենք ցանկանում ենք, որպեսզի նմանատիպ դրական մոտեցում ցուցաբերի նաեւ Հայաստանը: Ադրբեջանի կարեւոր մասը շարունակում է օկուպացված մնալ Հայաստանի կողմից, եւ այդ փաստը չի կարելի մոռանալ»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031