Լրահոս
Օրվա լրահոսը

Մա՛հ,

Դեկտեմբեր 18,2004 00:00

Մա՛հ, կամ անդամություն Երեկ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բողոքի ակցիա էր կազմակերպել Թուրքիայի՝ ԵՄ անդամության դեմ: Կազմակերպիչների խորին համոզմամբ, Թուրքիան ո՛չ քաղաքակրթական, ո՛չ քաղաքական, ո՛չ մշակութային իմաստով չի եղել եւ չի կարող լինել եվրոպական ժառանգության կրող, քանի որ չի համապատասխանում մարդու իրավունքների եւ քաղաքական ազատությունների ԵՄ չափանիշներին: Հայ երիտասարդությունը մտահոգված էր նաեւ Թուրքիայում մարդու իրավունքների խախտման աղաղակող փաստերով, խոսքի ազատության սահմանափակումներով եւ սահմանադրությամբ ամրագրված ազգային փոքրամասնությունների նկատմամբ իր անհանդուրժողական վարքով: Հայ երիտասարդները հույս են հայտնում, որ ԵՄ առաջնորդները տուրք չեն տա ժամանակավրեպ եւ րոպեական շահին, Անկարայի առերես եւ սին բարեփոխումներին եւ կկայացնեն ճիշտ որոշում՝ մերժելով Թուրքիայի հետ անդամության բանակցություններն այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան չի ընդունել 1915-1923թթ. իրականացրած Հայոց ցեղասպանությունը: «Նիկոլ Աղբալյան» միության ատենապետ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենք այս քայլով միանում են Բրյուսելի շուրջ 10 հազար հայերին, որոնք այնտեղ նույնպես նմանատիպ ակցիաներ ու երթեր են անում: Երկու օր առաջ էլ ակցիայի կազմակերպիչները նամակներ են ուղարկել Հայաստանում հավատարմագրված ԵՄ բոլոր դեսպանատներին: Ակցիային էր միացել նաեւ ԵՊՀ ուսանողական խորհուրդը: ՈՒԽ նորընտիր նախագահ Միհրան Հակոբյանը, որը նաեւ մասնագիտությամբ քաղաքագետ է, ասաց. «Քանի որ մենք Թուրքիայի հարեւաններն ենք, մենք էլ պահանջատեր ենք, ու եթե Թուրքիան, առանց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, այդ հարցը առանց վերաիմաստավորելու, վերաարժեւորելու ընդունվի ԵՄ շարքերը, ուրեմն անդամ պետություններն էլ կստանձնեն մարդկության դեմ այդ ծանրագույն հանցագործության պատասխանատվությունը, մեղսակից կդառնան հանցավորին»: Թեեւ ակցիայի կազմակերպիչները հավաստիացրին, որ իրենք այս հավաքի մասին տեղյակ են պահել նաեւ այլ բուհերի՝ հատկապես Բժշկական եւ Բրյուսովի անվան համալսարանների ՈՒԽ նախագահներին, բայց համընդհանուր բողոքի ակցիային այլ բուհերի ուսանողներ չմասնակցեցին: Հավաքված ուսանողության մոտ 50-60 հոգանոց բանակը Ռադիոտան մոտից դրոշներով, Թուրքիայի դեմ կոչերով ուղեւորվեց Եվրամիության գրասենյակ, որտեղ ոչ ոք որեւէ նշանակություն ու արձագանք չտվեց այդ հավաքին, միայն աշխատակիցներից մեկը, առանց դուռը բացելու, դարպասների ճաղերի արանքից արհամարհանքով վերցրեց հայտարարության տեքստն ու գնաց: Իսկ մինչ այդ՝ ակտիվ մասնակիցներից մի քանիսը, բարձրանալով ԵՄ շենքի մոտ տեղակայված էլեկտրասյունին, առանց վախենալու հոսանքահարվելու վտանգից, սկսեցին հենց էլեկտրալարերին փաթաթել Թուրքիայի դրոշի նկարները, իսկ երբ զգուշացրին վտանգի մասին, ասացին. «Տո ջհանդամ, կմեռնենք, բայց թույլ չենք տա, որ Թուրքիան մտնի ԵՄ շարքերը: Ո՛չ Թուրքիային, ո՛չ ոճրագործներին»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031