Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ

Հունվար 18,2005 00:00

ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԽՈՒՃԱՊ Է ՍԿՍՎԵԼ Պատճառը «Պարզեցված հարկի մասին» օրենքի վերջին փոփոխություններն են Դրանք կիրառության մեջ են մտել այս տարվա հունվարի 1-ից, սակայն խուճապի առաջին արձագանքների մասին տեղեկացանք ամանորյա տոներից հետո, երբ հարկային տեսուչները սկսեցին «լայն մասշտաբով սանրել» միջին եւ մեծ առեւտրի կետերն ու սպասարկման օբյեկտները: Փոփոխություններից մեկով սահմանվում է, որ եթե նախկինում պարզեցված հարկային դաշտում «տեղավորվում» էր այն կազմակերպությունը, որի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա արդյունքով չէր գերազանցել 50 մլն դրամը, ապա այժմ ընթացիկ տարվա որ ժամանակահատվածում ապրանքաշրջանառությունը գերազանցեց այդ թիվը, կազմակերպությունը դուրս է գալիս պարզեցված հարկային դաշտից: Դա նշանակում է, որ եթե, օրինակ, խոշոր սուպերմարքեթը կարող էր նախկինում տարեկան հաշվեկշռով իր ապրանքաշրջանառությունը սահմանափակել 50 մլն դրամի մեջ եւ վճարել եռամսյակային շրջանառության 3%-ի չափով հարկ, իսկ սպասարկման եւ արտադրության ոլորտները՝ 5%, ապա այժմ հարկային տեսուչների մշտական հսկողությամբ գործը հաշվեկշռում թվեր սարքելուն չի հասնի եւ սեփականատերերը ստիպված կլինեն 50 մլն-ն գերազանցելուց հետո վճարել եկամտահարկ, ԱԱՀ եւ այլն: Իհարկե, միամիտ կլինի կարծել, թե դրանից մինչ այդ անտեղյակ էին հարկայինները: Մեկ այլ փոփոխությամբ, եթե մինչ այդ խանութներում, սպասարկման եւ այլ օբյեկտներում չէր սահմանափակվում մնացորդային ապրանքի ձեռքբերումը, ապա այժմ ստուգման պահին մնացորդային ապրանքի չափը չպետք է գերազանցի 15 մլն դրամը: Ըստ հարկային պաշտոնյաների, դրանից ավելի մնացորդ ունեցող կազմակերպության տարեկան շրջանառությունը մեծ կլինի 50 մլն-ից: Ավելի հստակ, եթե խանութը տարվա ընթացքում, ցանկացած պահի ունեցել է 15 մլն դրամից ավելի ապրանք, ուրեմն նա հարկայիններից թաքցրել է ապրանքաշրջանառության իրական ծավալը, որպեսզի վճարի պարզեցված հարկով: Արդյունքում՝ Ամանորից հետո խանութները սկսել են մատակարարներին վերադարձնել դժվար վաճառվող եւ համեմատաբար թանկարժեք ապրանքատեսակները: Ընդ որում, վերադարձնում են նույնիսկ այն դեպքում, երբ արդեն վճարել են դրա դիմաց: Նկատենք, որ մատակարարները ապրանքը հիմնականում հանձնում են ապառիկ: Քանի որ երեւույթը համատարած է, ուստի մատակարարները ստիպված են ենթարկվել խանութատերերի պահանջին՝ շուկայում իրենց գործընկերոջը չկորցնելու համար: Ճիշտ է, օրենքի փոփոխությունները միտված են նրան, որ մեծ եւ միջին բիզնեսի համար սահմանափակվի մուտքը պարզեցված հարկային դաշտ եւ որ պարզեցվածը մնա միայն փոքր գործարարության համար: Սակայն, ինչպես միշտ է լինում, այս հարցում էլ «լեզու կգտնեն» հարկայիններն ու գործարարները: Ստացվում է, որ տուժելու են մատակարարները, որոնք որեւէ մեղք չունեն ապրանքաշրջանառության թաքցված ծավալի համար: Այնինչ, առաքիչները (նույն մատակարարները) աշխատավարձ ստանում են իրացված ապրանքի ծավալի որոշակի տոկոսով: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Հ. Գ. Թե նախագահ Քոչարյանի՝ ստվերային տնտեսության դեմ պայքարի նպատակով հարկահավաքներին տված հանձնարարությունն ուրիշ ի՞նչ դրսեւորումներ է ունենում բիզնեսի վրա, կներկայացնենք առաջիկա համարներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել