Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԼԻՆԻ՞

Փետրվար 09,2005 00:00

ԿԼԻՆԻ՞ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ Աթենքի օլիմպիական խաղերից հետո Հայաստանի ծանրորդների հասցեին քննադատության հեղեղ թափվեց: Հետեւանքը եղավ այն, որ դեռեւս խաղերից առաջ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին հրաժեշտ տված Օգսեն Միրզոյանը հրաժարվեց իր թեկնածությունը դնել նաեւ ֆեդերացիայի նախագահի ընտրություններում: Մարզաձեւի մասնագետները հիմա մեր ընտրանու ղեկը վստահել են ՀՀ վաստակավոր մարզիչ Ռոբերտ Հովհաննիսյանին, որը աճեցրել է Սիդնեյի օլիմպիական խաղերի մեր միակ մեդալակիր (բրոնզե) Արսեն Մելիքյանին: Ըստ ամենայնի, հաշվի առնելով անցյալի սխալներն ու բացթողումները, ծանրամարտի պատասխանատուները պետք է որ այսուհետեւ աշխատեն ավելի միասնական, սատարեն իրենց իսկ ընտրած գործընկերոջը, նրա հետ միասին կիսեն ձեռքբերումները, հավասարաչափ պատասխան տան, Աստված մի արասցե, ձախողումների համար, քանի որ ըստ օրենքի ուժ ունեցող ու արդեն որքան ժամանակ գործող կարգի, բոլոր ծրագրերը հաստատվում են մարզչական խորհրդում եւ վավերացվում ֆեդերացիայի նախագահի կնիքով ու ստորագրությամբ: Երեկ պետք է կայանար ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունը, բայց սպորտպետկոմի լրատվական բաժնից տեղեկացրին, որ այն անորոշ ժամանակով հետաձգվել է: Իսկ մինչ այդ մեր աշխատակիցը զրուցել էր հավաքականի նորընտիր գլխավոր մարզիչ Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: – Այս պահին ինչո՞վ են զբաղված հավաքականի թեկնածուները եւ ի՞նչ ծրագրեր եք նախանշել մրցաշրջան-2005-ում: – Փետրվարի 6-ից ուսումնամարզական հավաք ենք անցկացնելու Արարատ քաղաքի «Այգ» մարզահամալիրում: Նախապատրաստվում ենք ապրիլի 18-25-ը Բուլղարիայում կայանալիք մեր առաջին լուրջ քննությանը՝ Եվրոպայի առաջնությանը: Հրավիրել ենք 15 ծանրորդի: Մարտի 5-8-ը նախատեսել ենք անցկացնել հանրապետության առաջնություն, որից հետո թեկնածուների թիվը կնվազի հինգով: Մյուս 10-ը կրկին կվերադառնան «Այգ»: Սակայն Բուլղարիա կմեկնի միայն ութ ծանրորդ: Եվրոպայից առաջ ցանկանում ենք հավաքը շարունակել ծովափնյա որեւէ քաղաքում: – Դա նո՞ր ռազմավարություն է: Նախորդ տարիներին հավաքականի մարզիչները գերադասում էին Հայաստանից դուրս չգալ: – Իմ կարծիքով մշտապես նույն տեղում մնալը ձանձրացնում է մարզիկին: Բացի դա, տանը մոտ լինելով, ծանրորդը չի կարողանում ամբողջովին կենտրոնանալ ու լիարժեք մարզվել: Տնից հեռու գտնվելը, կարծում եմ, մարզիկին կհարկադրի կտրվել կողմնակի մտքերից ու կմտածի միայն ծանրաձող բարձրացնելու մասին: – Աշխարհի առաջնությունն այս տարի ե՞րբ է լինելու: – Սեպտեմբեր ամսին՝ Քաթարում: – Հավաքականում սերնդափոխություն լինելո՞ւ է: – Ծանրորդների միջին տարիքը մոտ 24 է: Բայց ես առայժմ ավելի շատ հենվելու եմ մեծահասակների վրա, քանի որ նրանք ներկայումս ավելի ուժեղ են: – Իսկ երիտասարդնե՞րը: – Նրանք անպայման մասնակցելու են իրենց տարիքային խմբերի՝ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին: Դա փորձի կուտակման լավ դպրոց է հետագայում ազգային հավաքականի շարքերը համալրելու, իրենց արժանի տեղը զբաղեցնելու ճանապարհին: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել