Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Մարտ 30,2005 00:00

ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻ
ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ «Արդարության» պատգամավորները երեկ մասնակցեցին
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր: Կարգավորման ուղիներ» թեմայով լսումներին, իսկ Ալբերտ
Բազեյանը, Ստեփան Զաքարյանը, Շավարշ Քոչարյանն ու Հրանտ Խաչատրյանը նաեւ հանդես եկան
զեկույցներով: Այնուամենայնիվ, լսումների սկզբում տեղի ունեցավ մի միջադեպ, որն ստիպեց
«Արդարության» քարտուղար Վիկտոր Դալլաքյանին դուռն ուժգին շրխկացնելով հեռանալ նիստերի
դահլիճից: Նա հիշեցրեց, որ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահն
է ներկայացնում Հայաստանը միջազգային հարաբերություններում եւ իրականացնում «արտաքին
քաղաքականության ընդհանուր ղեկավարում»: Եվ հետաքրքրվեց, թե արդյոք այդ քաղաքականության
պատասխանատուն՝ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվե՞լ է լսումներին, թե՞ ոչ: Նաեւ փորձեց պարզել,
թե ինչո՞ւ է լսումների կազմակերպիչը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սահմանել
այնպիսի ընթացակարգ, ըստ որի՝ հիմնական զեկուցողներին հարցեր կարող են տրվել միայն
գրավոր: Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ի պատասխան ասաց, թե լսումների հարցը
մի քանի անգամ քննարկել են Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ նպատակահարմար է համարվել, որ
պաշտոնական տեսակետները ներկայացնեն Վարդան Օսկանյանն ու Սերժ Սարգսյանը: «Արդարության»
քարտուղարն առաջարկեց արձանագրել քաղաքական այն փաստը, որ 1998-ից ի վեր «Ռոբերտ
Քոչարյանը որեւէ անգամ չի բարեհաճել գալ խորհրդարան եւ ներկայացնել իր տեսակետը»:
Գրավոր հարցերը պրն Ռուստամյանը հիմնավորեց այն փաստարկով, որ հասցնեն լսել
նախատեսված 70-ից ավելի զեկույցները: Ինչին արձագանքելով՝ պրն Դալլաքյանը հայտարարեց,
թե չի ցանկանում ժամանակ խնայել՝ լսելու այնպիսի անհայտ մարդկանց ելույթներ, ինչպիսիք,
ասենք, Համատիրությունների նախագահների ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Գրիգորյանինն
է (ի հավելումն նշենք, որ այսօր զեկույցով հանդես է գալու նաեւ «Հայլուրի» թղթակից
Հայկարամ Նահապետյանը): Սրան ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը
հայտարարեց, թե Վիկտոր Դալլաքյանը կապ չի ունեցել Ղարաբաղյան շարժման հետ, դրա համար
էլ չի ճանաչում այդ մարդկանց: Վերջինս դուրս եկավ դահլիճից, իսկ հետո «Առավոտին»
ասաց. «Նման ընթացակարգով լսումներ կազմակերպելը ցույց է տալիս, որ ԱԺ-ն դարձել է
3-րդական կարգի ինստիտուտ… Սա արհամարհական վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ»:
Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել