Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈ՞ՒՆ Է, ԹԵ՞ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հունիս 04,2005 00:00

Սխալ հայտարարությունը պատճառ չէ՞, որ
աճուրդը կրկնվի 2004 թ. հուլիսի 31-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթում
տպագրվել է Ավան համայնքում հողի վաճառքի մասին աճուրդի հայտարարություն, բայց իրականում
այդ հողը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքում: «Ավանի հողերի ցանկում ընդգրկելը
պարզապես թյուրիմացություն է, այդտեղ ոչ մի միտում չի եղել, ընդամենը վրիպակ է: Շատ
անգամ մեր աշխատակիցներն աճուրդի արդեն պատրաստ հայտարարության տեքստի վրա մեկ այլ
աճուրդի տեքստ են պատրաստում եւ պատահում է, որ հասցեն սխալ է գնում»,- արդարացավ
Երեւանի քաղաքապետարանի ՃՔ վարչության պետի տեղակալ Ա. Լալայանցը: Սակայն «տեխնիկական
վրիպակով» այս հայտարարությունը թյուրիմացության մեջ է գցել Քանաքեռ-Զեյթուն համայնքի
Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 151/ 4 շենքի բնակիչ Սուրեն Եղյանին եւ եւս չորս ընտանիքների,
որոնք չեն ենթադրել, որ հայտարարությունն իրենց հողամասերին է առնչվում: Այս ընտանիքները
մոտ մեկ տարի է պայքարում են Թբիլիսյան խճուղուն հարող տարածքում գտնվող իրենց խնամած
արդեն 17 տարվա պտղատու այգիները փրկելու համար: Բնակիչների ստեղծած այգիները քաղաքապետարանը
աճուրդով վաճառել է «Տիգրան» ՍՊԸ-ին՝ ավտոտեխսպասարկման կետ կառուցելու նպատակով՝
3500 քմ: Բնակիչների խոսքերով՝ բացի այն, որ աճուրդը կայացել է վրիպակով հայտարարության
արդյունքում, եւ այգու տերերին նախապատվություն չի տրվել, այգին աճուրդի է հանվել
որպես բանջարանոցային տարածք. «15-17 տարեկան մոտ 500 պտղատու ծառեր կան մեր տարածքում»,-
բողոքում են այգիները ստեղծողները: Մեր հարցին, թե աճուրդի հայտարարությունում այգու
փոխարեն «բանջարանոց» բառը կիրառե՞լն էլ «տեխնիկական վրիպակ» է, Ա. Լալայանցը պատասխանեց.
«Տնտեսական նպատակներով օգտագործվող ցանկացած ցանկապատված տարածք համարվում է բանջարանոցային,
անկախ նրանից՝ այդտեղ պոմիդոր է աճում, թե՝ ծառ: Գյուղատնտեսությունը քաղաքին հարիր
չէ: Քաղաքը բանջարանոց կամ պտղատու այգիներ ստեղծելու համար չէ, այլ` քաղաքաշինության:
Նշյալ տարածքը պետական սեփականություն հանդիսացող հողամաս է: Այն չեն կարող օգտագործել
որպես այգի, այլ պետք է աճուրդի հանել միայն կառուցապատման նպատակով: Այս դեպքում
նախապատվության իրավունքը չի գործում, քանի որ այդ տարածքը կառուցապատումից հետո
նույն տեսքը չի ունենալու: Դա կնշանակի, որ այն արդեն ուրիշ տարածք է: Իսկ կառուցապատման
նպատակով օգտագործելու համար մենք պարբերաբար աճուրդներ ենք հայտարարում: Իրենք բոլոր
ՀՀ քաղաքացիների նման կարող են տեղեկանալ աճուրդի մասին, գալ ու մասնակցել. ոչ մի
սահմանափակում չկա»: Անհասկանալի է, բնակիչներն ինչպե՞ս պետք է ենթադրեն կամ գուշակեն,
թե որ հասցեի աճուրդի մասին է հայտարարությունը, եթե դրանք տպագրվում են «տեխնիկական
թերություններով»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆwww.hetq.amՀետաքրքիր
է, ինչո՞ւ Ավանի համայնքում հող գնելու նպատակով աճուրդին մասնակցած «Տիգրան» ՍՊԸ-ն
անակնկալի չի եկել եւ նույն պատրաստակամությամբ «մրցել» է Քանաքեռ-Զեյթունի հողի
համար, ուրեմն «թյուրիմացությունը» կանխամտածված դիտավորությո՞ւն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել