Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՌԱԿԱՆ

Հունիս 24,2005 00:00

ՍԵՌԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈ՞ՒՄ ՈՒՍԱՆՈՂՈՒՀՈՒ ՀԱՆԴԵՊ Պոլիտեխնիկի դասախոսներն իրար վրա «գործ են տալիս» Վերջերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բողոքներ է ստացել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) մի շարք ուսանողներից եւ դասախոսներից: Ըստ բողոքողների, ուսումնական երկու կիսամյակ սեռական հետապնդման ենթարկվելուց հետո, ի վերջո, համալսարանի Էներգետիկայի դեպարտամենտի (ԷԴ) Է206-2 խմբի ուսանողուհու նյարդերը չեն դիմանում եւ դասի ընթացքում 72-ամյա դասախոս Վարոս Խաչատրյանի հերթական անպարկեշտ արարքից հետո ուսանողուհին փորձում է նրան կարգի հրավիրել։ Վ. Խաչատրյանը ներողություն խնդրելու փոխարեն ընտրում է հարձակողական մարտավարություն: Հետագա գործողություններում թատերաբեմ է նետում հարազատ որդուն՝ նույն ՀՊՃՀ ասիստենտ Կարեն Խաչատրյանին։ Վերջինս փորձում է ահաբեկել ոչ միայն ուսանողուհուն, այլեւ իր եւ հոր դասավանդած մի շարք խմբերի ուսանողների։ Մեր ձեռքի տակ կա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի՝ 06.05.05թ. նամակը՝ ուղղված բուհի ռեկտորին, որում մասնավորապես ասվում է. «Ուսանողուհի Ք. Դ.-ի կողմից ինձ հասցեագրված դիմումի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ Ձեր հրամանի համաձայն ուսանողուհի Ք. Դ.-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար դասախոս Վ. Խաչատրյանին հայտարարվել է խիստ նկատողություն եւ դադարեցվել է Վ. Խաչատրյանի դասավանդման գործընթացը Է-206-2 խմբում: Սակայն Ք. Դ.-ն անհանգստացած է, որ հարցի նման լուծումը թերի է, եւ այլ ուսանողներ են հանձնվում բախտի քմահաճույքին»: Մարդու իրավունքների պաշտպանը, ուսումնասիրելով գործին առնչվող նյութերը, գտնում է, որ «Վ. Խաչատրյանի կողմից դրսեւորած վարքագիծն իր մեջ պարունակում է սեռական հետապնդման հատկանիշներ»: Լ. Ալավերդյանը, վկայակոչելով Աշխատանքային օրենսգրքի 280 հոդվածը (աշխատանքային պայմանագիրը կարող է դադարեցվել դաստիարակչական ֆունկցիաներ կատարող աշխատողի կողմից տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի անբարոյական արարք թույլ տալու դեպքում), նշում է, որ սա հենց այն դեպքն է, երբ «անհրաժեշտ է դրսեւորել առավել խիստ մոտեցում, եւ օգտվել վերոնշյալ հոդվածի հնարավորությունից»: Մինչ օրս, սակայն, բուհի ղեկավարությունը վճռական քայլերի չի դիմել: Իսկ ուսանողների բողոքն այսքանով չի սահմանափակվում: Էներգետիկական դեպարտամենտի Է106-1դ, Է106-2, Է206-1դ եւ Է206-2 խմբերի ուսանողները դիմումներ են հղում ռեկտորատ՝ խնդրելով Կարեն Խաչատրյանին զրկել իրենց խմբերին դասավանդելու իրավունքից։ Դիմումներում նշվող հիմնավորումներն են՝ ասիստենտի անբավարար, թերի գիտելիքները, ուսանողների հանդեպ ցուցաբերած հակամանկավարժական արարքները: Խմբագրությունն ունի բոլոր համապատասխան փաստաթղթերը: Նշված խմբերի 02.04.05թ., 07.04.05թ., 15.04.05թ. թվագրվող դիմումների հիման վրա ռեկտորատը հանձնաժողովներ է կազմել եւ դասալսումներ անցկացրել Կ. Խաչատրյանի դասաժամերին եւ զեկուցագրեր ներկայացրել առ այն, որ ուսանողների դիմում-բողոքներում նշված փաստերը համապատասխանում են իրականությանը։ Ռեկտորատը հայր եւ որդի Խաչատրյաններին զրկում է որոշ խմբերում դասավանդելու հնարավորությունից։ Կարեն Խաչատրյանն իր հերթին դիմումներ է հղում պետական բարձր ատյաններին, այդ թվում՝ ոստիկանություն։ Նա վերջերս դիմել է նաեւ «Առավոտի» խմբագրություն՝ բողոքելով, որ բուհի դասախոսական կազմը խոչընդոտում է իր դոկտորական թեզի պաշտպանությանը, որ ուսանողներն իրեն չեն ենթարկվում: Մյուս կողմից էլ՝ ԷԴ Էլեկտրաէներգետիկայի ամբիոնի վարիչ Էդուարդ Սարգսյանը մեզ հետ զրույցում վկայում է, որ կան տարբեր տարիներին գրված երեք միանման պատճենահանված դիպլոմային աշխատանքներ, որոնցում կարծիքները ստորագրված են ղեկավարներ Խաչատրյանների կողմից։ «Փաստերը վկայում են, որ պատճենահանման նախաձեռնողներն իրենք են, այլապես միանման այդ դիպլոմային աշխատանքները տեսնելով՝ Խաչատրյանները, սովորույթի համաձայն, կդիմեին ռեկտորատ կամ իրավապահ մարմիններին»։ ՎԱՂԻՆԱԿ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930